Ստալինյան ժամանակաշրջանում բազմաթիվ լավ բաներ են ստեղծվել, ասել է Ստաս Նամինը - Mediamax.am

6281 դիտում

Ստալինյան ժամանակաշրջանում բազմաթիվ լավ բաներ են ստեղծվել, ասել է Ստաս Նամինը


Ստաս Նամինը
Ստաս Նամինը

Լուսանկարը` http://www.watchrussia.com


Երեւան: Մեդիամաքս: Անաստաս Միկոյանի թոռը՝ երաժիշտ Ստաս Նամինը, կարծում է, որ «ինչպիսին էլ լիներ ստալինյան ռեժիմը, այդ ժամանակ բազմաթիվ լավ բաներ են ստեղծվել՝ սկսած արդյունաբերությունից, մինչեւ թռիչք տիեզերք»:

Ստաս Նամինն այդ մասին ասել է Watch Russia ամսագրի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հակասություն չի տեսնում նրանում, որ իր պապը եղել է խորհրդային համակարգին հավատարմության խորհրդանիշ, իսկ ինքը, լինելով ռոք-երաժիշտ, հակամարտության մեջ է եղել նույն համակարգի հետ:

 

«Մենք ոչինչ չգիտենք այն ժամանակվա եւ իշխող վերնախավի ներքին հարաբերությունների մասին: Դիտելով «Գորշ գայլեր» ֆիլմը՝ կարելի է մտածել, որ Քաղբյուրոյի բոլոր անդամները հիմարներ են եղել: Սակայն իրականում դա այդպես չէ: Ինչպիսին էլ լիներ ստալինյան ռեժիմը, այդ ժամանակ բազմաթիվ լավ բաներ են ստեղծվել՝ սկսած արդյունաբերությունից, մինչեւ թռիչք տիեզերք: Ես անձամբ ճանաչում էի Բերիայի որդուն՝ Սերգոյին, նա տաղանդավոր անձնավորություն էր, գործարանի ղեկավար: Վերջին մի քանի տարվա ընթացքում երկրից 10 միլիոն մարդ է հեռացել, նույն թվով մարդկանց Ստալինը ճամբարներ էր ուղարկել», - ասել է Ստաս Նամինը:

 

Նա խոստովանել է, որ «չի հետաքրքրվում ոչ քաղաքականությամբ, ոչ սոցիալական կյանքով, ոչ էլ շրջակա միջավայրով»:

 

«Ես կյանքում ոչ մի անգամ չեմ քվեարկել եւ ընդգրկված չեմ եղել որեւէ կուսակցությունում: Չունեմ կեղծ մարդասիրական մղումներ: Մարդկանց շատ ընտրողաբար եմ սիրում: Ալերգիկ եմ երկու մարդուց ավել ցանկացած հավաքների նկատմամբ: Այդ առումով ես վտարանդի եմ»,- ասել է Ստաս Նամինը: 

 

«Փոքր տարիքում մայրս ինձ տարել է Հայաստան, եւ ինձ մոտ շատ լավ տպավորություններ են պահպանվել: Այդ ժամանակ ես ծանոթացել եմ Մարտիրոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի հետ. նրանք բոլորը մեր ընտանիքի բարեկամներն են եղել: Ի դեպ, Բաբաջանյանը եղել է իմ առաջին ուսուցիչը: Իսկ Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունները չստացվեցին. երբ հասուն տարիքում ես այնտեղ մեկնեցի «Цветы» խմբի հետ, ՊԱԿ-ը հեռագիր ուղարկեց Մոսկվա այն մասին, որ ես «ապականում» եմ հայ երիտասարդությանը, եւ ինձ բառացիորեն վռնդեցին: Դրանից հետո երկար ժամանակ այնտեղ չէի գնում: Եվ ահա վերջերս իմ ընկեր Ռուբեն Վարդանյանն առաջարկեց Հայաստանում իր հետ շրջել ավտոմեքենայով: Հետս տարա նաեւ որդուս (նա 20 տարեկան է, Նյու-Յորքում ռեժիսուրա է սովորում Ռոբերտ Դե Նիրոյի մոտ): Եվ ահա այդպիսի հիանալի ընկերակցությամբ երեք օրվա ընթացքում անցանք 2500 կիլոմետր: Այցելեցինք հին վանքեր՝ Ղարաբաղից մինչեւ Սանահին: Բացարձակ նորովի զգացի այդ երկիրը, իսկ որդիս առհասարակ առաջին անգամ գիտակցեց, որ ինքը հայ է, մեծ ծավալի տեսանյութեր նկարահանեց՝ ֆիլմ պատրաստելու նպատակով: Իսկ ինձ հաջողվեց նկարել Արարատը, որը մեր առջեւ բացվում էր ինչ-որ անսպասելի անկյուններից, ինչպես նաեւ խաղողի այգիներ», - ասել է Ստաս Նամինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին