[Շարժում 1988/25]. Ալեքսան Հակոբյան` «Ղարաբաղ» կոմիտեն երեք մեծ ուժերի միացման արդյունք էր - Mediamax.am

exclusive
26196 դիտում

[Շարժում 1988/25]. Ալեքսան Հակոբյան` «Ղարաբաղ» կոմիտեն երեք մեծ ուժերի միացման արդյունք էր

Նրա պաշտոնավարման տարիներին շրջանում վերաբնակեցվել են 106 բնակավայրեր, վերականգնվել ու բացվել են 54 դպրոցներ, Բերձոր քաղաքում կառուցվել է Սբ. Համբարձման եկեղեցին, Աղավնո գյուղում՝ Սրբոց նահատակացը, վերականգնվել է Ծիծեռնավանքը:

Ալեքսան Հակոբյանը
Ալեքսան Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Մանուչարյանը, Վանո Սիրադեղյանը եւ Ալեքսան Հակոբյանը:
Աշոտ Մանուչարյանը, Վանո Սիրադեղյանը եւ Ալեքսան Հակոբյանը:

Լուսանկարը` Photolure

Ալեքսան Հակոբյանը
Ալեքսան Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Զ. Տոնապետյանի արխիվից:

Լուսանկարը` Զ. Տոնապետյանի արխիվից:


Ալեքսան Հակոբյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից մեկը: 1993-2004 թթ. նա Հայաստանն ու Արցախը միացնող ԼՂՀ Քաշաթաղի վարչական շրջանի (նախկին՝ Լաչինի) ղեկավարն էր:

 

Նրա պաշտոնավարման տարիներին շրջանում վերաբնակեցվել են 106 բնակավայրեր, վերականգնվել ու բացվել են 54 դպրոցներ, Բերձոր քաղաքում կառուցվել է Սբ. Համբարձման եկեղեցին, Աղավնո գյուղում՝ Սրբոց նահատակացը, վերականգնվել է Ծիծեռնավանքը:

 

Այժմ Ալեքսան Հակոբյանը ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելքի բաժնի վարիչն է եւ զբաղվում է գիտական գործունեությամբ:

 

Ղարաբաղյան շարժման տարիներին եւ դրանից առաջ էլ ես զբաղվել եմ այդ շրջաններով: Պետերբուրգում ասպիրանտուրան ավարտած պատմաբան եմ, եւ իմ թեման եղել է նաեւ Ղարաբաղը: Կովկասյան Աղվանքի մասնագետ եմ, որի հետ Ղարաբաղի թեման սերտ կապ ունի:

 

Աշոտ Մանուչարյանը, Վանո Սիրադեղյանը եւ Ալեքսան ՀակոբյանըԼուսանկարը` Ֆոտոլուր

 

1990-1991 թթ. Գետաշենի ենթաշրջանի պաշտպանության պատասխանատուն էի, նաեւ  փախստականների տեղավորման հարցերով էի զբաղվում: Երբ 1990թ. հունվարին բնակեցրինք Նախիջեւանի Քյարքի գյուղը, ապահովագրեցինք Զանգեզուրի ճանապարհը:

 

Քանի որ փախստականներին տեղավորելու փորձ ունեի եւ Արցախի խնդիրներին քաջածանոթ էի, ինձ նշանակեցին Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար (դա Հրանտ Բագրատյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումն էր):

 

«Չուղարկված նամակները»

 

Այսօր ես, ըստ էության, քաղաքականությամբ չեմ զբաղվում: Հատկապես ինձ նման մարդկանց համար Ղարաբաղյան շարժման մասին հիշելը կամ գրելը շատ բարդ է: Միեւնույն ժամանակ, շարժման մասին անհրաժեշտ է ճշմարիտ խոսք՝ այդ օրերին տիրող մթնոլորտը պատկերացնելու եւ դրա վերադարձը ցանկանալու համար:

 

Տարիներ են անցել, եւ հասարակական մթնոլորտն էապես փոխվել է, ավելի շատ` դեպի բացասականը: Շարժումից հետո ականատեսը դարձանք ցավագին փոփոխությունների, ամենամեծը տեղի ունեցավ 1999թ. հոկտեմբերի 27-ին: Եվ այդ փոփոխություններն են պատճառը, որ  Ղարաբաղյան շարժումը եւ «Ղարաբաղ» կոմիտեն հաճախ ներկայացվում են սխալ լույսի ներքո:

 

Համբարձում Գալստյանն իր բանտային հուշերը՝ «Չուղարկված նամակները», գրեց այն ժամանակ, երբ շարժումը նոր էր ավարտվել, այսինքն՝ հաղթանակել: Քիչ նյութեր կան, որ ներկայացնում են այդ ժամանակաշրջանի ճշմարիտ շունչը, դրանցից մեկը եւ, թերեւս, միակն իր ձեւաչափով Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գիրքն է:

 

Համբարձումը 1990-91 թթ. հասցրեց ամփոփել ու խմբագրել այդ բանտային հուշերը, եւ դրանց անմիջականությունը ոչ մի բանով խաթարված չէ։ Երկու տարի անց, երբ նա փորձեց ամփոփել իր հուշերը բուն Արցախյան շարժման մասին («Անլուրջ մարդու հուշերը», անավարտ), հենց ինքն էլ նախաբանում խոստովանեց, թե որքան դժվար էր գրելը։

 

Լուսանկարը` Զ. Տոնապետյանի արխիվից

 

Ժամանակի ոգին վերարտադրելու համար անհրաժեշտ էր այնպիսի պահ, երբ կոմիտեի ներսում բացասական երեւույթներ տեղ չէին գտել: Միեւնույն ժամանակ, այդ բացասական երեւույթները չէին կարող չլինել, քանի որ ծանր ժամանակաշրջանում էինք ապրում. պատերազմական վիճակում էինք գտնվում եւ պարտավոր էինք այդ պայմաններում դիմանալ նաեւ հին տնտեսաձեւի հիվանդագին փոփոխությանը:

 

Պետության միջոցների մեծ մասն ուղղվում էր Արցախին եւ պատերազմին, սկսվել էր բլոկադան, Հայաստանի տնտեսությունը փլուզվում էր, ինչպես սովոր ենք ասել` «մութ եւ ցուրտ տարիներն» էին: Հասարակական հոգեբանության մեջ այս ամենը մեծ ցնցումների հանգեցրեց: 1994թ. մայիսին պատերազմն ավարտվեց, բայց պատերազմի շունչը, փաստորեն, դեռ երկար ժամանակ զգացվում էր…

 

70-ականների երկրորդ կեսի «Համալսարանական հեղափոխության» մասին

 

Համբարձումի հետ համակուրսեցիներ էինք ԵՊՀ Պատմության ֆակուլտետում: Բայց նաեւ մինչեւ համալսարան ընդունվելը ծանոթ էինք, քանի որ ապրում էինք նույն շրջանում եւ հաճախում էինք մեր Պիոներական պալատում գործող բարձր դասարանցիների «Բողբոջ» ակումբը:

 

Մեր կուրսը հեղափոխական էր: Մյուս ֆակուլտետներում եւս կային նմանատիպ ուսանողներ, եւ այդ տրամադրությունները հանգեցրին «համալսարանական հեղափոխության»: Ամեն ինչ սկսվեց 1976 թ.աշնանը եւ ավարտվեց 1978-ին, երբ Կենտկոմի եւ Քաղկոմի ուժերով «խաղաղեցրին» մեր շարժումը, կամ, պարզ ասած՝ ջախջախեցին: Մեր համալսարանական շարժման մասնակիցները 10 տարի հետո պետք է դառնային Ղարաբաղյան շարժման նախաձեռնողները:

 

Հեղափոխական տրամադրվածություն ունեցող ուսանողներս փորձում էինք կառուցել «ազնիվ կոմունիզմ»: Մենք կարծում էինք, որ մեր ժամանակներում հնարավոր «եվրոկոմունիզմից» շատ է հեռու Բրեժնեւյան կոմունիզմը: Մեր կուռքերն էին Վիկտոր Խարան եւ Չե Գեւարան: 1978թ. ԵՊՀ բոլոր կոմերիտական կազմակերպությունների ընտրություններում հաղթեցինք մենք, եւ ոչ թե քաղկոմի կադրերը:

 

Այդ աշնանը մենք ինքներս ընտրեցինք համալսարանի կոմերիտմիության քարտուղարին. ԽՍՀՄ ողջ տարածքում նման դեպք չէր արձանագրվել: Կոնֆերանսի ժամանակ առաջին քարտուղար ընտրվեց Աշոտ Մանուչարյանը, երկրորդ քարտուղար` Աշոտ Բլեյանը, երրորդ քարտուղար` Համբարձում Գալստյանը: Հետո «ջարդ ու խուրդ» էինք անում կոմունիստական նոմենկլատուրան, որն այսօրվա նոմենկլատուրային իր բացասական գծերով չէր զիջում:

 

Հետագայում պարտությունն օգնեց մեզ հասկանալու, որ ճիշտ կոմունիզմ կառուցելով չէ, որ հասարակությունը պետք է փոխվի դեպի լավը, եւ դարձանք հիմնականում լիբերալ հայացքների հետեւորդներ: Ընդունեցինք քրիստոնեական հումանիզմի կարեւորությունն` իբրեւ գաղափարախոսության, հասկացանք նաեւ ժողովրդավարության դրական կողմերը, այսինքն՝ վերածվեցինք հակակոմունիստների:

 

Ինչպիսի՞ տարրերից էր բաղկացած Շարժումը

 

Ղարաբաղյան շարժման երեք բաղկացուցիչներից մեկը համալսարանական ժողովրդավար-հեղափոխականների սերունդն էր: Երկրորդ բաղկացուցիչը ժողովրդավար-ազգայնականներն էին` Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան, Դավիթ Վարդանյան, Լեւոն Տեր-Պետրոսյան  եւ այլոք: Նրանք նույնպես Հայաստանի ապագան կապում էին ժողովրդավարության հետ:

 

Ազգայնականների խումբը համալսարանում եւ դրսում ձեւավորվել էր դեռեւս 60-ական թվականների երկրորդ կեսերից, նրանց հետ էին նաեւ մեր անկախականները` Հայկազ Խաչատրյան, Վարագ Առաքելյան, Ռաֆայել Իշխանյան, Խաչիկ Սաֆարյան, Մովսես Գորգիսյան, Ռազմիկ Մարկոսյան, Աշոտ Նավասարդյան եւ այլոք:

 

Երրորդ խմբում էին մեր արցախցի ընկերները: Այս երեք մեծ ուժերի միացման արդյունքն էր «Ղարաբաղ» կոմիտեն, որի հետեւից գնաց ժողովրդի հոծ զանգվածը:

 

Լուսանկարը` Զ. Տոնապետյանի արխիվից

 

1980-ական թվականների երկրորդ կեսի գորբաչովյան վերակառուցման ժամանակաշրջանում բոլոր հասարակական շարժումներն ինչ-որ չափով ակտիվացան: Այդ ժամանակ մեր սերնդի ներկայացուցիչներից շատերը դարձել էին գիտնականներ, կայացել էին եւ իրենց բնագավառներում լուրջ արդյունքների հասել:

 

Այս ժամանակաշրջանում «հակախորհրդային» գաղտնի գրականությունը բոլորին հասանելի դարձավ: Ակտիվացան հասարակական, բնապահպանական, հայոց լեզվի, մայրենի լեզվով կրթության եւ Երեւան պատմական մայրաքաղաքի պահպանմանն ուղղված շարժումները, սկսեցին բարձրացվել մյուս ազգային խնդիրները: Տարբեր արշավախմբեր էին մեկնում Վրաստան եւ Ադրբեջան՝ ուսումնասիրելու, թե ինչպես են պահվում այնտեղի հայկական հուշարձանները եւ ոչ միայն:

 

«Հեղափոխությունը սկսում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկները, իսկ պտուղներից օգտվում են սրիկաները»… Այս տողերն են գրված ստահակ չհայերի զոհը դարձած Համբարձում Գալստյանի շիրմաքարին: Սա հենց ռոմանտիկների ժամանակաշրջանն էր, որոնք շուտով պետք է վերածվեին ֆանատիկների եւ իրականացնեին համազգային հեղափոխությունը:

 

Ինչպե՞ս ձեւավորվեց «Ղարաբաղ» կոմիտեն

 

Հասարակական տարբեր շարժումների խմորումներից ձեւավորվեց Արցախյան շարժումը: Արդեն պարզ էր, որ Ադրբեջանում տարիների ընթացքում կատարված հայաթափումը ժողովրդավարացման ժամանակներում ավելի ակտիվ է իրականացվելու, եւ մենք կորցնելու ենք Ադրբեջանի հայությանը եւ Արցախը:

 

Մոտավորապես 1987թ. սկզբներին սկսվեց նամակագրությունը Մոսկվայի ղեկավարության հետ: Հայաստանի եւ Արցախի մտավորականները փորձում էին հասկացնել կայսրությանը, որ ավելի ճիշտ է ԼՂԻՄ-ը միացնել Հայաստանին: Երբ Մոսկվայից որեւէ դրական պատասխան էր ստացվում, այն ակտիվորեն տարածում էինք հանրության մեջ:

 

Ալեքսան ՀակոբյանըԼուսանկարը` Մեդիամաքս

 

Այդ օրերին բնապահպանական հարցերով եւ քաղաքի պահպանմանն ուղղված փոքրիկ ցույցեր էին լինում, մենք էլ դեկտեմբերին որոշեցինք ժողովուրդ հավաքել Արցախի հարցի շուրջ: Այդ ցույցը դեկտեմբերին ինչ-ինչ պատճառներով տեղի չունեցավ, տեղափոխեցինք հունվար:

 

Հայաստանի ղեկավարությունը սարսռում էր այդ մտքից: Փետրվարի 18-ին տեղի ունեցավ բնապահպանական ոչ մեծ հանրահավաք: Հավաքվեցինք Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքի մոտ, մայթերով բարձրացանք Կենտկոմ, Աբովյանից նույնպես մարդիկ եկան միացան մեզ: Դա ավելի շատ հավաք էր եւ մենք այն ուղղորդեցինք ղարաբաղյան հարցի ուղղությամբ:

 

Մի ընկերախումբ էր համակարգում այս ամենը`Իգոր Մուրադյանը, Սամսոն Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Վազգեն Մանուկյանը, ես եւ մեր ղարաբաղցի ընկերները`Մանվել Սարգսյանը, Արթուր Մկրտչյանը եւ այլն: Այս ընկերախումբը չուներ անուն եւ պաշտոնական կարգավիճակ:

 

1988թ. փետրվարի 20-ի բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հաստատվեց «Ղարաբաղյան հանրահավաքի կազմկոմիտեն»: Հաջորդ օրը կազմկոմիտեում ընդգրկվեցին բոլոր այն մարդիկ, ովքեր այդ օրը հարթակի վրա էին կանգնած: Հնչեցվում էին մեր անունները, եւ ժողովուրդը բացականչություններով քվեարկում էր՝ «կողմ»: Նույն օրը Ստեփանակերտում ընդունվեց Միացման որոշումը:

 

Փետրվարի 23-ին Երեւանի հերթական հանրահավաքում հրապարակեցինք «Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտեի», ավելի կարճ` «Ղարաբաղ» կոմիտեի 21 հոգուց բաղկացած կազմը: Մարտի 21-ին, երբ դեռ պարետային ժամ էր, հրապարակվեց առաջին թռուցիկը, որի ներքո ստորագրված էր`«Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտե»:

 

Ինչպե՞ս  պառակտվեց «Ղարաբաղ» կոմիտեն

 

Մենք մշտապես հավաքվում էինք Վազգեն Մանուկյանի կամ Բաբկեն Արարքցյանի տանը: Ամենասկզբում հակասություններ առաջացան Իգոր Մուրադյանի հետ: Նա կարծում էր, որ մենք պետք է շարունակենք բանակցությունները Մոսկվայի հետ եւ համաժողովրդական շարժում չսկսենք:

 

Մենք մտավախություն ունեինք, որ Մոսկվան մեզ կխաբի ճիշտ այնպես, ինչպես արեց փետրվարին, երբ տեղի ունեցավ Սումգայիթյան ողբերգությունը: Հակասություններն ավարտվեցին նրանով, որ մայիսի 21-ի հանրահավաքին ընթերցեցինք 11 հոգու ցուցակ, որտեղ չկար Իգոր Մուրադյանի անունը:

 

Ընդհանրապես, ժողովրդավարական ազատ հասարակության մեջ չի կարող տարակարծություն չլինել: «Ղարաբաղ» կոմիտեում ներկայացված էին երեք խմբեր, եւ տարբեր կարծիքների առկայությունն օրինաչափ էր: Մի մասը սոցիալիստական գաղափարների կրող էր, մյուսներն ավելի լիբերալ էին:

 

Այն պահից, երբ մեր երկրում անցկացվեցին առաջին, իրոք, ժողովրդավարական ընտրությունները, ստեղծվեց նոր պետական իշխանություն, որն անցավ Շարժման ձեռքը: Ձեւավորվեցին նոր կառավարական մարմիններ: Աշոտ Մանուչարյանն առաջարկում էր կոմիտեն պահպանել որպես ընկերների խումբ`առանցքային որոշումները կայացնող մի Խորհուրդ, որն ինչ-որ իմաստով վեր կլիներ ընտրովի եւ նշանակովի իշխանություններից: Այսինքն`կոմիտեն պիտի վերածվեր բարոյագիտական հասարակական գերագույն մարմնի:

 

Կոմիտեի բաժանման պատճառներից մեկը դարձավ 1991թ. Անկախության հանրաքվեի օրվա նշանակումը: Մեզանից ոմանք մտածում էին, որ անկախացումը պետք է տեղի ունենա օրինական ճանապարհով` Խորհրդային Միությունից հանրապետությունների դուրս գալու մասին մոսկովյան նոր օրենքով:

 

Ալեքսան ՀակոբյանըԼուսանկարը` Մեդիամաքս

 

Այդ գործընթացը երկար էր տեւելու, այդ իսկ պատճառով կոմիտեի մյուս անդամներն ասում էին, որ հանրաքվեի համար հատկացված 6 ամիսը չպետք է պահպանենք: Բայց սա հեղափոխական եւ դրսի համար՝ «ոչ օրինական» ճանապարհ էր:

 

Ես առաջին խմբի մեջ էի: Սեպտեմբերի 21-ի անկախությունը մեր ընտրած ճանապարհի եւ մեր ժողովրդի ծանր պայքարի արդյունքն էր: Մենք արյունով ձեռք բերեցինք մեր անկախությունը, ինչ-որ տեղ`Գետաշենի, Հադրութի գյուղերի կորստի, մեր զինվորների արյան գնով…

 

Բայց հենց այդ ճանապարհն էր, որ ապահովեց մեր հետագա հաղթանակները, մասնավորապես՝ Արցախյան լայնամասշտաբ պատերազմում։ Մենք սեփական փորձով սովորել էինք ինքնուրույն քայլեր կատարել, ընդ որում՝ այդ քայլերը հնարավորինս տեղավորելով «դրսի» օրենքների շրջանակում եւ դրանով ապահովելով մեր գործերի առավելագույն անվտանգությունն ու արդյունավետությունը։

 

Ալեքսան Հակոբյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:

 

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

 

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին