[Շարժում 1988/25]. Զավեն Խաչիկյան` Շարժումը լուսանկարչի աչքերում - Mediamax.am

exclusive
30928 դիտում

[Շարժում 1988/25]. Զավեն Խաչիկյան` Շարժումը լուսանկարչի աչքերում

Շարժումը նկատելի էր դեռեւս 1986 թվականից:

Հացադուլ Թատերական հրապարակում
Հացադուլ Թատերական հրապարակում

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

Հանրահավաք, Արցախ հրապարակ
Հանրահավաք, Արցախ հրապարակ

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

1988թ. հունիսի 1, Ստեփանակերտ
1988թ. հունիսի 1, Ստեփանակերտ

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

Հանրահավաք Մելիք-Ադամյան փողոցում
Հանրահավաք Մելիք-Ադամյան փողոցում

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

Էկոլոգիական հանրահավաք-երթ Մաշտոցի պողոտայում
Էկոլոգիական հանրահավաք-երթ Մաշտոցի պողոտայում

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:


Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը ծնվել է 1955 թ. հուլիսի 27-ին`Մեղրիում: 1972-ին Երեւանում ավարտել է դպրոցը, իսկ 1977-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, 1979-81թթ-ին սովորել ասպիրանտուրայում: 1982-ին որոշել է կտրուկ փոխել մասնագիտությունը եւ զբաղվել կինո-ֆոտո դոկումենտով, համագործակցել տեղական երիտասարդական թերթերի հետ: 1988-ին, որպես լավագույն ֆոտոլրագրող, ստացել է Հայաստանի կոմերիտական երիտասարդական միության մրցանակ: Լուսաբանել է 1988-ին սկիզբ առած շարժումը, դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունները, մի քանի անգամ եղել պատերազմի դաշտում` որպես ֆոտոլրագրող: 

 

Շարժումը նկատելի էր դեռեւս 1986 թվականից

 

Այդ ժամանակահատվածում ես գրում եւ լուսանկարում էի «Ավանգարդ» թերթի համար: Պարբերաբար  Մոսկվայից Երեւան էին գալիս տարբեր անհատներ, դասախոսում մինչ այդ «փակ» համարվող թեմաների շուրջ, փորձում հասկանալ դրանց ազդեցությունն ու հասարակության հակազդեցությունը: Օրինակ, այդպիսիններից մեկն էլ կենտրոնական հեռուստատեսության քաղաքական մեկնաբան Բովինի հետ էր` Թատերական գործիչների միությունում (ներկայիս  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը):

   

Մարդիկ մեծամասամբ տեղյակ չէին Ղարաբաղի խնդիրներին: Ուսանողական տարիներին շատ ղարաբաղցի ուսանողներ էին սովորում մեզ հետ ֆիզիկայի ֆակուլտետում, բայց ամենամտերիմ ընկերոջիցս, որը Ղարաբաղից էր, հատուկենտ դրվագներ էի լսում իրենց հոգսերից: Հիշում եմ, «Սկվյազնյաչոկ»-ում սուրճ էինք խմում, նկարիչ ընկերներիցս մեկն ասաց` «մի էսպիսի թուղթ ունեմ, կուզե՞ք ստորագրեք տակը», կարդացի, չէի էլ պատկերացնում թե ինչ է լինելու հետո (բովանդակությունը չեմ հիշում, բայց մոտավորապես այսպիսին էր` համաձայն ե՞ք, Ղարաբաղը մտցնել Հայաստանի կազմի մեջ): Ստորագրեցինք:

 

Էկոլոգիական հանրահավաք-երթ Մաշտոցի պողոտայում

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

 

1987թ. մենք հայտնվել էինք բնապահպանական շարժման հորձանուտում: Ցույցերից մեկի ժամանակ ես լուսանկարներ էի արել: Երկու ժամ անց Կոմսոմոլի կենտկոմի քարտուղարներից մեկն էր զանգահարել Այդին Մորիկյանին («Ավանգարդ» թերթի խմբագրի պաշտոնակատար)` մատ թափ տալով պահանջել, որ ես նեգատիվները հանձնեմ իրենց: Այդինին ասացի, որ  որպես ընկեր իրեն որոշ նեգատիվներ կտամ, կարող է վարվել այնպես, ասես ինքն է դրանց տերը, իսկ որպես խմբագիր թող իմացած լինի, որ հայտածելիս (проявка) վերացել են: Ոչ նեգատիվների ետեւից եկան, ոչ էլ՝ իմ:

 

1987թ. Բաղրամյան փողոցով, Լենինի պողոտայով, ԿԳԲ ի եւ Միլիցիայի, կուսակցության կենտկոմի աչքի առջեւ` երգով, բղավելով, մատ թափ տալով երթեր ու հանրահավաքներ էինք անում` պահանջելով գոյապահպանական հարցերի լուծում: Ավանդության համաձայն հետո մարդկանց պետք է հավաքեին ու այսօրվա նման առանց լուրջ դատավարության ուղարկեին ուղղիչ կատարողական ու վերջ: Կարծում եմ, եթե ճիշտ գնահատենք անցյալն ու ներկան, պետք է ընդունենք, որ այդ ամենը թույլատրվածի սահմաններում էր, իսկ թե մոսկվաներում «պերեստրոյկա» անողների մյուս թեւի ինչին էր պետք այդ ամենը, պատասխանը կարելի է գտնել  տարածաշրջանային մեր այս կարգավիճակը վերլուծելիս: Մեծ անհայտները նրանց հայտնի էր, իսկ փոքր անհայտով խնդիրները, մինչ այժմ թողել են մեզ: Գլոբալիզացիան սկսված էր՝ գոնե ինձ համար:

 

Հանրահավաք Թատերական հրապարակում

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

 

Շարժման տարիները հետաքրքիր էին ինքնաճանաչման առումով

 

Հզոր բան էր կատարվում երկրում եւ դա հնարավոր չէր չնկատել, չգնալ հրապարակ. երթեր, հացադուլներ, պաստառներ, ուսանողական նստացույցեր... Վեր բարձրացված մատերի կամ բռունցքների փոխարեն ինձ հետաքրքրում էին հարցականները: Իմ լուսանկարներում հոգս կար մարդկանց դեմքերին,ինքս էի ուզում  հասկանալ, թե ի՞նչ է լինելու հետո մեր` բոլորիս հետ:  Իրականում համաժողովրդական շարժման մասին որեւէ լուր տպագրելը գրեթե անհնար էր, այդ տարիների մամուլի էջերում շատ քիչ փաստավավերագրական նյութեր կգտնեք:  Խորհրդային ռուսատառ մամուլը փնովում էր հանրահավաքները, իսկ տեղական մամուլը` գրեթե լռում:

 

Չպետք է մոռանանք, որ մամուլ կոչվածը դեռ «գլավլիտ»-ի մամլիչի տակ էր: Ցուցարարները ծաղրում էին, բողոքի ցույցեր անում, պահանջում, որ մամուլը ճիշտ արտացոլի, այն ինչ կատարվում էր փողոցում: Հայ կոմունիստ լիդերները դեռ շարունակում էին այնպիսի կեցվածք ընդունել, կարծես թե թողնել-չթողնելը իրենցից էր կախված, մինչդեռ մենք մոռանում էինք, որ դեռ խորհրդային երկրում ենք եւ որոշումները դեռ մոսկվաներում են կայացնում: Ինչ-որ չափ արդեն կարելի էր, դրանից ավելին՝ ոչ, միգուցե, հետո մի ուրիշ բան կարելի կլիներ. մենք խորհրդային երկրի «պոլիտ-իդեոլոգիական պոլիգոններից» մեկն էինք ընդամենը: Մարդիկ հավաքվում էին հանրահավաքների, հավաքական մի միտք ձեւակերպելու, ինչ-որ տեղ սա ինձ ժողստեղծագործություն էր ներկայանում: Անշուշտ, լիդերներ էին անհրաժեշտ, որ ղեկավարեին քաոսային շարժման մեջ հայտնված մարդկանց բազմությունը: Նրանք արդեն Թատերական հրապարակում էին. Իգոր Մուրադյան, Վաչե Սարուխանյան, Ղարաբաղ կոմիտեի անդամներ: Ամիսների ընթացքում հանրահավաքները ավելի ծիսական բնույթ էին կրում:

 

1988թ. հունիսի 15, Բաղրամյան պողոտա

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

 

Լուսանկարներիցս մեկում 1988թ հունիսի 15-ին արված ցուցարարներ են, որ գոռում, պայքարում են սաղավարտավոր զինվորների արանքից. լուսանկարը դիտելիս հասկանում ես, որ զինվորները նրանց չեն լսում: Իսկ ու՞ր են ուղղված նրանց բողոքի բռունցքները: Նրանց ետեւում ցեղասպանության մասին պատմող ռուսատառ մի պաստառ կա: Դիմացի բլրին, որ լուսանկարում չի երեւում՝ կոմունիստական կուսակցության Շահումյանի անվան նիստերի շենքն է (այժմ՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարան), ուր ընթանում էր Հայաստանի Գերագույն Ժողովի արտահերթ նստաշրջանը:

 

Ցեղասպանության մասին ռուսատառ պաստառ, խորհրդային զորքեր, նստաշրջան, գոյապահպանական խնդիրներ, Ղարաբաղի հարց… Ի՞նչ էինք մենք պահանջում, ի՞նչ էինք մենք ինքներս մեզանից պահանջում խորհրդային զորքերով «զարդարված» այդ միզանսցենում:

 

Պատերազմն անխուսափելի էր…

 

1988-ին մայիսին մեկնեցինք Ղարաբաղ. Այդին Մորիկյանը, Վաչեն, Հասմիկը եւ ես: Ինձ հետաքրքրում էին պրովոկացիաները: Մեր չորսի կողմից հեղինակված հավաքական հոդվածի առաջին մասը տպագրվեց, իսկ երկրորդ մասն արգելեցին: Ղարաբաղում մի քանի անգամ հայտնվեցի խորհրդային զորքերի սպաների սեւ ցուցակում:

 

Հանրահավաք, Արցախ հրապարակ

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

 

Խիստ զարմացած էի, լուսանկարչական խցիկս մի փոքր շարժելու դեպքում արագ նկատում էին, այն դեպքում, երբ այդ նույն զորքերի հրամանատարները չէին միջամտել Սումգայիթում վայրագ արյունալի գործողություններին կամ Աղդամից դեպի Ասկերան շարժվող գազազած վայրենի ամբոխին:

 

Ղարաբաղից վերադառնալուց հետո շատերի հետ զրույցներում ասում էի` այս ամենից հետո պատերազմն անխուսափելի է. արյուն է լինելու: Մարդիկ չէին հավատում, չէին ուզում տեսնել: Հոդվածներիցս մեկում մի այսպիսի տող ունեի «Ժողովուրդ, գրեմ որ զինվեք, պիտի ասեն, ընկեր լրագրող, էս զենքի կոչ ե՞ս  անում, չասեմ, կնշանակի վաղը կմեղադրեն չնախազգուշացնելու համար…»:

 

Ղարաբաղում հանրահավաքները գրեթե նույն բնույթն էին կրում, ինչ Երեւանում: Տարբերությունը այնտեղի իրավիճակի ավելի դաժան լինելն  էր. պարետային ժամ, խորհրդային անհամար զորքեր, ադրբեջանական ՕՄՈՆ, ձերբակալություններ:

 

1988թ. հունիսի 1, Ստեփանակերտ

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

 

Լավագույն լուսանկարներիցս եմ համարում Ստեփանակերտի հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրվա առիթով ցույցի ժամանակ արված լուսանկարը. մտահոգ երկու պատանիներ են, ետին պլանում հանրահավաքն է: Լուսանկարչական խցիկի չխկոցից  հետո, դեռ չտեսած երեւակված նեգատիվը, ինքս ինձ հարց էի տալիս` ո՞րն է այս երկու տղաներին բաժին հասած  ճակատագիրը: Լուսանկարում ներառված լռության խորհուրդն ինձ բազմիցս ստիպել է ետ կանգնել ու փորձել հասկանալ. ի՞նչ է կատարվում մեզ հետ, ո՞ւր ենք մենք գնում, ուր են մեզ ուղեկցում: 

 

Լուսանկարիչն օգնեց արդարության կայացմանը

 

1988-ին Չարենցավանում Հայաստանի Գերագույն Խորհրդի թեկնածուի ընտրություններ էին: Կոմունիստ կուսակցականները նոմենկլատուրային իրենց լիդերներից մեկին էին առաջադրել, իսկ ժողովուրդը պահանջում էր

քվեաթերթիկում ավելացնել Ռաֆայել Ղազարյանի անունը: Նրան չգրանցեցին:

 

Ռաֆայել Ղազարյանը որդու` Վազգենի հետ, էկոլոգիական հանրահավաքի ժամանակ:

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

 

Ընտրությունները «լուսաբանելու» համար լրագրողներին մեկ ավտոբուսով բերել էին Չարենցավան (ես կամավոր էի միացել այդ խմբին), ծանոթացրել երկու ընտրական տեղամասերին, ցույց տվել դատարկ քվեատուփերը, շրջիկ արկղերի մասին դեռ որեւէ բան չէին հայտնել, ապա լրագրողներին առաջարկել էին ետ վերադառնալ Երեւան` հանգստանալու եւ խոստացել էին քվեատուփերը բացելուց մեկ ժամ առաջ նրանց ետ բերել Չարենցավան: Հետո քաղաքի բոլոր ավտոճանապարհային մուտքերը փակեցին, (Ղարաբաղ կոմիտեի անդամներին չէին թողել քաղաք մտնել), իսկ քաղաքում անթիվ առանց համարանիշի ավտոմեքենաներ էին: Փողոցում մարդիկ անհանգիստ էին, ես ներս ու դուրս էի անում, որոշ դրվագներ լուսանկարում, ծանոթացնում ընտրողներին շրջիկ արկղերի գոյության մասին: Թերթիկի վրա մի անուն ազգանուն էր: Քանի որ ընտրատեղամասում անընդմեջ հերթապահում էին թաղային միլիցիոներները, կուսակցական եւ արհմիութենական ղեկավարները, որոշ մարդիկ ամոթից կամ վախից նախընտրում էին քվեաթերթիկը անմիջապես`առանց քվեախցիկ մտնելու նետել քվեատուփի մեջ: Ես ընտրողներին փորձում էի բացատրել իրենց իրավունքը եւ ուղեկցում էի դեպի քվեախցիկ: Մարդիկ զգում էին, որ ընտրատարածքում կա առնվազն մեկը, ով  «իրենց կողմից է»:

 

Այն ընտրատեղամասում, ուր ամբողջ օրը ներկա էի եղել, թեկնածուն չէր անցել, իսկ մյուսում շարժման վստահված անձը կաշառվել էր եւ իրավիճակը ճիշտ հակառակն էր: Ընդհանուր առմամբ, «շարժումը» հաղթանակ էր տարել 100-150 ձայնի տարբերությամբ: Հաջորդ օրը, երբ Գրողների միության սրճարանում սուրճ էինք խմում, կողքի սեղանից, ուր նստած էին Լեւոնն ու Վանոն, վերջինս հարցրեց` «Էդ ո՞նց եղավ, որ հաղթեցինք»: Պատմեցի մանրամասները: Լեւոնն ասաց` «Դե փաստորեն, ասա դու ես հաղթել»: Ես ընդամենը կատարել էի իմ՝ լրագրողի պարտականությունը: Հասկացա,  թե ինչ կարող է անել մեկը: Կարծում եմ կոմունիստական լայն խավը գիտակցեց, որ այլեւս ժողովրդական զանգվածներին դեմ գնալ չի կարող: Սա ոչ մի կողմի հաղթանակն էր, եւ ոչ էլ՝ մյուս կողմի պարտությունը: Սա «շարժման» դասերից ընդամենը մեկն էր:

 

Շարժման ցույցերից երկուսը կշիռ ունեցան  

 

Առաջինը, երբ կոչ արեցին թատերական հրապարակում կանգնածներին` սկսել անժամկետ  համազգային գործադուլը: Տարօրինակության ու սարսափի մի դող անցավ միջովս, զգացի, որ կարող ենք կանգել եւ ոչինչ չի աշխատի այս երկրում, երկրագունդը նույնիսկ կարող է չպտտվել, կյանքը կանգ կառնի: Երկրորդը, երբ սկսեցին վերջնականապես հայաթափել Նախիջեւանը եւ Թատերական հրապարակում հայտնվել էին փախստականներ, տանը հեռուստացույց էի դիտում,  հանկարծ լուրերի թողարկումն ընդմիջվեց եւ լսվեց մի կարճ հայտարարություն` «Նրանք, ովքեր ի վիճակի են զենք կրել, թող իջնեն Թատերական հրապարակ»: Ես զենք կրել ու կրակել չգիտեմ` չնայած համալսարանից հետո ստացել եմ լեյտենանտի կոչում: Անկախ ինձանից անմիջապես գնացի Թատերական հրապարակ...  Այնտեղ մի պահ բոլորը լուռ էին, հետո՝ չգիտեմ…

 

Հանրահավաք Մելիք-Ադամյան փողոցում

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

 

Հանրահավաքներից դուրս զսպանակված լռությունն էր: Հանրահավաքները դեռ մեզ երկար ժամանակ հստակ գործողությունների կոչ չէին անելու: Համաժողովրդական շարժումը դադարեց ինձ համար այդպիսին լինելուց, երբ 1988թ. նոյեմբերին, դեպուտատները հավաքվեցին օպերայի շենքի դահլիճում ու միաբերան ասացինք` այո, հիմա մենք միասին ենք, ինչի ձգտում էինք ամիսների ընթացքում, բայց հետագայի ծրագիրը չունենք:

 

Խորհրդային տարիները իրենց լավ (Հայաստանի Հանրապետություն էր կառուցվել) եւ վատ (ազգային գաղափարախոսությունն էր ոչնչացվել) գործն արել էին: Շարժման այդ փուլն ավարտված էր: Հետո պիտի գար 88-ի սեւ դեկտեմբերը... Տխուր էր, մութ էր, ցուրտ էր: Մենք միայն մեզ էինք տեսնում: Ես չէի տեսնում, թե ինչ էր կատարվում աշխարհում: Մի արահետ էր բացվել, որով հումանիտար օգնությունն էր հոսում դեպի Հայաստան: Հույսը դեռ հերթապահում էր: Հայաստան ասելիս հասկանում էին երկրաշարժ, բայց ոչ՝ Ղարաբաղի հարց: Ինչ-որ բան կանգ էր առել: Հետո իբրեւ թե մեր պահանջով պիտի ազատեին Ղարաբաղ կոմիտեին, ավելի ուշ մեզ ներքաշեին պատերազմի մեջ: «Պոլիտ-իդեոլոգիական պոլիգոն»-ը ընդլայնված էր, մեզ հետ կատարվողը այլ վերնագիր ուներ, իսկ կատարվելիքը՝ մեկ այլ:

 

Ինչ գնով էլ լինի՝ դեպի Հայաստան

 

Հ. Գ.  Տարիների այս հեռվից մի այլ խճապատկեր է երեւում 1988-ը զննելիս: Շատերը փորձելու են խմբագրել ետին թվով իրենց եւ մյուսների կենսագրությունները, դեպքերի դրվագները: Նաեւ սուտ է ներարկվելու մեր պատմության էջերը ու զգալու ենք, թե գիտնական անհատի ինչ տիտանական աշխատանք է պետք լինելու մեզ եւ եկող սերունդներին՝ անաչառ ներկայացնելու մեր 100-150 տարվա պատմությունը:

   

Որքան էլ հայտնի է, որ այս պահին երկրագնդի հարավային բեւեռում կանգնածները վայր չեն ընկնում, միեւնույնն է, դպրոցական աշակերտին այդ փաստի մեկնաբանությունը այնքան ժամանակ է չբացահայտված մնալու, քանի դեռ նա չի «ստրկացել» հարաբերականության տեսության դրույթներով: Իսկ մարդու կողմից մարդու շահագործումը ժառանգած անկանոն այս տարածքում դեռ երկար ենք փնտրելու  բոլորիս միավորող մի այլ գաղափար, քան Ցեղասպանությունն է: Աստված արասցե, որ հայտնվի այն Առաջնորդը, որը կխախտի «օրենքը» եւ կառաջնորդի մեզ դեպի իրական հաղթանակները: «Ինչ գնով էլ լինի՝ դեպի Հայաստան»` Վահան Տերյանի այս տողերով էլ վերջացնեմ այս զրույցը:

 

Զավեն Խաչիկյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

 

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

 

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին