[Շարժում 1988/25]. Սոս Սարգսյան` այս կյանքից գնում եմ դառնացած, չբավարարված, չհատուցված… - Mediamax.am

exclusive
30667 դիտում

[Շարժում 1988/25]. Սոս Սարգսյան` այս կյանքից գնում եմ դառնացած, չբավարարված, չհատուցված…


Սոս Սարգսյանը:
Սոս Սարգսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան:

Սոս Սարգսյանը:
Սոս Սարգսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան:

Սոս Սարգսյանը:
Սոս Սարգսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան:

Սոս Սարգսյանը:
Սոս Սարգսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան:

Սոս Սարգսյանը:
Սոս Սարգսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան:


Երբ Սումգայիթից Երեւան եկան առաջին փախստականները, Սոս Սարգսյանն ակտիվ գործողությունների անցավ: Նա իր բնակարանը վերածեց շտաբի, որտեղ ամեն օր հավաքվում էին բազմաթիվ փախստականներ, կիսվում իրենց խնդիրներով,  օգնություն ստանում: Բարեգործական նախաձեռնության շնորհիվ ԽՍՀՄ տարբեր երկրներից տնակներ ուղարկեցին Հայաստան, որոնք տեղակայվեցին Ստեփանակերտում` փախստականների բնակության համար: Դա դերասանի` Ղարաբաղ կատարելիք հաճախակի այցերի առիթ հանդիսացավ:  

 

Երբ փախստականները եկան Երեւան, պետությունը իմ, Սարգիս Մուրադյանի եւ Զորի Բալայանի վրա նրանց օգնելու «պարտավորություն» դրեց: Շուրջ 6 մլն ռուբլի գումար հավաքեցինք, 25.000 փախստական տեղավորեցինք Ղարաբաղում` նրանց դրամական աջակցություն ցուցաբերելով: Մի ոտքս այնտեղ էր, մյուսն այստեղ, օրերով, շաբաթներով մնում էիք Ղարաբաղում, փախստականներին հաստատվելու համար օգնություն էր պետք, ոմանց համար անգամ ընտանի կենդանիներ գնեցինք, որ կարողանային տնտեսություն հիմնել:

 

Սոս Սարգսյանը

Lուսանկարը ` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան

 

Դրանք ինձ համար  շատ դժվար տարիներ էին, կարելի է ասել, որ իմ կյանքի ամենամռայլ ժամանակահատվածն էր: Այդ ժամանակ մենակ էի ապրում: Գիշեր-ցերեկ դուռս բաց էր, իմ տուն էին գալիս ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդիկ, կիսվում իրենց խնդիրներով ու հոգսերով:

 

Երբ հիմնվեց «Ղարաբաղ» կոմիտեն, դրան կից ստեղծվեց «ավագների խորհուրդ», որին անդամակցող մտավորականների թվում էին Սոս Սարգսյանն ու Սիլվա Կապուտիկյանը:

 

Մենք խնդիր ունեինք կառավարությանը տեղյակ պահել մարդկանց ցանկությունների, առաջացած տարատեսակ հարցերի մասին, դրանց վերաբերյալ  հայտնել մեր կարծիքը, թույլ չտալ, որ մարդկանց ցրեն: Մեր խնդիրը կառավարության հետ համագործակցելն էր: Շատ պարզ ու անկեղծ քննարկումներ էինք ունենում Կարեն Դեմիրճյանի հետ: Ամեն մի հանդիպումից հետո խոսում էինք տղաների հետ, փորձում այս կամ այն հարցի վերաբերյալ ճիշտ լուծումներ գտնել:

 

Սոս Սարգսյանը

Lուսանկարը ` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան

 

Կարելի է ասել, որ ավագների խորհուրդը շատ մեծ նշանակություն ունեցավ շարժման համար, հեղինակավոր մարդիկ էին խորհրդի կազմում ընդգրկվել: Կարծում եմ, Գորբաչովը գիտեր դրա մասին, թե չէ այստեղ էլ կոշտ գործողությունների կդիմեր:

 

Երեւանի հանրահավաքներին Սոս Սարգսյանը ժամանակի սղության պատճառով հաճախ չի մասնակցել, եղել են դեպքեր, երբ նա դեմ է եղել այնտեղ արվող հայտարարություններին:

 

Երբ գործադուլի կոչեր էին արվում, ես սկզբունքորեն դեմ էի, ինձ հետ համամիտ էին նաեւ Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը: Կոչեր եղան նաեւ Արցախում, մենք փորձեցինք խոսել ժողովրդի հետ: Գյուղացուն բացատրեցինք, որ գարնան սկզբին գործադուլ անելն այնքան էլ խոհեմ քայլ չի լինի` գյուղացու գործադուլը ո՞րն է:

 

Սոս Սարգսյանը

Lուսանկարը ` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան

 

1988 թվականի փետրվարի 22-ին Երեւանում տեղի ունեցավ համընդհանուր գործադուլը:

 

Մինչեւ հիմա համարում եմ, որ գործադուլը սխալ էր: Սխալ էր նաեւ «Նաիրիտ» գործարանի ու ատոմակայանի փակվելը: Երբ փակում էին «Նաիրիտը», ինձ մոտ մի խումբ մարդիկ եկան, ովքեր 15 տարի աշխատել էին գործարանի ամենաթունավոր բաժնում` բնակարան ստանալու ակնկալիքով: Գործարանի փակվելուց հետո նրանց ընտանիքները բազմաթիվ խնդիրների առջեւ կանգնեցին: 

 

Դեմ էի նաեւ ատոմակայանի փակմանը` պարզ հասկանում էի, որ դա կործանարար է լինելու մեզ համար:

 

Հաճախ ցուցարարների զայրույթի առարկա էին հանդիսանում մոսկովյան պաշտոնաթերթերը:

 

«Իզվեստիա»-ն, «Պրավդա»-ն շատ կեղծ հրապարակումներով էին հանդես գալիս: Խնդիրները շատ էին, հիմնական թեման` Ղարաբաղը, ողջ ԽՍՀՄ ուշադրությունն ուղղված էր Ղարաբաղի վրա: Զայրույթ կար, ցասում, մարդիկ ճիշտ, երբեմն նաեւ սխալ ելույթներ էին ունեմում:

 

Սոս Սարգսյանը

Lուսանկարը ` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան

 

Սոս Սարգսյանի եւ այլ անվանի մտավորականների ասածները հաճախ քննադատվում էին, այդ մասին անգամ հրապարակումներ էին լինում, բայց դերասանը հիշում է, որ իր հասցեին հնչող քննադատությունը համեմատաբար զուսպ էր:

 

Ղարաբաղ հաճախ էինք գնում, մեզ հետ գալիս էր նաեւ Սիլվա Կապուտիկյանը, այնտեղ շատ հարց կային լուծելու, երբեմն խճճվում էինք` ու՞մ դիմենք, ի՞նչ անենք: Հիշում եմ, շատ լավ քարտուղար ունեին` Հենրիկ Պողոսյանը (ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղարը), ով չենթարկվեց Մոսկվայից եկող հրամաններին:

 

Սոս Սարգսյանը

Lուսանկարը ` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան

 

Մի անգամ ես, Զորի Բալայանը եւ Ստեփան Պողոսյանը կրկին Ղարաբաղում էինք: Երեւան վերադառնալու համար եկանք օդանավակայան: Արդեն սկսվել էր «Կոլցո» գործողությունը, խորհրդային բանակն ադրբեջանական ՕՄՈՆ-ի հետ այնտեղ  էր: Ռուս կապիտաններից մեկը մեզ տարավ օդանավակայանի առանձին մի սենյակ ու ասաց, որ այնտեղից դուրս չգանք, վտանգավոր է: Մեկ էլ տեսնենք, որ սենյակի մուտքի մոտ ադրբեջանական ՕՄՈՆ-ի անդամներից մեկն է կանգնած` ավտոմատը ձեռքին: Մեզ չնկատելու տեղ դրեց: Կարող էր զենքը գործի դնել եւ իր ազգի հերոսը դառնալ, բայց չարեց:

 

Այս ամենից հետո դերասանը երկար ժամանակ ստեղծագործական գործունեություն չծավալեց, հեռացել էր Սունդուկյան թատրոնից, սիրելի գործին վերադարձավ միայն Համազգային թատրոնը հիմնելուց հետո, բայց սրտի վերքերը դեռ չեն սպիացել:

 

Իմ սրտում միշտ էլ ապրում է իմ ժողովրդի ցավը: Ես այդ դարդով եմ ապրում, չեմ մոռանում մեր կորուստները, չեմ կարող ներել թուրքերին մեր մեջքը կոտրելու համար:

 

Ես այս կյանքից գնում եմ դառնացած, չբավարարված, չհատուցված… Ազգը պիտի իր դեմ կատարած ամեն մի չարությունից հետո հատուցում պահանջի, որպեսզի շարունակի ապրել, մենք չունեցանք այդ հատուցման պահը…

 

Սոս Սարգսյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

 

Հատվածներ Զորի Բալայանի` Սոս Սարգսյան. «Մշակույթի հիմքում ընկած է գթասրտությունը» հոդվածից

24.10.2009

 

***

Այդ նա էր, որ 1990 թվականի մարտի 5-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ամբիոնից հնչեցրած իր ելույթում խոսեց Սումգայիթի եւ Բաքվի մասին, Ղարաբաղի ողբերգության ու ցավի մասին։

 

Սոս Սարգսյանը

Lուսանկարը` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան

 

Խոսում էր մեղմաձայն, բայց բացարձակ լռության մեջ (առանց թղթից օգտվելու)։ Մի պահ կանգ առավ ու թեթեւակի շրջվելով դեպի նախագահություն, որտեղ նստած էր ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը, արդեն բարձր արտաբերեց. «Մի՞թե Դուք այդպես էլ չհասկացաք, թե ինչ է կատարվել ու կատարվում մեր մեծ երկրում։ Այդպես էլ չհասկացաք, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ուրույն, ինքնատիպ մշակույթը, եւ միայն ամբողջության մեջ ենք մենք ներկայացնում համամարդկային արժեքներ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ սկսեցինք մշակույթը դիտարկել որպես հավելյալ կառույց, այնինչ, մարդկային կյանքի իմաստավորված էությունն է այն։ Արդյոք անըմբռնողությունը չհանգեցրե՞ց նրան, որ մշակույթ ենք համարում միայն շեքսպիրյան կրքերը բեմի վրա, կամ, ասենք՝ քանդակների կախարդական գծերն ու ձեւերը։ Այնինչ մշակույթի հիմքում ընկած է գթասրտությունը, որի բացակայությունն էլ հանգեցրեց Սումգայիթի, իսկ հիմա՝ նաեւ Բաքվի»։

 

Սոս Սարգսյանը

Lուսանկարը` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան

 

Ես երբեք չեմ մոռանա այդ րոպեները։ Կրեմլի նիստերի դահլիճում մեռյալ լռություն տիրեց, մինչեւ որ Գորբաչովը մի ինչ-որ ձայնարկությունից հետո ցածրաձայն եւ բազմանշանակալից արտաբերեց՝ «Օ՜, օ՜»։

 

***

 

Քչերն են այսօր հիշում, որ սումգայիթցի խեղված փախստականների հոսքը Երեւան լցվելուց արդեն մի քանի օր անց Սոսն իր բնակարանը վերածեց ամենաիսկական շտաբի։ Այն ժամանակ նա ապրում էր Սուրբ Սարգիս եկեղեցուց ոչ հեռու։ Ամեն օր, վաղ առավոտից նրա դռան մոտ հերթ էին կանգնում։ Սումգայիթի փախստականները լուռ կուտակվում էին նրա բակում։

 

Նրա եւ տաղանդավոր նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ այցելեցինք սկզբում Հայաստանի նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանին, հետո մեկնեցինք Էջմիածին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մոտ։ Հաջորդ օրը Էջմիածինը պետբանկի հաշվին փոխանցեց երկու միլիոն ռուբլի (այն ժամանակ դա փող էր)։ Մի քանի ուսանողներ կամովին սկսեցին աշխատակցել Սոսի շտաբում։ Գրանցվում էին անունները, անձնագրերի համարները, եւ տրվում էին ստացականներ, որոնք նախապես ուղարկվում էին բանկից։ Դա շարունակվեց մի քանի ամիս։ Շուտով Ֆադեյ Սարգսյանը կարողացավ անել ամենագլխավորը։ Նրա խնդրանքով ԽՍՀՄ տարբեր տարածաշրջաններից մեզ ուղարկեցին շատ մեծ քանակով ֆիննական տնակներ, որոնք իսկույն ուղարկեցինք Ստեփանակերտ։

 

Սոս Սարգսյանը

Lուսանկարը` Մեդիամաքս/Կարեն Հովհաննիսյան

 

Մի քանի անգամ Սոսի եւ Սիլվա Կապուտիկյանի հետ գնացինք Արցախի մայրաքաղաք եւ տեսանք, թե ինչ բուռն աշխատանք է կատարում Ստեփանակերտի քաղաքապետ Մաքսիմ Միրզոյանը։ Կարճ ժամկետներում նա կարողացավ քաղաքում կառուցել մի ողջ թաղամաս, որն այդպես էլ կոչվեց՝ Սումգայիթյան։ Եվ այդ ամենի մեջ կար Սոս Սարգսյանի ոգին։ Այն ժամանակ նրա դռան վրա ինչ-որ մեկը կավճով գրել էր Սողոմոնի առակի բառերը Հին կտակարանից. «Ոգուց զուրկ մարդը նույնն է, ինչպես ավերված քաղաքն՝ առանց պատերի»։

 

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

 

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին