[Շարժում 1988/25]. Ռոբերտ Քոչարյան` «Շարժման ծավալումը քնած հրաբխի ժայթքում էր հիշեցնում» - Mediamax.am

exclusive
29976 դիտում

[Շարժում 1988/25]. Ռոբերտ Քոչարյան` «Շարժման ծավալումը քնած հրաբխի ժայթքում էր հիշեցնում»

«Կարեւորն այն էր, որ արդեն հասկանում էինք, որ Քաղբյուրոյին դիմելով հարցը չի լուծվի, որ պայքարը ձեռք է բերում տեւական ու վտանգավոր բնույթ: Այդպես ստեղծվեց «Միացումը» ու ես գլխավորեցի այն»:

Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ռ. Քոչարյանի արխիվից:

Ռոբերտ Քոչարյանը, Մոնթե Մելքոնյանը, Բակո Սահակյանը, Սամվել Բաբայանը:
Ռոբերտ Քոչարյանը, Մոնթե Մելքոնյանը, Բակո Սահակյանը, Սամվել Բաբայանը:

Լուսանկարը` Ռ. Քոչարյանի արխիվից:

Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ռ. Քոչարյանի արխիվից:


- Ինչպե՞ս ստացվեց, որ 1988թ. փետրվարին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշեց ըմբոստանալ խորհրդային համակարգի դեմ ու պատմական արդարության վերականգնում պահանջել: Որքանո՞վ էր դա անսպասելի կամ, ընդհակառակը, սպասված անձամբ Ձեզ համար:

 

- Ժողովուրդը ընդվզեց ոչ թե խորհրդային համակարգի դեմ: Ի սկզբանե Ղարաբաղյան շարժման նպատակն էր ԼՂԻՄ-ի միավորումը Հայաստանի ԽՍՀ-ի հետ: Բոլոր դիմումները հասցեագրված էին ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյին, եւ մեր պատվիրակությունները խնդրի լուծման նպատակով մեկնում էին Մոսկվա: Իսկ գործընթացն առաջ մղեց «վերակառուցման ու հրապարակայնության» քաղաքականությունը, երբ հնարավոր դարձավ խոսել արգելված թեմաների մասին:

 

Համակարգի դեմ պայքար ծավալվեց, երբ կենտրոնը սկսեց ուժային մեթոդներով ճնշել Ղարաբաղյան շարժումը` ակտիվիստների ձերբակալություններ, ամբողջ գյուղերի դեպորտացիներ եւ այլն:

 

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք անսպասելի էր, թե ոչ, ապա ես խորապես գիտակցում էի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի, բայց անսպասելի էր գործընթացի պայթյունային բնույթը եւ մարդկանց ներգրավվածության ծավալները: Դա քնած հրաբխի ժայթքում էր հիշեցնում:

 

- Ինչպե՞ս դարձաք շարժման առաջնորդներից մեկը Ստեփանակերտում:

 

- Դա կատարվեց բնական ձեւով: Նման դեպքերում միշտ առաջին պլան են դուրս գալիս մարդիկ, որոնք ունակ են ստանձնել պատասխանատվությունը, պատրաստ են ռիսկի եւ, իհարկե, խորապես հավատում են իրենց ընտրության իրավացիությանը: Առհասարակ` կրիտիկական պահերին մարդիկ ընտրում են առաջնորդներին՝ ղեկավարվելով բնազդներով, այլ ոչ թե հաշվարկներով:

 

- Դուք անդամակցել եք «Կռունկ» կազմակերպությանը, ապա հիմնադրել ու գլխավորել եք «Միացում» կազմակերպությունը: Ի՞նչ տարբերություն կար այդ երկու կառույցների միջեւ:

 

- «Կռունկը» ձեւավորվել էր Ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքային ալիքի հիմա վրա: Դա տեղի էր ունենում տարերայնորեն, հրապարակային կերպով, ժողովրդին հայտնի անձանց ներգրավմամբ, որոնք ներկայացնում էին հասարակության տարբեր շերտերը: Բայց շուտով «Կռունկն» իշխանությունների որոշմամբ լուծարվեց, եւ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել այնպիսի կազմակերպություն, որը համակարգային հիմունքներով կշարունակեր պայքարը՝ համատեղելով հրապարակային ու ընդհատակյա գործունեությունը: Խոսքը դրա ամենատարբեր կողմերի մասին էր, որոնք ամենօրյա ջանքեր էին պահանջում: Կարեւորն այն էր, որ արդեն հասկանում էինք, որ Քաղբյուրոյին դիմելով հարցը չի լուծվի, որ պայքարը ձեռք է բերում տեւական ու վտանգավոր բնույթ: Այդպես ստեղծվեց «Միացումը» ու ես գլխավորեցի այն:

 

Ռոբերտ Քոչարյանը, Մոնթե Մելքոնյանը, Բակո Սահակյանը, Սամվել Բաբայանը:

Լուսանկարը`Ռ. Քոչարյանի արխիվից:

 

- 1988 թվականին Դուք կուսակցական աշխատող էիք. շարժմանը մասնակցելն արդյոք ներքին հակամարտություն չէ՞ր առաջացրել: Ի սկզբանե հավատք կա՞ր առ այն, որ ԽՄԿԿ եւ ԽՍՀՄ ղեկավարությունները կարող են հարցին արդարացի լուծում տալ: 

 

- Ի սկզբանե իսկապես հավատք կար, որ ԽՍՀՄ ղեկավարությունը կարող է արդար որոշում կայացնել: Դրանք միամիտ ակնկալիքներ էին, բայց բխում էին հայտարարված «վերակառուցման» դրույթներից ու գորբաչովյան 

«հրապարակայնության» կարգախոսներից: Ես հրապարայնորեն հրաժարվեցի կուսակցական տոմսից (այրեցի այն), երբ հասկացա, որ կենտրոնը մտադիր չէ լուծել Ղարաբաղի խնդիրը: Այնպես որ գործը ներքին հակամարտության չհասավ: 

 

- Որքա՞ն արագ հաստատվեցին շփումները շարժման առաջնորդների միջեւ Ստեփանակերտում ու Երեւանում: Որքան մեզ հայտնի է, «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ կապ հաստատվեց ոչ միանգամից. կարելի՞ է ասել, որ շարժումը Ստեփանակերտում ինչ-որ ժամանակահատվածում լիովին ինքնուրույն էր:  

 

- Գործընթացները Հայաստանում ու Ղարաբաղում զարգանում էին զուգահեռաբար, ինչպես հաղորդակից անոթներում, եւ շփումները շատ էին ամենասկզբից: Իսկ կանոնակարգվել դրանք սկսեցին իսկապես ավելի ուշ, երբ թե Հայաստանում, թե Ղարաբաղում Շարժման ղեկավարությունը ձեռք բերեց հստակ կազմակերպական ձեւեր:

 

- Ե՞րբ հստակ հասկացաք, որ խորհրդային իշխանություններն ունակ չեն կարգավորել իրավիճակը քաղաքական մեթոդներով, եւ ամեն ինչ գնում է ուժային լուծման պատերազմի:

 

- 1988թ. գարնանը: Կենտրոնի արձագանքը Սումգայիթի ջարդերին ու իմ բազմաթիվ հանդիպումներն ինչպես Մոսկվայում, այնպես էլ Ղարաբաղում` Մոսկվայից ժամանած պատվիրակությունների հետ, պատրանքների տեղ չէին թողնում: Արտակարգ իրադրություն մտցնելը եւ Ներքին Զորքերի գործողություններն, իմ կարծիքով, անդարձելիության կետ հանդիսացան:

 

Լուսանկարը`Ռ. Քոչարյանի արխիվից:

 

- 1997 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրավիրեց Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնին, իսկ արդեն 1998 թվականին նա հրաժարական տվեց, եւ Դուք ընտրվեցիք Հայաստանի նախագահ: Ձեր «քաղաքական բաժանման» պատճառը դարձավ Ղարաբաղը, ավելի ճիշտ, տարաձայնությունները կարգավորման ուղիների շուրջ: Ինչպիսի՞ն էր այդ իրավիճակը Ձեզ համար էմոցիոնալ տեսանկյունից:

 

- Դա դժվարին որոշում էր, բայց ես այն ընդունեցի առանց վարանելու:

 

- Մինչ օրս պահպանո՞ւմ եք հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ սկսել էիք պայքարը 1988թ. փետրվարին:

 

- Շատերի հետ՝ այո:

 

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին