Հաջորդ STARMUS-ը նվիրված կլինի Երկիր մոլորակին - Mediamax.am

2576 դիտում

Հաջորդ STARMUS-ը նվիրված կլինի Երկիր մոլորակին



Երեւան։ Մեդիամաքս։ STARMUS գիտական հաղորդակցության համաշխարհային VII փառատոնը 2024 թվականին կկայանա Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում եւ իր «հայացքն աստղերից կուղղի դեպի Երկիր մոլորակի ապագան»:

Այսօր Լոնդոնի Royal Society-ում կայացած միջոցառման ժամանակ STARMUS-ի համահիմնադիրներ՝ Queen-ի կիթառահար Բրայան Մեյն ու աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը հայտնել են, որ 2024 թվականի փառատոնի վերնագիրն է «STARMUS Երկիր. մեր մայր մոլորակի ապագան»  (“STARMUS Earth: the future of our home planet”):

 

 

«Սովորաբար STARMUS-ը կենտրոնանում է տիեզերքի առեղծվածների մասին հարցադրումներ կատարելու, ուսումնասիրողների հաջորդ սերնդին ոգեշնչելու եւ կրթելու, հայտնագործության ոգին վերականգնելու, գիտական հաղորդակցությունն ընդլայնելու համար արվեստը, երաժշտությունը եւ աշխարհի մեծագույն գիտական եւ գեղարվեստական մտքերը միավորելու վրա», - միջոցառման ժամանակ ասել է Գարիկ Իսրայելյանը:

 

2024 թվականին STARMUS-ն իր հայացքը կուղղի դեպի տուն՝ վերլուծելու, թե ինչպես կարելի է դիմակայել Երկրի ապագային սպառնացող մարտահրավերներին՝ սկսած շրջակա միջավայրի եւ կլիմայի առջեւ ծառացած սպառնալիքներից մինչեւ արհեստական բանականությունը, գենետիկական ճարտարագիտությունը եւ կիբերանվտանգությունը, ինչպես նաեւ զինված հակամարտությունների հետեւանքով առաջացած մարդասիրական ճգնաժամերն ամբողջ աշխարհում:

 

«2011թ-ից սկսած STARMUS-ի համաժողովները համախմբել են գիտնականներին եւ արվեստագետներին՝ պարզ աչքերով նայելու մեզ շրջապատող տիեզերքին, տոնելու տիեզերքի հրաշքները: Այս անգամ, առավել քան երբեւէ գիտակցելով կենսոլորտում կյանքի անհետացման ներկայիս սպառնալիքը, առաջին անգամ STARMUS-ը կենտրոնանում է մեր մայր մոլորակի վրա: Համախմբելով բոլոր երկրների հրաշալի եւ ազատ մտածող մարդկանց՝ մենք կփորձենք գտնել նոր պատասխաններ մեր հարցերին, որպեսզի փրկենք Երկիր մոլորակը», - ասել է Բրայան Մեյը:

 

Այս տարի STARMUS-ը համագործակցում է ESET-ի՝ կիբերանվտանգության համաշխարհային ընկերության հետ, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Բրատիսլավայում, որպեսզի ոգեշնչի Սլովակիայի եւ ամբողջ աշխարհի երիտասարդներին պատասխանատվություն ստանձնել եւ նպաստել մեր մոլորակի ապագային՝ օգտագործելով գիտական հետազոտությունները եւ ժամանակակից տեխնոլոգիաները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին