STARMUS-ի ոգեշնչումը, գիտության առաջընթացը եւ Դեյվիդ Էյքրի սպասումները - Mediamax.am

1851 դիտում

STARMUS-ի ոգեշնչումը, գիտության առաջընթացը եւ Դեյվիդ Էյքրի սպասումները


Դեյվիդ Էյքրը
Դեյվիդ Էյքրը

Լուսանկարը` ԵՊՀ

Գարիկ Իսրայելյանը
Գարիկ Իսրայելյանը

Լուսանկարը` ԵՊՀ

Ջեյմս Բաղյանը
Ջեյմս Բաղյանը

Լուսանկարը` ԵՊՀ


STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի շրջանակում փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը եւ Astronomy պարբերականի գլխավոր խմբագիր, գրող Դեյվիդ Էյքրը հանդիպել են Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ: Նրանք խոսել են STARMUS-ի, սովորելու եւ գիտության կարեւորության մասին:

 

Մաքսիմալ փորձառություն ձեռք բերել

 

Գարիկ Իսրայելյանն ասել է, որ STARMUS փառատոնի ոգեշնչումը գալիս է իր ուսանողական տարիներից, երբ իրեն զգում էր 100 տոկոս ազատ, վայելում էր թե՛ ուսումը, թե՛ կյանքը՝ ամբողջությամբ։

Գարիկ Իսրայելյանը Գարիկ Իսրայելյանը

Լուսանկարը` ԵՊՀ

«Պարտադիր չէ, եւ նույնիսկ, հնարավոր էլ չէ, որ դուք ամեն ինչ սովորեք։ Կարող եք օրվա մեջ հստակ երկու ժամ տրամադրել ուսմանը եւ հաջողել։ Ես չեմ հիշում ինձ 8 կամ 9 ժամ սովորելիս։ Ուսանողները պետք է փորձեն վայելել ամեն ինչ, լինեն դրական, ջանքեր դնեն իրենց ուսման մեջ ու դա երբեք չի ձանձրացնի, չեք հոգնի։

 

Պետք է շատ փորձառություն ձեռք բերեք եւ չունենաք վատատես հայացքներ։ Դուք կարող եք շատ բաներ անել, սովորել, սխալվել, փորձել եւ դրանցից մեկը կհաջողի»,- ասել է Գարիկ Իսրայելյանը։

 

«Իմ սպասումները գերազանցվեցին»

 

Դեյվիդ Էյքրը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով.

 

«Առաջին անգամն եմ Հայաստանում։ Գիտեի, որ այստեղ հրաշալի է լինելու, բայց իմ սպասումները գերազանցվեցին։ Ձեր երկիրը հրաշալի վայր է՝ ջերմ եւ սքանչելի մարդկանցով։ Հիացած եմ՝ տեսնելով այստեղի մշակույթն ու պատմությունը»:

Դեյվիդ Էյքրը Դեյվիդ Էյքրը

Լուսանկարը` ԵՊՀ

Անդրադառնալով գիտությունը՝ գրողը նշել է, որ այն մարդկանց տալիս է պատկերացումների հստակ շրջանակ՝ թե ի՞նչն է ճիշտ, ո՞րն է իրականությունը եւ ինչպե՞ս է տիեզերքը գործում. «Հենց սրա մասին է STARSMUS-ը եւ մենք շատ ուրախ են աջակցել փառատոնին»:

 

Նրա խոսքով՝ վերջին մեկ կամ երկու տասնամյակն աստղագիտության համար շատ հետաքրքիր ժամանակ է եղել։

 

«Մենք իմացել եւ իմանում ենք ավելի հիմնարար բաներ այն մասին, թե ինչպես է տիեզերքն առաջացել եւ զարգացել։ Ուստի՝այս ժամանակը իսկապես հեղափոխական է եւ տիեզերական առաքելությունները մեզ իսկապես աննախադեպ արդյունքներ են հաղորդում։ Տիեզերքում դեռեւս կան մեծ-մեծ անակնկալներ եւ հույս ունենք, որ շուտով կլինի պատասխանը հարցերի, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ ենք մենք այստեղ։ Դրա համար պետք է հասկանալ, թե ինչպես կարող են գիտության տարբեր ճյուղեր մեկտեղվել եւ աշխատել միասին»,- նշել է Astronomy պարբերականի գլխավոր խմբագիր:

 

Պետք է ճանաչել միմյանց արժեքները

 

Ջեյմս Բաղյանն ուսանողներին խորհուրդ է տվել գիտակցել, որ իրենք պարզապես ինժեներ, ֆիզիկոս, քիմիկոս աստղագետ կամ մաթեմատիկոս չեն:

 

«Ես միշտ հետաքրքրասեր եմ եղել, տարբեր բաներ հասկացել եմ եւ կարողացել եմ դրանք մեկտեղել։ Դուք էլ պետք է իմանաք, թե ինչով են զբաղվում այլ մարդիկ, կարողանանք արդյունավետ եւ միմյանց համար հասկանալի հաղորդակցվել։ Ճանաչել միմյանց մշակույթը, արժեքները, դա իսկապես շատ կարեւոր է։ Բայց երբ ուսանող էի, ուզում էի սովորել ֆիզիկա եւ քիմիա, ինժեներական տեխնոլոգիաներ եւ դրանց նման այլ բաներ:

Ջեյմս Բաղյանը Ջեյմս Բաղյանը

Լուսանկարը` ԵՊՀ

Ուրախ էի, որ ինժեներական համալսարան էի ընդունվել, որտեղ ստիպված չէի լեզու սովորել: Կարծում եմ՝ ճիշտ դատողություն չէր, չէի գիտակցում դրա կարեւորությունը: Բարեբախտաբար, դուք ունեք այդ հնարավորությունը, քանի որ այն բացում է ավելի շատ դռներ, որոնցից դուք կկարողանաք օգտվել։ Եթե դուք չօգտվեք դրանից, կիսատ մարդ կլինեք, չեք հասնի այն ամենին, ինչ կարող էիք ունենալ եւ վայելել»,- ասել Ջեյմս Բաղյանը։

 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին