Հայաստանն առանձնահատուկ եւ տպավորիչ STARMUS VI է խոստանում - Mediamax.am

2455 դիտում

Հայաստանն առանձնահատուկ եւ տպավորիչ STARMUS VI է խոստանում



Գիտության եւ արվեստի աշխարհահռչակ STARMUS փառատոնը 2021թ․ սեպտեմբերի 6-ից 11-ը Երեւանում կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների եւ տիեզերագնացների:

 

Կազմակերպիչներն այսօր կայացած առցանց միջոցառման ընթացքում պաշտոնապես հայտարարել են փառատոնը Հայաստանում անցկացնելու մասին՝ նշելով, որ STARMUS VI-ը նվիրված կլինի Մարսին՝ խորհրդային MARS 3-ից եւ ամերիկյան MARINER 9-ից մինչեւ NASA-ի տպավորիչ առաքելություններն ու Space X-ի հավակնոտ վայրէջքի պլաններ։

 

Փառատոնի համահիմնադիր, տնօրեն եւ Խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանն ասել է, որ «STARMUS VI-ը կլինի մարդկության ապագայի մասին փառատոն, որը կքննարկի՝ ինչո՞ւ է կարեւոր Մարս մոլորակը եւ գիտության ու տեխնոլոգիաների ի՞նչ զարգացման կբերի դրա ուսումնասիրությունը»։

 

6-րդ Starmus փառատոնը Հայաստան կբերի աշխարհահռչակ գիտնականների,  արվեստագետների եւ տիեզերագնացների՝ կիսվելու բեկումնային բացահայտումներով, անդրադառնալու հրատապ հարցերի եւ ոգեշնչելու նոր սերնդի գիտնականներին ու հետազոտողներին։

 

Մեդիամաքսը գրի է առել առցանց միջոցառման բանախոսների ուշագրավ մտքերը։

 

Մարսի տարին

 

Գարիկ Իսրայելյանը 2021 թվականն անվանել է Մարսի տարի՝ նշելով, որ 2020թ․ ամռանն աշխարհի երեք տիեզերական գործակալություն պլանավորում է մեկնարկել դեպի Մարս առաջին առաքելությունները, որոնք այդ մոլորակ կժամանեն 2021 թ-ին։ 

 

«Մարս մոլորակի հետազոտության վերջին արդյունքները մեզ կհասնեն հենց փառատոնի ժամանակ, ինչը շատ հետաքրքիր երեւույթ է։ Մարսի տարվա մեջ ենք գտնվելու, վստահ եմ, որ չափազանց հետաքրքիր փառատոն կունենանք՝ նվիրված դեպի Կարմիր Մոլորակ Խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի առաքելությունների 50-ամյակին։ Վստահ ենք, որ հաջորդ 10-ամյակը նվիրված է լինելու Մարս մոլորակի լուրջ հետազոտություններին, եւ դրանք իրենց մեջ ներառում են տարբեր բնագավառներ՝ բիոքիմիա, աստղաֆիզիկա, երկրաբանություն եւ այլն»,- ասել է Գարիկ Իսրայելյանը։

 

Նա ասել է, որ շուտով սկսելու են աշխատել փառատոնի ծրագրի վրա, եւ վստահություն հայտնել, որ այն լինելու է լավագույնը STARMUS-ի պատմության մեջ։ 

 

 

Հայաստանի ոգեւորությունը

 

Հայաստանը STARMUS VI փառատոնը հյուրընկալելու է մեծ պատասխանատվությամբ, ոգեւորությամբ եւ ակնկալիքներով։

 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով երկու տարի առաջ Ցյուրիխում STARMUS V-ի բացման արարողության ժամանակ իր ելույթում հրավիրել էր փառատոնը Հայաստան, վստահություն է հայտնել, որ երեւանյան փառատոնն առանձնահատուկ է լինելու։ 

 

«Շատ ուրախ կլինենք, եթե Հայաստան այցելեն նոբելյան մրցանակակիրներ, որոնք այդ մեկ շաբաթվա ընթացքում իրենց դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլեւ կոգեւորեն մեր գիտնականներին, փառատոնի այցելուներին, երիտասարդությանը։ STARMUS-ը մեկ այլ նպատակ էլ ունի՝ կրթությունը, որը երիտասարդներին ուղղորդում է դեպի ապագա՝ գիտություն, տեխնոլոգիաներ։ Այդ ապագան նաեւ այն երազն է, որ Հայաստանը կարող է մասնակից լինել միջազգային ամենամեծ ծրագրերի՝ ընդհուպ մինչեւ Մարս այցելությանը։ Մեր երկրի հաջողությունը ապագայում շատ սերտ ձեւով կապված է լինելու նոր տեխնոլոգիաների հետ»,- ասել է Հայաստանի նախագահը։

 

Նա ցանկություն է հայտնել, որ հայաստանյան փառատոնը շատ սերտ կապված լինի 21-րդ դարի առաջնային խնդիրների, մասնավորապես՝ արհեստական բանականության հետ, քանի որ առանց դրա չի կարող լիներ նոր գիտություն, կրթություն, մշակույթ, երաժշտություն։ 

 

«Շատ հպարտ եմ լսել գիտության, արվեստի եւ տեխնոլոգիայի զարգացման մասին այդպիսի շեշտադրումներ Հայաստանի նախագահից։ Ես վստահ եմ, որ փառատոնի աշխատանքներում հնարավոր կլինի նաեւ հայկական սփյուռքը ներգրավել եւ ի դեմս սփյուռքի ներկայացուցիչների՝ ունենալ փառատոնի դեսպաններ աշխարհի տարբեր երկրներում»,- արձագանքել է Գարիկ Իսրայելյանը։ 

 

Նա ասել է, որ իր համար հատկապես կարեւոր էր փառատոնը Հայաստան բերել․

 

«Ես իմ կյանքի 50 տոկոսը Հայաստանում եմ անցկացրել, 50 տոկոսը՝ Հայաստանի դուրս։ Ոգեշնչման ժամանակաշրջանը հենց Հայաստանում է եղել, բայց իմ մտքով ընդհանրապես չէր անցել, որ փառատոնը կարող է գալ Հայաստան, մինչեւ որ նախագահից ստացանք այդ հրավերը։ Հիմա մենք ապրում ենք ուրիշ աշխարհում, որտեղ երիտասարդներին պետք է անընդհատ ոգեշնչել, միայն չոր կրթությունով՝ առանց բացատրելու, առանց ոգեշնչելու դժվար մեծ արդյունքներ տա»։

 

STARMUS-ը գալու է Հայաստան՝ նոր բաղադրիչով եւ ոգով

Փառատոնից ակնկալիքները

 

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ փառատոնի անցկացնումը Հայաստանում հնարավորություն կընձեռի նոր զարկ տալ գիտության, մշակույթի, կրթության ոլորտների զարգացմանը։

 

«Մի շարք ծրագրեր ունենք, որ պետք է իրականացվեն այս ընթացքում։ Առանձնահատուկ եւ տպավորիչ միջոցառումներ ենք նախատեսում, որոնք կմիավորեն արվեստն ու գիտությունը եւ հանրությանը նոր լույսով կներկայացնեն հոգեւոր եւ մտավոր արժեքները։ Կարծում եմ, որ փառատոնը Հայաստանում նոր զարկեր կտա հատկապես տեխնոլոգիական կրթության առումով։ Փառատոնի անցկացումը Հայաստանում նոր հարթակներ, կամուրջներ կստեղծի համաշխարհային գիտատեխնիկական կենտրոնների հետ համագործակցության համար»,- ասել է նախարարը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ ասել է, որ այսօր աշխարհն առաջ տանող ուժերը նորարարական, գիտատեխնոլոգիական ուղղություններն են։

 

«Գիտությամբ զբաղվելը նշանակում է լինել առաջնորդ, ավանգարդ եւ նորարար։ Այս փառատոնը՝ միավորելով ռոք երաժշտությունն ու աստղաֆիզիկան, շատ ավելի հրապուրիչ է դարձնում գիտությամբ զբաղվելը, հատկապես՝ երիտասարդների համար։ Տիեզերական տեխնոլոգիաներն այս պահին ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն են աշխարհում, եւ Հայաստանը մեծ առավելությունների դաշտ է ստեղծել մեր երկրում տիեզերական արդյունաբերության համար»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է։

 

Խորհրդանշանական այցելությունը

 

STARMUS փառատոնի Խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը առցանց միջոցառման ժամանակ ասել է, որ անհամբեր սպասում է 2021թ․ սեպտեմբերին Հայաստանում փառատոնի անցկացմանը եւ հիշել 50 տարի առաջ Բյուրականի աստղադիտարանում կայացած միջոցառման մասին։ 

 

«Ինձ համար՝ որպես անձնավորության, ով փորձում է երկրագնդից անդին կյանք հայտնաբերել, ինձ համար այդ վայրն ու տարեթիվը շատ առանձնահատուկ նշանակություն ունի։ 2021թ․ սեպտեմբերին կլրանա 50 տարին, երբ 1971թ․ սեպտեմբերին կայացավ առաջին համատեղ ԱՄՆ-ԽՍՀՄ խորհրդաժողովը՝ նվիրված տիեզերական այլմոլորակային ուսումնասիրություններին, եւ այդ խորհրդաժողովը անցկացվեց Բյուրականի աստղադիտարանում։ Նույնիսկ շաբաթն է համընկել։ 50 տարի առաջ ես մագիստրատուրայի ուսանող էի, եւ չկարողացա գալ այդ խորհրդաժողովին, եւ հիմա անձնապես լիահույս եմ, որ կգամ եւ կկարողանամ  ինքս ճանաչել աստղադիտարանը, որտեղ այդ պատմական միջոցառումն է տեղի ունեցել եւ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը սկսեցին համագործակցել»,- ասել է Ջիլ Տարտերը։

 

Նա հույս է հայտնել, որ փառատոնը շատ ակտիվ ծրագիր կունենա եւ հնարավորինս մեծ թվով մարդկանց կմիավորի գլոբալ մտածողությամբ աշխարհը փոխելու հնարավորության շուրջ։

 

Փառատոնի խորհրդական, շվեյցարացի աստղագետ, նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը, ով մի քանի անգամ եղել է Հայաստանում եւ արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի, Հայաստանում փառատոնի անցկացումը «ֆանտաստիկ է համարել»։

 

«Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, որն ունի հարուստ մշակույթ եւ հազարավոր տարիների պատմություն, վանքեր, եկեղեցիներ, համեղ խոհանոց։ Ես շատ գեղեցիկ վայրերում եմ եղել եւ շատ եմ սիրում Հայաստանը»,- ասել է Միշել Մայորը՝ փառատոնի մասնակիցներին խորհուրդ տալով, անպայման, այցելել ժայռի եզրին գտնվող Տաթեւի վանք։

 

 

Փառատոնի Խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դէվիդ Այքերը նկատել է, որ այժմ աստղագիտությունն իր ոսկե դարն է ապրում, զարգացումները սրընթաց են տեղի ունենում։ Նա ասել է, որ շարունակելով իրենց գործունեությունը՝ տարածելու են աստղագիտության նկատմամբ իրենց մեծ սերը հանրության լայն շրջանակներում։

 

Այքերը նաեւ նշել է, որ Astronomy ամսագիրը միլիոնավոր լսարան ունի եւ ասել․ «Մենք լիահույս ենք, որ մեր լսարանը ոգեւորված կհետեւի հայաստանյան փառատոնի ընթացքին եւ յուրահատուկ միջոցառումներին։ Հույս ունենք, որ կկարողանանք դիտակների միջոցով ներկայացնել Հայաստանի երկինքը, այս երկրի յուրահատուկ աստղագիտական ժառանգությանը, գիտության  հարուստ պատմությանը»։

 

2011 թվականին՝ Կանարյան կղզիներում արդեն շուրջ 20 տարի բնակվող հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ Տեներիֆեում կազմակերպվեց STARMUS միջազգային փառատոնը, որը նվիրված էր Յուրի Գագարինի` տիեզերք կատարած առաջին թռիչքի 50-ամյակին։ Հետագայում այն կազմակերպվեց եւս չորս անգամ, այդ թվում՝ Նորվեգիայում ու Շվեյցարիայում՝ դառնալով գիտական ու երաժշտական վառ իրադարձություն եւ ներգրավելով աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների։

 

Starmus-ի խորհրդատվական խորհուրդը 6-րդ փառատոնի՝ արվեստի եւ երաժշտության ոլորտի խոսնակների անունները կհայտարարի ավելի ուշ՝ այս տարի։ Փառատոնի հաստատված խոսնակներն են Նոբելյան մրցանակակիր գիտնականներ Էդվարդ Մոզերն ու Միշել Մայորը, Apollo 16-ի Լուսնագնաց Չարլզ Դյուկը, CRISPR գեների խմբագրման տեխնոլոգիայի համահեղինակ Էմանուել Շարպանտիերն ու «ipod-ի հայր» եւ NEST-ի հիմնադիր Թոնի Ֆադելը։ Առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.starmus.com։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին