STARMUS-ը գալու է Հայաստան՝ նոր բաղադրիչով եւ ոգով - Mediamax.am

exclusive
2371 դիտում

STARMUS-ը գալու է Հայաստան՝ նոր բաղադրիչով եւ ոգով


Բրայան Մեյը (ձախից)
Բրայան Մեյը (ձախից)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
Սթիվեն Հոքինգը
Սթիվեն Հոքինգը
Ալեքսեյ Լեոնովը (աջից)
Ալեքսեյ Լեոնովը (աջից)

2011 թվականին Կանարյան կղզիներում արդեն շուրջ 20 տարի բնակվող հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ Տեներիֆեում  կազմակերպվեց STARMUS միջազգային փառատոնը, որը նվիրված էր Յուրի Գագարինի` տիեզերք կատարած առաջին թռիչքի 50-ամյակին։ Հետագայում այն կազմակերպվեց եւս չորս անգամ, այդ թվում՝ Նորվեգիայում ու Շվեյցարիայում՝ դառնալով գիտական ու երաժշտական վառ իրադարձություն եւ ներգրավելով աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների։ 

 

2019թ. հունիսին անցկացված STARMUS փառատոնին մասնակցեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով առաջարկեց հաջորդ՝ թվով 6-րդ փառատոնն անցկացնել Հայաստանում։ Մեդիամաքս-ը ներկայացնում է STARMUS-ի գաղափարի պատմությունը եւ պատմում, թե ինչու է հայաստանյան փառատոնը լինելու առանձնահատուկ։

 

Գիտություն, երաժշտություն, արվեստ՝ այս երեք բաղադրիչի միաձուլումն է ընկած STARMUS-ի հիմքում։ Փառատոնի գաղափարի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը, ով աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում, պատմում է Մեդիամաքսին, որ միշտ համոզված է եղել, որ գիտությունը կարելի է եւ պետք է ավելի մասսայական ու հասանելի դարձնել։ Աշխարհահռչակ գիտնականները հիմնականում դասախոսություններ են կարդում կրթագիտական հաստատություններում նեղ շրջանակի համար, ինչն այդքան էլ չի նպաստում գիտության հանրամատչելիացմանը։ 

 

«Մտածում էի ստեղծել մի այնպիսի փառատոն, որին մասնակցեն իրենց ոլորտներում մեծ համբավ ունեցող գիտնականները, որոնք տարբեր բնագավառներից՝ աստղագիտությունից ու գենետիկայից մինչեւ հնագիտություն ու կենսաբանություն, դասախոսություններով հանդես գան, սակայն այդ ամենը համեմված լինի երաժշտությամբ կամ վիզուալ արվեստով։ Մտածում էի, որ պետք է, մի կողմից, հանրահայտ մարդիկ լինեն, որոնք կգրավեն հասարակության ու մեդիայի ուշադրությունը, մյուս կողմից՝ ոչ այդքան հայտնի, բայց շատ տաղանդավոր գիտնականներ ու արտիստներ, որպեսզի միմյանց հետ շփման հնարավորություն ունենան»,- պատմում է Գարիկը։ 

 

Ամբողջությամբ գաղափարը ձեւավորվեց Queen ռոք-խմբի անդամ Բրայան Մեյի  հետ շփումների եւ քննարկումների արդյունքում։  

 

Պերֆեկցիոնիստ աստղաֆիզիկոս Բրայան Մեյը 

 

Բրայան Մեյի մասին գիտեն բոլորը, սակայն քչերին է հայտնի, որ երաժշտությունից հետո նրա երկրորդ կիրքը գիտությունն է։ Լեգենդար երաժիշտն աստղաֆիզիկոս է եւ այդ մասնագիտությամբ դոկտորական ատենախոսություն է պաշտպանել։ Մեյը շատ կապված է եղել հենց Տեներիֆեի հետ, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ օպտիկական աստղադիտակը։

 

Գարիկ Իսրայելյանը պատմում է, որ Լոնդոնի հանրահայտ Imperial College-ը գերազանցությամբ ավարտած Բրայան Մեյը 1969 թվականին շուրջ մեկ տարի անցկացրել է Կանարյան կղզիների հանրահայտ Տեյդե աստղադիտարանում, որտեղ դիտումներ էր անում, եւ մի քանի գիտական հոդված է հրապարակել։ Այստեղ Queen-ի ապագա լեգենդն աշխատել է իր թեզի վրա, սակայն վերադառնալով Լոնդոն՝ գրեթե ավարտած աշխատությունը մի կողմ է դրել եւ ամբողջությամբ տրվել նոր ձեւավորվող ռոք-խմբին։ «Բրայան Մեյը պերֆեկցիոնիստ է, ինչ անում է, ձգտում է հասցնել կատարյալի, դրա համար չեմ կասկածում, որ եթե զբաղվեր միայն գիտությամբ, ապա փայլուն գիտնական կդառնար ու աստղագիտության մեջ մեծ բարձունքների կհասներ»,- նշում է Գարիկ Իսրայելյանը։ 

Բրայան Մեյը (ձախից) Բրայան Մեյը (ձախից)

 

Տարիներ անց՝ 1998 թվականին, Բրայան Մեյի Տեներիֆե հերթական այցի ընթացքում տեղի ունեցավ նրա ու Գարիկի ծանոթությունը։ Հայ աստղաֆիզիկոսը պատմում է, որ երիտասարդ տարիներին ընկերների հետ Երեւանում ռոք-ակումբ էին ստեղծել, Queen-ի երգերն էին կատարում, Մեյին ու Ֆրեդիին հասցեագրված նամակներ ուղարկում, եւ իհարկե նա երբեք չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր Բրայան Մեյի հետ անձամբ ծանոթանալու հնարավորություն կունենա։ 

 

«Բրայանի հետ ընկերացանք, դերերով փոխվել էինք. ես անդադար խոսում էի եւ հարցեր տալիս երաժշտությունից, նա՝ գիտությունից։ Իր միջոցով հետագայում լեգենդար աստղերից շատերի հետ ծանոթացա, համերգների մասնակցեցի։ Ի վերջո, Բրայանին համոզեցի վերադառնալ իր անավարտ թեզին։ Միասին էինք աշխատում, դիտումներ անում Տեյդեում»,- ասում է Գարիկը։ 

 

Բրայան Մեյի թեզը նվիրված էր զոդիակային փոշու մեջ շառավղային դինամիկային։ 2007 թվականին նա պաշտպանեց այն Imperial College-ում։ Այդ ժամանակ էլ սկսվեցին քննարկումները փառատոն կազմակերպելու վերաբերյալ: Մի քանի տարի անց՝ 2011թվականին, Տեներիֆեում անցկացվեց առաջին STARMUS-ը։  

 

STARMUS-ի էվոլյուցիան՝ Նիլ Արմսթրոնգից մինչեւ Սթիվեն Հոքինգ  

 

STARMUS-ի առաջին փառատոնին մասնակցել են առաջատար գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, հայտնի տիեզերագնացներ, նրանց թվում` Նիլ Արմսթրոնգը, խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Ջիմ Լովելը՝ «Ապոլո 13»-ից, Ռիչարդ Դոքինզը եւ այլոք: Առաջին փառատոնին ընդամենը մի քանի հարյուր մարդ է մասնակցել, հովանավորներ չկային։ Այդ ժամանակ սկսեց ձեւավորվել STARMUS-ի խորհուրդը, որի անդամներ դարձան տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, անվանի երաժիշտ Փիթեր Գեբրիելը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ: Փառատոնի օրերին Իսպանիայի թագավոր Ֆիլիպը հյուրընկալել էր Գարիկ Իսրայելյանին ու Ալեքսեյ Լեոնովին։ 

Ալեքսեյ Լեոնովը (աջից) Ալեքսեյ Լեոնովը (աջից)

 

Հաջորդ երկու փառատոնը նույնպես տեղի ունեցավ Տեներիֆեում՝ ներգրավելով մի շարք նոր հանրահայտ դեմքերի, այդ թվում՝ ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգին, NASA-ի տիեզերագնացներ-լուսագնացներ Բազ Օլդրինին, Չարլզ Դյուկին, Հարիսոն Շմիդտին, ամերիկացի կինոռեժիսոր, օսկարակիր Օլիվեր Սթոունին, ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ինտերստելար» ֆիլմի գաղափարի հեղինակներից Քիփ Թորնին։

 

Ալեքսեյ Լեոնովը եւ Հոքինգի դիմանկարը

 

Գարիկը խոստովանում է, որ Հոքինգն իր տեսած ամենաուժեղ մարդն է։ «Երբ նստում էի կողքը եւ տեսնում էի, թե ինչ բարդ է իրեն տրվում շփումը, բառեր կազմելը, ապշում էի, որ մարդ կարող է նման վիճակում գիտությամբ զբաղվել, նոր հայտնագործություններ անել։ Նա ֆանտաստիկ հումորի զգացում ուներ, ինչը նույնպես ապշեցուցիչ էր նման իրավիճակում գտնվող մարդու համար։ Այդ հիվանդությամբ տառապողները հաճախակի ինքնասպանություն են գործում՝ չդիմանալով տանջանքներին ու դեպրեսիային, սակայն Սթիվեն Հոքինգի կամքը եւ լավատեսությունն աննկարագրելի էին»,- պատմում է Գարիկը։   

[[linked-news 27554]]

2015-ին Լոնդոնի Science Museum-ում պետք է տեղի ունենար Ալեքսեյ Լեոնովի դասախոսությունը, որին նախատեսված էր նաեւ Հոքինգի մասնակցությունը։ Լեոնովը շատ լավ նկարիչ է, եւ Գարիկն առաջարկել էր, որպեսզի Հոքինգին հաճելի անակնկալ մատուցեն՝ Լեոնովի կողմից պատկերված նրա դիմանկարը։ Գարիկի խոսքով՝ ողջ ճաշի ընթացքում Լեոնովը Հոքինգի դեմ դիմաց նստած ուշադիր ուսումնասիրում էր նրան, որպեսզի հետո հիշողությամբ կարողանա նկարել։ Հաջորդ օրը՝ Լեոնովի դասախոսության ավարտին, երբ Հոքինգը բեմ էր բարձրացել շնորհակալական խոսք ասելու համար, Լեոնովը նվիրեց Հոքինգի դիմանկարը, ինչը բավականին հուզական էր ամենահանճարեղ գիտնականներից մեկի համար։ 

Սթիվեն Հոքինգը Սթիվեն Հոքինգը

 

Հետագայում, երբ հիմնադրվեց Հոքինգի անվան մեդալը, հենց այդ նկարը պատկերվեց մեդալի վրա, իսկ շնորհանդեսը տեղի ունեցավ Լոնդոնում հայտնի օպերային երգչուհի Սարա Բրայթմանի, աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Զիմերի, Anathema ռոք-խմբի մասնակցությամբ։ Վերջին տարիներին մեդալը շնորհվել է Հանս Զիմերին, BBC-ի մի շարք գիտական հաղորդումների հեղինակ, լոնդոնյան թագավորական համայնքի անդամ Ջիմ ալ-Հալիլին, «Մեծ պայթյունի տեսությունը» սիթքոմին եւ այլ անվանի մարդկանց ու ֆիլմերին, որոնք իրենց ավանդն են ունեցել գիտության հանրամատչելիության գործում։   

 

STARMUS-ը Հայաստանում՝ նոր բաղադրիչներով ու ոգով 

 

2019թ. հունիսին Շվեյցարիայում կազմակերպվել էր STARMUS հինգերորդ փառատոնը, որին մասնակցել եւ ելույթով հանդես էր եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա առաջարկել էր STARMUS-ի հաջորդ փառատոնը անցկացնել Հայաստանում՝ շեշտելով, որ դա մեր երկիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու եւս մեկ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը դառնա աշխարհահռչակ գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների, տիեզերագնացների, աշխարհի հայտնի երաժիշտների հանդիպման վայր: 

 

2019թ. օգոստոսին Տեներիֆե կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահը վերահաստատել է իր առաջարկ-հրավերը նախաձեռնության կազմակերպիչների եւ խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, որոնք դրական են արձագանքել նախագահի առաջարկությանը: 

 

Այդ հանդիպմանը փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց STARMUS-ի եւ նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի միջեւ: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

 

Նախագահի առաջարկությամբ` Հայաստանում անցկացվող փառատոնը կընդգրկի նոր բաղադրիչ՝ աշխարհահռչակ գիտնականներից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներից բացի ներգրավելով նաեւ աշխարհի խոշորագույն ընկերություններին, որոնց ամենաբարձր ներկայացուցիչները նույնպես կժամանեն Հայաստան՝ ներկայացնելով իրենց արտադրանքը եւ ծանոթանալով մեր երկրի գիտության տարբեր բնագավառներում հնարավորություններին ու ներուժին։ Հատուկ ուշադրություն է տրվելու նաեւ կրթական բաղադրիչին։ Բացի այդ, նախատեսվում է, որ շուրջ մեկ շաբաթ տեւող փառատոնի ընթացքում հյուրերը դասախոսություններով հանդես կգան հայկական բուհերում եւ գիտական կենտրոններում, կծանոթանան Բյուրականի աստղադիտարանի հնարավորություններին։ Փառատոնի անցկացումը Հայաստանում բացառիկ հնարավորություն կդառնա երիտասարդ հայ գիտնականների համար։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին