20067 դիտում

ԵրՖի-ն կղեկավարի աշխարհահռչակ ֆիզիկոս Անի Ապրահամյանը


Լուսանկարը` https://womenlead2016.nd.edu

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն է նշանակվել Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ, Ինդիանա) ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանը:

Որոշումը միաձայն ընդունվել է ԵրՖի հոգաբարձուների խորհրդի նիստում, հայտնում են Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, շնորհավորելով նորանշանակ տնօրենին, հույս է հայտնել, որ Անի Ապրահամյանի ղեկավարությամբ ազգային լաբորատորիան, կառավարվելով միջազգային ստանդարտներին համապատասխան, կարձանագրի գիտական լուրջ առաջընթաց:

Խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը, ներկայացնելով Անի Ապրահամյանին, նշել է, որ նա համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս է, ԱՄՆ եւ Եվրոպական մի շարք երկրների գիտական կազմակերպությունների եւ միությունների անդամ (Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիա (AAAS), Ամերիկյան քիմիայի միություն (ACS), Ամերիկյան ֆիզիկայի միություն (APS), Sigma Xi, Նյու Յորքի գիտությունների ակադեմիա):

Անի Ապրահամյանը համանախագահում է ԱՄՆ-ի ազգային ակադեմիաների էլեկտրոնային իոնոյին կոլայդերի (Electron Ion Collider) հանձնաժողովը, Մաքուր եւ կիրառական ֆիզիկայի միջազգային միության (IUPAP) միջուկային գիտության կոմիտեի եւ նույն միության տարրական մասնիկների աստղաֆիզիկայի աշխատանքային խմբի, Հարավային Դակոտայի Գիտության եւ տեխնոլոգիաների կազմակերպության (Sanford Underground Laboratory) խորհրդի, ինչպես նաեւ միջուկային ֆիզիկայի ոլորտում գործող բազմաթիվ այլ գիտական հանձնաժողովների անդամ է։ 200-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է։

Մեդիամաքսը նշում է, որ 2017 թվականի նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին եւ Անի Ափրահամյանին:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Նախագահը բարձր էր գնահատել նրանց պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ինչպես նաեւ ներդրում ունենալու հատկապես ֆիզիկայի ու մաթեմատիկայի բնագավառներում առաջընթացի եւ երիտասարդ գիտնականների կրթության գործում:

Հանդիպմանը կարեւորվել էր նաեւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ու Անի Ափրահամյան եւ Յուրի Օգանեսյան տանդեմի համագործակցությունը՝ նկատի առնելով, որ Յուրի Օգանեսյանը նաեւ FAST-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am