Գիտական տուրիզմ. նոր հեռանկար Հայաստանի համար - Mediamax.am

exclusive
29973 դիտում

Գիտական տուրիզմ. նոր հեռանկար Հայաստանի համար


Արեգ Միքայելյանը` «Զորաց քարեր»-ում
Արեգ Միքայելյանը` «Զորաց քարեր»-ում

Լուսանկարը` անձնական արխիվ

Բյուրականի աստղադիտարանը
Բյուրականի աստղադիտարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեգ Միքայելյանը` Բյուրականի աստղադիտարանում
Արեգ Միքայելյանը` Բյուրականի աստղադիտարանում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հայկական աստղագիտական ընկերություն

Լուսանկարը` Հայկական աստղագիտական ընկերություն

Արեգ Միքայելյանը դասախոսություն է կարդում Մերգելյան ակումբում
Արեգ Միքայելյանը դասախոսություն է կարդում Մերգելյան ակումբում

Լուսանկարը` Mergelyan Club

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում գիտական տուրիզմի հիմնաքարն արդեն դրված է: Վերջին մեկ տարում ակտիվացած նախաձեռնությունը հասցրել է բավական լուրջ արդյունքներ գրանցել: Մեդիամաքսը նախաձեռնության հեղինակ, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի հետ փորձել է ամփոփել արված աշխատանքներն ու բացահայտել գիտական տուրիզմի հնարավորությունները Հայաստանում: Ի դեպ, ապրիլի 12-ին Արեգ Միքայելյանը ընտրվել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն:

 

Գիտական հիմնարկների զբոսաշրջային հնարավորությունները

 

Թեեւ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, մասնավորապես, ինքնատիպ գիտական կազմակերպություններ (Բյուրականի աստղադիտարանը, Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը), ոչ բոլորն ունեն ցուցադրելու նյութեր, առավել եւս՝ տուրիզմի տեսանկյունից։ Մի մասի դեպքում դեռեւս կարելի է համապատասխան աշխատանքներ կատարել եւ պատշաճ տեսքի բերել ցուցադրվելիք սարքավորումները եւ նյութերը։ Հիմնարկների մի մասն էլ իրականացնում է տեսական հետազոտություններ, որտեղ թվում է, թե ցուցադրելու բան չկա։ Սակայն գտնում եմ, որ նույնիսկ այս դեպքերում կարելի է համակարգչային ներկայացումներ պատրաստել եւ լսարաններում հյուրերին գրավիչ ձեւով պատմել տվյալ գիտության (նույնիսկ այնպիսի վերացական գիտության, ինչպիսին է մաթեմատիկան) հրաշալիքների մասին։ Աշխարհի շատ քիչ երկրներ ունեն Հայաստանի պես խիտ դասավորված գիտական կենտրոններ, այնպես որ շատ բաներ տուրիստները կարող են եւ այլ երկրներում տեսած չլինել ։ 

 

Գիտական տուրիզմի քարտեզը

 

Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի «գիտական քարտեզը, կատարել ենք մեծ թվով այցելություններ գիտական բնույթի հնավայրեր, գիտությանն առնչվող թանգարաններ, գիտական հիմնարկներ։ Ընդհանուր առմամբ, այցերին մասնակցել է ավելի քան 200 մարդ, բայց, քանի որ շատ դեպքերում նույն մարդիկ են եղել (շուրջ 40 տուրօպերատոր): Նրանց հետ լավ համագործակցություն է հաստատվել։ Նրանցից շատերը հենց տեղում հետաքրքիր առաջարկներ էին անում տվյալ կենտրոն այցելությունների կազմակերպման հետ կապված։ 

Դեռեւս կոնկրետ դեպքեր չգիտեմ, որ գիտական տուրիզմի փաթեթները ներառված լինեն տուրօպերատորների զբոսաշրջային ծրագրերի առաջարկների մեջ: Սա բավական իներտ գործընթաց է։ Բայց ամեն դեպքում բազմաթիվ նախադրյալներ ստեղծել ենք։ Մեր ստեղծած «Բյուրականի աստղադիտարանը որպես գիտական տուրիզմի կենտրոն» կայքէջում արդեն տրված են կոնկրետ հաշվարկած տուրիստական փաթեթներ, որոնք կարող են կիրառվել տուրիստական գործակալությունների եւ առանձին տուրօպերատորների կամ զբոսավարների կողմից։ 

Արեգ Միքայելյանը` Բյուրականի աստղադիտարանում Արեգ Միքայելյանը` Բյուրականի աստղադիտարանում

Լուսանկարը` Մեդիամաքս

Բոլոր կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվել եւ համակարգվել է` գիտական հնավայրեր (Զորաց քարեր, ժայռապատկերներ, Դվին), միջնադարյան կրթօջախներ (Գլաձոր, Տաթեւ, Սանահին), արգելոցներ (Էրեբունի, Գոշավանք), գիտության թանգարաններ (Գիտության եւ տեխնիկայի, Տիեզերքի, Երկրաբանական, Ցեղասպանության թանգարան, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան), գիտական հաստատություններ (Բյուրականի աստղադիտարան, ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, ՔԵՆԴԼ): Կազմվել է քարտեզ՝ քանի որ գիտական կենտրոնների մեծ մասը Երեւանում են, քարտեզի մի կողմում տրված է Հայաստանն ամբողջությամբ, իսկ մյուս կողմում՝ Երեւանը։

Համագործակցություն Տուրիզմի հայկական ինստիտուտի հետ

 

Տուրիզմի հայկական ինստիտուտում (ՏՀԻ) բացվել է գիտական տուրիզմի ամբիոն, որի գործառույթների մեջ մտնում են համապատասխան դասընթացներ, ուսանողական կուրսային աշխատանքներ եւ թեզեր, ուսանողական պրակտիկա, տուրիստական գործակալությունների հետ գիտական տուրիզմի ծրագրի զարգացում, գիտական տուրիզմի հիմունքների մշակման աշխատանքներ։ Գրեթե բոլոր այցելությունները գիտական հիմնարկներ կազմակերպվել են ՏՀԻ հետ համատեղ, անցկացվել են կոնֆերանս, հանդիպումներ, դասընթացներ։

 

Տուրիստական փաթեթներ. Բյուրական աստղադիտարանի օրինակը

 

Մանրակրկիտ առաջարկ է պատրաստվել Բյուրականի աստղադիտարանի համար։ Փաթեթը բաղկացած է հետեւյալ տարրերից. կարճատեւ ցերեկային եւ գիշերային այցելություններ՝ խոշորագույն՝  2.6մ աստղադիտակի այցելությամբ եւ փոքր աստղադիտակներով գիշերային երկնադիտմամբ, միջին տեւողության այցելությունները՝ լրացուցիչ աստղագիտական դասախոսությամբ կամ ֆիլմի դիտմամբ եւ սննդի ապահովմամբ, երկարատեւ (մեկ կամ ավելի գիշերվա գիշերակացով) այցելություններ՝ լրացուցիչ էքսկուրսիաներով աստղադիտարանում եւ Բյուրականի շրջակայքում։

Բյուրականի աստղադիտարանը Բյուրականի աստղադիտարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվել նաեւ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում եւ Սարդարապատի ազգագրության թանգարանում։  

 

Գիտական տուրիզմի վայրերի տվյալների շտեմարանը

 

Մեր բազմաթիվ այցելությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում ստեղծեցինք բավական մեծ տվյալների շտեմարան, որը հիմք հանդիսացավ թե՛ քարտեզի եւ թե՛ համացանցային կայքէջի ստեղծման համար։ Այստեղ կա տեղեկատվություն գիտական տուրիզմի մասին ընդհանրապես, Հայաստանի գիտության մասին՝ պատմական եւ ժամանակակից, ներկայացված են գիտական բնույթի տուրիստական կենտրոնները, մեր կողմից կազմակերպած միջոցառումները եւ այլն։ Բացի այդ, կա նաեւ գիտական տուրիզմի ֆեյսբուքյան էջը, որտեղ ակտիվորեն տարածվում է տեղեկատվությունը, տեղի են ունենում քննարկումներ։  

Արեգ Միքայելյանը դասախոսություն է կարդում Մերգելյան ակումբում Արեգ Միքայելյանը դասախոսություն է կարդում Մերգելյան ակումբում

Լուսանկարը` Mergelyan Club

Նախատեսում էինք ստեղծել «Հայաստան` գիտության երկիր» տուրիստական փաթեթ, որը կարող է հրապարակվել խտասկավառակների, հեռուստածրագրերի եւ գրքի տեսքով:

 

Դպրոցականները` կարեւոր թիրախ

 

Դպրոցականների այցերը գիտական հիմնարկներ եւ թանգարաններ դիտարկում ենք որպես գիտական տուրիզմի մաս։ Սա էլ ներքին տուրիզմի ոլորտից է։ Լավ կլիներ, եթե ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը սա դիտարկեր որպես ուսումնական ծրագրի մաս, եւ այդ դեպքում դպրոցականներն ավելի իրատեսական կվերաբերվեին հետագայում գիտության ճանապարհը ընտրելու տարբերակին, քանի որ սեփական աչքերով կտեսնեին գիտնականներին, նրանց աշխատանքը, գիտական սարքավորումները, գիտափորձերը, գիտական միջավայրի մասնակիցը կդառնային։

 

Գիտական տուրիզմի վայրեր` Մեդիամաքսից

Մեդիամաքսն առիթ ունեցել է անդրադառնալու թանգարանների եւ գիտական հաստատությունների, որտեղ կարելի է կազմակերպել գիտական զբոսաշրջային այցեր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանում 2016թ.-ին վերաբացված Տիեզերքի թանգարանում, օրինակ, կարելի է ձեռքով դիպչել Տիեզերքից վայրէջք կատարած սարքավորումների ու «շոշափել տիեզերական փոշին»: Թանգարանում ցուցադրված են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներ, որոնք ստեղծվել են հայ մասնագետների կողմից: Այստեղ կարելի է տեսնել տիեզերական հետազոտություններին առնչվող փաստաթղթեր, այդ թվում՝ «ՎՈՍՏՈԿ», «ՍՈՅՈՒԶ» տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների ձեռագիր նյութերը, նամակներ: 

Կենդանաբանության թանգարանում պահվում են Հայկական բնաշխարհի անհետացած եւ ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակները` ավելի քան 650 ողնաշարավոր եւ 3500 անողնաշար կենդանիների նմուշներ:

Պարույր Սեւակի փողոցում գտնվող թանգարանը հիմնադրվել է դեռեւս 1920թ.-ին: Թանգարանում ցուցադրվող նմուշներ կան, որոնք 200 տարեկան են: Այստեղ այնպիսի նմուշներ են պահվում, որոնց կենդանատեսակներն արդեն ոչնչացել են: Սա միակ թանգարանն է, որը կարող է տեղեկություններ տալ Հայաստանի կենդանական աշխարհի պատմության մասին: Այսօր արդեն այցելուները ոչ միայն Հայաստանից են լինում, այլեւ տարածաշրջանից: Երբեմն, նաեւ կենսաբանության դասերն են այստեղ անցկացվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանում ներկայացված են մոտ 25 ցուցանմուշներ՝ էլեկտրականություն, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի եւ այլ բնագավառներից:  Թանգարանը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների եւ մեծահասակների համար: Այս ինտերակտիվ թանգարանում մ բոլոր ցուցանմուշներն այնպիսին են, որ խաղի միջոցով երեխաներին կարող են ծանոթացնել գիտության ոլորտին»:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին