Թաղավարդ. փոքրիկ երկրի մեծ կամքով մարդիկ - Mediamax.am

exclusive
1573 դիտում

Թաղավարդ. փոքրիկ երկրի մեծ կամքով մարդիկ


Կարմեն Գաբրիելյանը
Կարմեն Գաբրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարմեն Գաբրիելյանը
Կարմեն Գաբրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արցախ յուրաքանչյուր այցի ընթացքում առանձնակի ոգեւորություն, թեթեւություն ու դրական էներգիա է «ներարկում» հենց դեպի Թաղավարդ ուղեւորությունները։ Թվում է, թե հենց այստեղ՝ «կիսված» Թաղավարդում պետք է հանդիպենք երկչոտության, ապագայի հանդեպ անվստահության ու հուսահատության ամենախորը դրսեւորումները։ Մինչդեռ հենց այստեղ՝ իր կեսը կորցրած Թաղավարդում խուճապի կամ հուսալքության նշույլ անգամ զարմանալիորեն չի նկատվում։

 

Թաղավարդի ճանապարհին պարզ նկատելի է նաեւ ադրբեջանցիների կառուցած ու հենց բնակավայրի կողքով անցնող թունելի մի հատվածը, որը մաս է կազմում Ֆիզուլի-Շուշի նոր ճանապարհի եւ փաստացի միակ ուղին է, որը կապում է այժմ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Վարանդան, Հադրութն ու Շուշին հենց այն լեռնային ու անտառային տարածքներով, որով վերջիններս հասան հայկական բերդաքաղաքին պատերազմի օրերին։

 

Ի տարբերություն նախորդ տարվա, այժմ ամբողջովին ասֆալտապատ է ճանապարհը նաեւ փշալարից այս կողմ մնացած Թաղավարդում կամ, ինչպես թաղավարդիցներն են ասում՝ Կալեր Թաղավարդում, որն իր պատմական հատվածը կորցնելուց հետո էլ շարունակում է ապրել, փոփոխվել ու աճել։

2021-ին տարի մեր արձանագրած խմելու ջրի խնդիրը Թաղավարդում նույնպես  լուծված է, այլեւս վախով չեն օգտվում հարազատ գյուղի ջրից. նոր խողովակները գալիս են հարեւան Կարմիր Շուկայից, ոչ թե ադրբեջանցիների օկուպացրած Վերին Թաղավարդից։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այ էս պոստը հայաստանցի տղեքն են պահել։ Ստեղ Թաղավարդում կամավորները լավ պահեցին», - ասում է թաղավարդցի Կարմեն Գաբրիելյանն ու հավելում՝ իրենց գյուղի հերոսական պաշտպանության գործում մեծ դեր է խաղացել հենց Հայաստանից ժամանած կամավորների ու գյուղի ինքնապաշտպանությանը միացած տեղացիների համախմբված ու աննահանջ պայքարի գործոնը։

 

Թաղավարդն այս առումով իսկապես մեր նորօրյա պատմության բացառիկ ու հերոսական էջերից է, որը գուցե ավելի շատ ուշադրության արժանանար, եթե պատերազմն այլ ելք ունենար։ Պարտությունների ժամանակ, ինչպես հայտնի է, ավելի շատ քննարկվում է կորսվածը, քան պահվածը, ինչը ավելի քան բնական է։ Սակայն 44-օրյա պատերազմով անցածներն ու Արցախի քարտեզը գոնե մոտավոր պատկերացնողները միաբերան կհաստատեն, որ 2020-ի աշնանը հենց այստեղ՝ Կարմիր Շուկա եւ Թաղավարդ հատվածում որոշվեց Արցախի ներկան եւ հենց այստեղ՝ պատերազմի ամենաթեժ մարտերի կիզակետում հայկական կողմի կամավորական ջոկատների համառ կռիվը չափից դուրս մեծ դեր խաղաց է՛լ ավելի մեծ ու անդառնալի աղետի կանխարգելման գործում։

 

«Չլիներ Կարմիր Շուկան ու Թաղավարդը՝ չէր լինի նաեւ Ղարաբաղի մնացած մասը հիմա», - համաձայնում են մեզ հետ տեղացիները։

Լուսանկարը` Մեդիամաքս

43-ամյա Կարմենը նույնպես հիշում է այդ ճակատագրական ու չափազանց ծանր օրերը։ Ինքը 21 օր Ջրականում էր, ինչից հետո բարձրացել են հարազատ գյուղ եւ, ինչպես ինքն է ասում՝ «Դրել մեր դիրքերը, փորել խրամատները, չենք թողալ, որ իրենք մտնեն գյուղ»։

 

Հիշում է՝ Ջրականում շրջափակման մեջ էին եւ տեսնում էին, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց շրջանցելով առաջանում դեպի Հադրութ։

 

«Որ կանգնեցրին կռիվը՝ մենակ էդ ժամանակ սկսեցինք հասկանալ, թե ինչ ա կատարվում։ Մենք մինչեւ վերջ էլ չէինք հավատում ու չէինք սպասում էսպիսի բանի», - մեզ շատ ծանոթ նախադասությունն է կրկնում նաեւ թաղավարդցի Կարմենը։

 

Թեեւ ադրբեջանցիների նոր դիրքերը բավականին մոտ են Գաբրիելյանների տանը՝ Կարմենն ու իր ընտանիքը հեռանալու մասին չեն մտածում։ 2010 թվականից է  Կարմենն իր ձեռքով սկսել կառուցել իր նոր տունը՝ հայրական տան հարեւանությամբ։ Այժմ էլ հայրենի գյուղում շատերն են նույն հարցով հույսը դնում հենց Կարմենի փորձառու ձեռքերի վրա՝ փոքրիկ արհեստանոցներից, տների ներքին հարդարանքից մինչեւ ամբողջական երկհարկ տների կառուցում՝ ամեն տեսակի աշխատանք համարձակորեն վերցնում ու հաջողում է թաղավարդցի Կարմենը։

 

«Սահման» հ/կ-ի միջոցով ձեռք բերված նոր գործիքներով էլ այժմ ավելի հեշտ ու արագ նաեւ տանիքներ է կառուցում ու նորոգում, սալիկապատումներ իրականացնում։ Որքան էլ շատերին թվա, թե Արցախում եւ հատկապես կիսված Թաղավարդում կյանքը «կանգ է առել»՝ Կարմեն Գաբրիելյանը վստահեցնում է, որ ադրբեջանական դիրքերից մի քանի քայլի հեռավորության վրա գտնվող իրենց գյուղում շինարարական գործերի պահանջարկը բավականին շատ է, ինքը տանը անգործության մատնվելու առիթ ոչ մի դեպքում չի ունենում։

Կարմեն Գաբրիելյանը Կարմեն Գաբրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Էս վերջին 5 տարին պատկերացրեք, որ ես գրեթե տուն չէի մտնում, այդքան գործ կար։ Կռվից հետո, իհարկե, մի քիչ փոխվել է։ Բայց շինարարությունները չեն դադարել, պարզապես այժմ նախագծերի մեծ մասը պետության հետ են, ձեւաչափը փոխվել է, պետությունն էլ սովորաբար գումարը ուշացնում է։ Բայց գյուղում մարդիկ իրենք էլ մասնավոր շինարարություններն արդեն վերսկսել են», - պատմում է փորձառու շինարարը։

 

Ըստ Կարմեն Գաբրիելյանի՝ Խրամորթում եւ Փառուխում ծավալված վերջին դեպքերը, որոնց զուգահեռ թաղավարդցիները ստիպված էին ադրբեջանական կողմից բարձրախոսով ամեն առավոտ սպառնալիքներ լսել, գյուղացիների տրամադրվածության վրա չեն ազդել։

 

Ասում է, որ խուճապի մատնվողները ավելի շատ մայրաքաղաքներում են, իսկ սահմանամերձ գյուղերից մարդիկ դուրս գալու մտադրություն սովորաբար չունեն։

 

«Էն ա պոստը, էս էլ էն մինը, էն մինը, էրեխեքը դուրս են գալիս, իրանց համար խաղում։ Ստեղից էլ ո՞ւր գնանք», - ասում ու ժպտում է երկու երեխաների հայր թաղավարդցին։

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին