Փաշինյանն ասել է, որ TRIPP-ը օգտակար կլինի ԱՊՀ երկրների համար - Mediamax.am

Հոկտեմբեր 10, 2025
231 դիտում

Փաշինյանն ասել է, որ TRIPP-ը օգտակար կլինի ԱՊՀ երկրների համար


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային եւ այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի եւ ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ»։

«Հայաստանն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

 

TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային եւ այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի եւ ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։ Սա նշանակալի փոփոխություն եւ հանգամանք է, որը, անկասկած, կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը եւ կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ TRIPP նախագիծը բացում է արտահանման եւ ներմուծման նոր հնարավորություններ նաեւ ԱՊՀ երկրների համար»,- Դուշանբեում ընթացող ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա միաժամանակ հույս եւ համոզվածություն է հայտնել, որ մոտ ապագայում կստորագրվի եւ կվավերացվի համաձայնագիրը։

 

«Չնայած հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռեւս պետք է հաստատենք փոխադարձ առեւտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծենք հումանիտար խնդիրները եւ սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։

 

Խաղաղության հաստատման կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին, այլեւ ԱՊՀ բոլոր անդամ պետություններին, քանի որ գիտեմ, որ դուք բոլորդ էլ իսկապես ուզում էիք, որ սա տեղի ունենար, եւ այն տեղի ունեցավ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին