Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «Վաշինգտոնի գագաթնաժողովի կարեւոր արդյունք էր Զանգեզուրի միջանցքի բացումը»։
«Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ եւ երկրորդ երթուղի՝ ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում», - հայտարարել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովում։
«Երկու ամիս առաջ Վաշինգտոնում Սպիտակ տանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի», - նշել է Ադրբեջանի նախագահը: Նա միաժամանակ ընդգծել է, որ «մենք երբեք չենք մոռանա հայկական օկուպացիան»։
Իլհամ Ալիեւը նաեւ առաջարկել է 2026 թվականին Ադրբեջանում անցկացնել ԹՊԿ անդամ պետությունների համատեղ զորավարժություններ։
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի խոսքերը Արմենպրեսի համար, ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այսօր ասել է.
«Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետեւաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ այլ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Հարցը, այո, քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում, եւ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որեւէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP եւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: