«Խաղաղությունը ձեռքը պարզելու հեռավորության վրա է» - Mediamax.am

4550 դիտում

«Խաղաղությունը ձեռքը պարզելու հեռավորության վրա է»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա»:

«Այժմ, այս պատմական հնարավորությունից օգտվելու եւ փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է Համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության Համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այնուհետեւ շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները: Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա:

 

Երբ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը դիտարկում ենք Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից, ստանում ենք հետեւյալ պատկերը: Համաձայն Հայաստանի Սահմանադրության` Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել: Եվ ինչպես մնացած դեպքերում, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք այն պետք է ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս պարզի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

 

Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեեւ մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար:

 

Իսկ եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն մեր երկրի խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի եւ այստեղ է, որ ի հայտ է գալիս մի չափազանց կարեւոր հանգամանք: Հայաստանի Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակայություն ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ, եւ հետեւաբար, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո եթե նույնիսկ լինեն տեսականորեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրին եւ ինքնաբերաբար չեն ունենա իրավական ուժ: Նույն տրամաբանությունն, իհարկե, կգործի Ադրբեջանի պարագայում»,- ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին