Հայկական կողմը Իրանի հետ Ուրմիա լճի հարցով որեւէ պայմանավորվածություն չունի - Mediamax.am

exclusive
5489 դիտում

Հայկական կողմը Իրանի հետ Ուրմիա լճի հարցով որեւէ պայմանավորվածություն չունի


Ուրմիա լիճը
Ուրմիա լիճը

Լուսանկարը` http://www.armin.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Իրանի միջեւ Ուրմիա լճի պահպանման հարցում որեւէ պայմանավորվածություն չկա:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին ասել է ՀՀ Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը, իրանական կողմը պաշտոնապես որեւէ առաջարկ չի ներկայացրել լճի վերականգնման հարցում Հայաստանի աջակցությունը ստանալու համար:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ օրեր առաջ Իրանի Շրջակա միջավայրի եւ բնապահպանության հարցերով կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեն հայտարարել էր, թե Իրանը եւ Հայաստանը համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել Ուրմիա լճի վերականգնման հարցում, եւ այս նպատակով Հայաստանը ջուր կտրամադրի Իրանին:

 

Սրան ի պատասխան ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը նշել է, որ Իրանի Շրջակա միջավայրի եւ բնապահպանության հարցերով կազմակերպության ղեկավարի եւ նրա գլխավորած պատվիրակության՝ հուլիսի 16-ից 18-ը Երեւան կատարած այցի ընթացքում նման հարց չի քննարկվել:

 

“Պաշտոնապես նման հարցադրում հայկական կողմին չի ներկայացվել: Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Արաքս գետի ջրի ուսումնասիրության եւ համատեղ պարկ ստեղծելու մասին հարցերը”,- ասել է Վոլոդյա Նարիմանյանը:   

 

Նա չի բացառել, որ ապագայում լճի վերականգնման հարցը քննարկվի իրանական կողմի հետ, սակայն նշել է, որ այժմ նման համագործակցության մասին խոսելը շատ վաղ է:

 

Իրանական կողմի հավաստմամբ, Ուրմիա լճի ցամաքումը “բնապահպանական աղետ կդառնա”՝ իր ազդեցությունը թողնելով նաեւ հարեւան երկրների վրա:

 

Իրանի բնապահպանական գերատեսչության ներկայացրած տվյալներով, լճի մակերեսի գրեթե կեսը ցամաքել է եւ վերածվել աղի շերտերի:

  

Անցած տարի օգոստոսին լճի ափին գտնվող նույնանուն Ուրմիա քաղաքում եւ Թավրիզում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել, որոնց մասնակիցները կառավարությանը մեղադրում են լիճը փրկելու համար անհրաժեշտ քայլեր չկատարելու համար:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին