Ադրբեջանը շահագրգռված չէ էսկալացիայի մեջ, ասել է Ալիեւի օգնականը - Mediamax.am

2783 դիտում

Ադրբեջանը շահագրգռված չէ էսկալացիայի մեջ, ասել է Ալիեւի օգնականը


Լուսանկարը` lenta.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը եւ շահագրգռված չէ էսկալացիայի մեջ»։

«Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում չմիջամտել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող էթնիկ հայերի մեր պետությանը ինտեգրվելու գործընթացին եւ չաշխատել մեր երկրի ինքնիշխանությունը խարխլելու ուղղությամբ»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

 

Հաջիեւի խոսքով, «այս պահին խաղաղ գործընթացը արգելակվում է Հայաստանի քաղաքական ղեկավարության ոչ կառուցողական եւ ոչ անկեղծ դիրքորոշման պատճառով»։

 

«Լաչինի ճանապարհի գոյություն չունեցող շրջափակման պատրվակով Ադրբեջանի դեմ լայնածավալ ապատեղեկատվական արշավ է սկսվել, որը համակարգում են Երեւանը եւ հայկական սփյուռքը աշխարհի տարբեր երկրներում, հատկապես՝ Արեւմուտքում», - ասել է Ալիեւի օգնականը:

 

Նա խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտ է անվանել այն, որ «Հայաստանը շարունակում է ֆինանսական եւ ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերել անօրինական ռեժիմին մեր տարածքում»։

 

«Մենք չենք քննարկելու հարցեր, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ որեւէ երրորդ երկրի հետ։ Մեր պետության ներքին գործերին միջամտելու փորձերը, այդ թվում՝ Ադրբեջանի կենտրոնական իշխանության եւ Ղարաբաղի էթնիկ հայ փոքրամասնության միջեւ երկխոսության ինչ-որ «միջազգային մեխանիզմների» ստեղծման թեման արծարծելով, դատապարտված են ձախողման։ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է եւ դա վիճարկելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հեռանկարների տեսանկյունից», - ընդգծել է Հիքմեթ Հաջիեւը։

 

Պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է Բաքուն կրկին դիմել ուժի, ինչպես դա արեց 2020 թվականին, Ադրբեջանի նախագահի օգնականն ասել է.

 

«Չէի ցանկանա վարկածային սցենարներ մեկնաբանել։ Ադրբեջանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է եւ միշտ գործում է իր Սահմանադրության եւ միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան։ Մենք նպատակաուղղված ենք բոլոր առկա խնդիրների խաղաղ լուծմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին