Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հույս է հայտնել, որ «խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Երեւանը խոհեմություն կցուցաբերի»։
«Եթե Հայաստանը խաղաղություն չի ուզում, ապա խաղաղություն չի լինի: Կան երկրներ, որոնք խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, մենք դա գիտենք պատմությունից։ Բայց դա լավ չի լինի ո՛չ Հայաստանի, ո՛չ տարածաշրջանի, եւ, իհարկե, ո՛չ էլ Ադրբեջանի համար։ Ուստի մենք դեռ հույս ունենք, որ նրանք խոհեմություն կցուցաբերեն»,- ասել է Ալիեւը՝ Շուշիում ելույթ ունենալով «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձեւավորում. անցյալից ներկա եւ ապագա» համաժողովում։
Նա հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում ցուցաբերելու հույս ունի։
«Եթե ոչ, ապա դիվանագիտական միջոցներից բացի այլ միջոցներ չենք նախատեսում ձեռնարկել։ Խաղաղություն, կոմունիկացիաներ չեն լինի, եւ նրանք կրկին մեկուսացված կլինեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով, այս դեպքում Հայաստանը պետք է տեղ գտնի «նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի մեջ, քանի որ ողջ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է՝ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում»։
Ալիեւը նաեւ հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները «եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց կապահովեն»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: