Փաշինյան. Ադրբեջանի նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր - Mediamax.am

3880 դիտում

Փաշինյան. Ադրբեջանի նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Ելույթ ամբողջությամբ կարող եք կարդալ այս հղումով:

 

Մեդիամաքսը ներկայացնում է հատվածներ ելույթից (ենթավերնագրերը մերն են):

 

Անհերքելի հարձակում

 

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված եւ չարդարացված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ եւ համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ Սա սահմանային բախում չէր. դա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ, որը դատապարտվեց եւ որին անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստերի ընթացքում եւ դրանից դուրս։

 

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը եւ կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները. Ջերմուկը Հայաստանի հիմնական առողջարանային եւ զբոսաշրջային վայրերից մեկն է, եւ այժմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի բոլոր հյուրանոցները, առողջարանային եւ հանգստի կենտրոնները փակ են։ Այս քաղաքի բոլոր բնակիչները տեղահանված են։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում կանայք եւ տարեցներ, որոնցից 1437 երեխա եւ 99 հաշմանդամություն ունեցող անձ։

 

Անասելի վայրագություններ

 

Ապացույցներ կան գերեվարված կամ արդեն մահացած զինծառայողների խոշտանգումների եւ անդամահատման, արտադատական սպանությունների բազմաթիվ դեպքերի, հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաեւ դիերի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին։ Հայ կին զինծառայողների դիերն առանձնակի դաժանությամբ անդամահատել են, ապա «հպարտորեն» տեսագրվել ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Նման սարսափելի պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին տեսանյութերը տարածվում եւ գովաբանվում են ադրբեջանական սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից:

 

Անկասկած, նման անասելի վայրագությունները քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական ատելություն եւ թշնամանք սերմանելու տասնամյակներ տեւած քաղաքականության ուղղակի արդյունքն են։

 

Ոչ պատշաճ արձագանքը

 

Այս հարձակմանը զուգահեռ պաշտոնական խոսույթը եւ տեղեկատվության այլ աղբյուրները հուշում են, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել: Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, եւ զոհերի ու վիրավորների թիվը կարող է փոփոխվել ցանկացած պահի։ Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում։

 

Հրապարակային հարց Ադրբեջանի նախագահին

 

Այս կապակցությամբ ես պաշտոնական եւ հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետեւ կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, եւ դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների եւ օկուպացիայի համար։

 

«Լեռնային Ղարաբաղի հայերը»

 

Տարածաշրջանային կայունության վճռորոշ գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումն է, որտեղ հասցեագրվելու եւ երաշխավորվելու են ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները եւ անվտանգությունը։

 

Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ եւ անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու եւ մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

 

Ադրբեջանի թիրախը Հայաստանի ժողովրդավարությունն է

 

Ադրբեջանական հարձակումների թիրախը ոչ միայն Հայաստանի անկախությունն է, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ նաեւ Հայաստանի ժողովրդավարությունը։ Հակառակ որոշ ուժերի ակնկալիքներին, Հայաստանը 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո մնաց ժողովրդավարական՝ օգտագործելով ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների գործիքը որպես ելք ներքաղաքական ճգնաժամից։ Միջազգային հանրությունը միաձայն ընդունեց եւ բարձր գնահատեց այս փաստը։

 

Հայկական ժողովրդավարությունը պայքարում է մի մթնոլորտում, երբ Ադրբեջանն ամեն օր ուժ է գործադրում՝ միակողմանիորեն պարտադրելու իր ծրագրերը, վերջ դնելու հայկական պետականությանը, անկախությանը եւ ժողովրդավարությանը։

 

Բայց ես այստեղ եմ՝ հայտարարելու, որ մենք վճռական ենք բոլոր միջոցներով պաշտպանելու մեր ժողովրդավարությունը, անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։

 

Միջազգային դիտորդական առաքելություն

 

Դիվանագիտական լուծումները մեզ համար բացարձակ առաջնահերթություն են, եւ միջազգային հանրության լիարժեք ներգրավվածությունն ու աջակցությունը չափազանց կարեւոր է։ Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում կարեւոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար։

 

Անհերքելի է, որ տարածաշրջանային կայունության շահերից ելնելով եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ադրբեջանական զինուժը պետք է դուրս բերվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին