Լավրովը եւ Բայրամովը փաստել են, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահություն այլեւս չկա - Mediamax.am

3035 դիտում

Լավրովը եւ Բայրամովը փաստել են, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահություն այլեւս չկա


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին Սերգեյ Լավրովն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կիսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանը «հրաժեշտ տալու» անհրաժեշտության վերաբերյալ։

 

«Սկզբունքորեն մենք չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել էր իր գործունեությունը՝ ամերիկացի եւ ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ։ Սակայն, իհարկե, մենք քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները։ Եվ այդ գործընթացների հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- նշել է ռուսաստանցի նախարարը։

 

«Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված երեք հայտարարությունները բոլորի կողմից ճանաչվում են որպես բոլոր չլուծված հարցերը վերջնականապես փակելու հիմք։ Ինչպես հասկանում եմ, այս իրողությունը գիտակցում են նաեւ մեր եվրոպացի հարեւանները, որոնք ամեն կերպ փորձում են ներդնել Եվրամիության ջանքերը մնացած խնդիրների լուծման գործում»,- ընդգծել է Լավրովը։

 

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, Ջեյհուն Բայրամովն իր հերթին ասել է, որ 2020 թվականի պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շփումները շարունակվել են։

 

«Համանախագահներին առաջարկվել է ներկայացնել նոր իրավիճակի իրենց տեսլականը։ Դրանից հետո շփումները շարունակվել են շուրջ մեկ տարի, սակայն նրանցից առաջարկներ չեն ստացվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերջին շրջանում հայտնի պատճառներով կաթվածահար է եղել, իսկ բանակցային գործընթացը չի կարող ձեւաչափի պատանդ լինել»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին