Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի տուրիստական գործակալությունների ասոցիացիան (TURSAB) այս տարվա աշնանը կկազմակերպի է թուրք զբոսաշրջիկների ճանաչողական այց Հայաստան:
Պատասխանելով Մեդիամաքսի հարցին`այդ մասին ասել է Երեւանում այսօր բացված միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպիչ Եղիշե Թանաշյանը: Այցի կազմակերպմանը կմասնակցեն Թուրքիայի 20 տուրօպերատորներ:
Եղիշե Թանաշյանը նշել է, որ վերջին 1-2 տարիների ընթացքում թուրք զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան ակտիվացել է: Նա նշել է, որ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան տարածաշրջանային այցերը տարածված են ոչ միայն թուրքերի մոտ, այլ նաեւ այլ ազգության զբոսաշրջիկների շրջանում:
Եղիշե Թանաշյանն ասել է, որ Անիի Մայր տաճարի եւ Սուրբ Փրկչի եկեղեցում վերականգնողական աշխատանքները, որոնք թուրքական իշխանությունների կողմից նախատեսված են 2012 թվականին`կգրավեն զբոսաշրջիկներին:
«Զբոսաշրջիկների քանակը կաճի, ինչպես դա եղավ Վանում Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումից հետո: Սակայն Անիի դեպքում էլ ավելի մեծ հոսք է սպասվում, քանի որ Հայաստանի հնագույն մայրաքաղաքը ավելի ճանաչված է որպես պատմամշակութային հուշարձան», - ասել է նա: