Սփյուռքի նախարար. Քեսաբում պղծվել են հայկական եկեղեցիները, իջեցվել խաչերը, տեղի է ունենում վերաբնակեցում - Mediamax.am

8027 դիտում

Սփյուռքի նախարար. Քեսաբում պղծվել են հայկական եկեղեցիները, իջեցվել խաչերը, տեղի է ունենում վերաբնակեցում


Հրանուշ Հակոբյանը
Հրանուշ Հակոբյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ գործադիրը քեսաբահայությանն առնչվող խնդիրները պահում է ուշադրության կենտրոնում՝ փորձելով օպերատիվ արձագանքել եւ լուծումներ տալ դրանց:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է Քեսաբում առկա իրավիճակը:

 

Նախարարի խոսքով, 670 հայ ընտանիք վերջին իրադարձություններից հետո տեղահանվել է, որոնցից մոտ 400-ը գտնվում են Լաթաքիայում, Դամասկոսում, մեկ տասնյակ ընտանիք տեղափոխվել է նաեւ Բեյրութ եւ Այնճար: 200-ից ավելի մարդ պատսպարվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում: Հրանուշ Հակոբյանն ասել է, որ 38 հոգի պատանդ էին մնացել, նրանցից 24-ը վերադարձվել են, 3-ը բռնի կերպով տեղափոխվել են թուրքական Վաքըֆ գյուղ:

 

«Այնճարում արդեն երեխաները դպրոց են գնում, եկեղեցու տարածքում շտապ օգնության ծառայություն է կազմակերպված: Առաջին պարագաները՝ սնունդը եւ այլն, ապահովված են»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ քեսաբահայերին օգնություն ցուցաբերելու հարցում ակտիվացել են տարբեր կառույցներ, կազմակերպություններ:

 

Նախարարը նշել է, որ, ցավոք, պղծվել են հայկական եկեղեցիները, իջեցվել հայկական խաչերը, տեղի է ունենում վերաբնակեցում, թալանվում է հայերի ողջ նյութական ունեցվածքը:

 

«Այսօրվա դրությամբ Քեսաբից Հայաստան որեւէ մեկը դեռ չի եկել, չնայած խոսակցություններ կան, որ կարող է եկեղեցու տարածքում բնակվողները տեղափոխվեն Բեյրութ, այնտեղից էլ՝ Հայաստան»,- ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին