Exit Poll-ի ընթացքին փորձել են խոչընդոտել Գյումրիի, Մասիսի եւ Երեւանի մի քանի ընտրատեղամասերում - Mediamax.am

exclusive
3575 դիտում

Exit Poll-ի ընթացքին փորձել են խոչընդոտել Գյումրիի, Մասիսի եւ Երեւանի մի քանի ընտրատեղամասերում


Լուսանկարը` www.politis-news.com


Երեւան: Մեդիամաքս: The Gallup Organization-ը եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան այսօր Հայաստանի ողջ տարածքում`122 ընտրատեղամասերում, անցկացնում են տեղամասերից դուրս եկող քաղաքացիների հարցում` Exit poll:

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը այսօր Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ խնդիրներ են առաջացել Գյումրիի, Մասիսի եւ Երեւանի մի քանի ընտրատեղամասերում, երբ հարցազրուցավարներին արգելել են շարունակել իրենց աշխատանքը:

 

«Մեզ հաջողվեց օրենքի շրջանակներում կարգավորել այս խնդիրը, եւ հիմա հարցազրուցավարները շարունակում են բնականոն աշխատանքը», - ասել է Գեւորգ Պողոսյանը:

 

Ասոցիացիայի մոտ 300 աշխատակիցներ` հարցազրուցավարները, փորձագետները եւ հսկիչները աշխատում են ընտրատեղամասերից մոտավորապես 10 մետր հեռավորության վրա:

 

Մեթոդաբանության համաձայն, հարցազրուցավարները հարցաթերթն առաջարկում են լրացնել ընտրատեղամասից դուրս եկող յուրաքանչյուր 7-րդ ընտրողին: Այնուհետեւ, ինֆորմացիան կենտրոն են ուղարկում են հեռախոսների եւ պլանշետների օգնությամբ:

 

«Հարցաթերթը պարունակում է 4 հարց` սեռ, տարիք, ե՞րբ է ընտրողը կայացրել իր որոշումը եւ ու՞մ է ընտրել: Ընտրողներն իրենք են լրացնում հարցաթերթը եւ գցում արկղի մեջ», - Մեդիամաքս-ին ասել է Գեւորգ Պողոսյանը:

 

Գեւորգ Պողոսյանը տեղեկացրել է, որ մինչեւ այս պահը հարցաթերթը լրացնելուց հրաժարվել է հարցված ընտրողների 25-30%-ը:

 

Ասոցիացիայի նախագահը նշել է, որ իրենք մտադիր են ընդհանուր առմամբ հարցման ենթարկել մոտ 13 000 քաղաքացիների: Exit Poll-ը կդադարեցվի ընտրությունների ավարտից մոտ 30 րոպե առաջ. արդյունքները կհրապարակվեն ժամը 20:00-ին` ArmNews հեռուստաընկերության եթերում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին