Աբխազիայի նախագահը «մշուշոտ» է անվանել երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարը - Mediamax.am

3412 դիտում

Աբխազիայի նախագահը «մշուշոտ» է անվանել երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարը


Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը

Լուսանկարը` http://www.dw.de


Երեւան: Մեդիամաքս: Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբն ասել է, որ Աբխազիայի երկաթուղու ամբողջական վերականգնման համար «միլիարդավոր ներդրումներ» են անհրաժեշտ:

Ինչպես հաղորդում է «Կովկասի էխո»-ն, Աբխազիայի առաջնորդն այդ մասին ասել է Սուխումիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով այս շաբաթ Երեւանում Վրաստանի վարչապետի կողմից արված հայտարարությունները:

 

Խոսելով Աբխազիայի երկաթուղու վերականգնման հեռանկարների մասին՝ Բիձինա Իվանիշվիլին, մասնավորապես, ասել էր, որ «մեր աբխազ ընկերների կողմից դրական ազդակներ կան»:

 

«Այդ մասին ես գիտեմ այնքան, ինչքան եւ դուք: Այդ կապակցությամբ ոչ մեկի կողմից ոչ մի բան չի ասվել: Եվ «աբխազ եղբայրների» կողմից որեւէ դրական ազդակներ չեն եղել: Եթե գործընթացի մասնակիցների կողմից որեւէ բան լինի, մենք կնստենք եւ կքննարկենք», - ասել է Անկվաբը:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Աբխազիան հետաքրքրված է այդ հարցի լուծմամբ, նա ասել է.

 

«ԽՍՀՄ ժամանակ Անդրկովկասյան երկաթուղու մեր հատվածով անցնում էր Անդրկովկասի համար նախատեսվող բեռների 13-15%-ը: Բավական ծանրաբեռնված հատված էր: Իսկ ի՞նչ է հիմա՝ դժվարանում եմ ասել: Մասնագետները պետք է հաշվարկեն, թե դրանից աբխազական կողմը օգուտ կունենա, թե՞ ոչ: Առայժմ ամեն ինչ չափազանց մշուշոտ է: Ծախսերն ահռելի են», - ասել է Անկվաբը:

 

Նա նշել է, որ բավարար վիճակում է գտնվում միայն Փսոու-Սուխում երկաթգծի հատվածը:

 

«Օչամչիրայից հետո ընդհանրապես ոչինչ չկա: Այդպիսով, ամբողջական երկաթուղի ունենալու համար անհրաժեշտ են բազմամիլիարդանոց ներդրումներ», - ասել է Աբխազիայի նախագահը:

 

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Աբխազիայի տարածքով երկաթգծի վերականգնումը Ռուսաստանի շահերից է բխում եւ այդ հարցի առաջադրումն առանց դեօկուպացիայի համատեքստի «հանցավոր, հակապետական եւ հակավրացական գործողություն է»:

 

Ինչպես հաղորդում է Civil.ge-ն, Վրաստանի նախագահն այդ մասին ասել էր, մեկնաբանելով հունվարի 17-ին Երեւանում վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի արված հայտարարությունը:

 

Միխայիլ Սահակաշվիլին ասել էր, որ «այդ հայտարարությունը մի քանի տարրեր է պարունակում եւ դրանք բոլորն էլ շատ մտահոգիչ են»: «Առաջին հերթին, այդ հայտարարությունն ընդհանրապես հաշվի չի առնում Վրաստանի քաղաքական եւ աշխարհաքաղաքական ռազմավարական շահերը», - նշել էր Սահակաշվիլին:

 

Նրա խոսքերով, Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղային գծի շահագործումից հետո, որը կմիացնի Ադրբեջանը Թուրքիայի հետ Վրաստանի միջոցով, Վրաստանի համար Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման ոչ մի անհրաժեշտություն չի լինի:

 

Սահակաշվիլիի խոսքերով, Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը կմիացնի Ասիան Եվրոպայի հետ, եւ կմրցի Ռուսաստանյան Տրանսսիբիրյան երկաթուղու հետ:

 

«Բնական է, որ մենք Հայաստանի հետ լավ հարաբերություններ ենք ցանկանում,  մենք շատ բան ենք արել հայկական բեռնափոխադրումներին ճանապարհ տալու համար», - ասել է նա եւ հավելել, որ Վերին Լարսի սահմանային անցակետի բացումը ծառայում էր հենց այդ նպատակին: «Հայաստանի մեկուսացումը երբեք Վրաստանի շահերից չի բխել, եւ մենք երբեք դրան չենք աջակցել: Սակայն, մի բան է լավ հարաբերությունները Հայաստանի հետ, եւ մեկ այլ բան` օկուպանտի ռազմավարական ծրագրերի իրագործումը», - ասել էր Սահակաշվիլին:

 

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Երեւանում ասել էր, որ Աբխազիայի տարածքով  երկաթուղային հաղորդակցության վերականգնումը ուղղակիորեն կապված է վրաց-ռուսաստանյան հարաբերությունների կարգավորման հետ: Նա հավելել էր, որ վրացական կողմը հետաքրքրված է երկաթուղու աբխազական հատվածի աշխատանքի շուտափույթ վերականգնման մեջ:

 

Միաժամանակ Վրաստանի վարչապետը նշել էր, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առկա խնդիրները դեռեւս մնում են չլուծված:

 

«Հայաստանի եւ Վրաստանի միջեւ խնդիրներ չկան: Մենք լուրջ խնդիրներ ունեինք Ռուսաստանի հետ, որոնք մինչ այժմ պահպանվում են: Մենք հուսով ենք եւ ջանքեր ենք գործադրում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ», - ասել էր Վրաստանի վարչապետը:

 

Բիձինա Իվանիշվիլին պատասխանել էր Աբխազիայի տարածքով երկաթգծի վերականգնման հեռանկարների մասին հարցին նաեւ հունվարի 15-ին Մեդիամաքսի-ին տված բացառիկ հարցազրույցում.

 

«Մենք միշտ պատրաստ ենք քննարկել ինչպես խնդրահարույց, այնպես էլ հեռանկարային հարցերը: Կարեւորն այն է, որպեսզի դրան պատրաստ լինեն գործընթացի բոլոր մասնակից կողմերը: Մենք գտնվում ենք ոչ ստանդարտ պայմաններում, եւ անհրաժեշտ է նորարարական մոտեցումներ որոնել առկա խնդրահարույց հարցերի լուծման համար»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին