Ռոբերտ Քոչարյան. «Մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին» - Mediamax.am

4696 դիտում

Ռոբերտ Քոչարյան. «Մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին»


ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` http://www.2rd.am/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասել է, որ «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ռոբերտ Քոչարյանն այդ մասին ասել է` պատասխանելով www.2rd.am կայքի հարցին:

 

«Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց նախագահն էր: Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձեւի մեջ է, այլ զսպման եւ հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների եւ քաղաքացիական հասարակության  հասունության:

 

Ի դեպ, սահմանադրական հանրաքվեն նշանակալիորեն ընդլայնեց կառավարության լիազորությունները, իսկ իրականության մեջ, չգիտես ինչու, կառավարության դերը զգալիորեն նվազեց:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկությունը ավելի շուտ արձագանք է երկրում ձեւավորված` իշխանության տարբեր ինստիտուտների իրական իրավունքների եւ սահմանադրական պատասխանատվության հարաբերությունների ակնհայտ անհամաչափությանը: Վերջինիս երկարաժամկետ բացասական հետեւանքները զգալի են արդեն այսօր: Ի դեպ, կառավարման կիսանախագահական եղանակն այդ արատն իր մեջ կրում է անգամ զարգացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում (օրինակ, քչերն են հիշում, թե ով էր Ֆրանսիայի վարչապետը նախագահ Սարկոզիի օրոք):

 

Անձամբ ինձ համար ավելի համակրելի է ամերիկյան մոդելը, որտեղ նախագահը գլխավորում է գործադիր իշխանությունը, ուղղակի պատասխանատվություն կրելով նաեւ տնտեսության համար, իսկ խորհրդարանն ունի վերահսկողության հզոր լծակներ: Սակայն եվրոպական ավանդույթները պառլամենտարիզմի ավանդույթներ են, իսկ մենք եվրոպական քաղաքական գործընթացների շրջանակներում ենք: Բացի այդ, խորհրդարանական կառավարումը նշված անհամաչափությունների խնդիրը նկատելիորեն մեղմում է:

 

Այժմ խորհրդարանի ձեւավորման 100 տոկոսանոց համամասնական կարգին անցման մասին:

 

Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երեւույթը չափազանց վնասակար է, եւ որքան շուտ դրանից հրաժարվենք` այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով:

 

Ես համաձայնեցի այս փոքրիկ հարցազրույցը տալ եւ հստակ արտահայտել այդ կարեւոր հարցի նկատմամբ իմ վերաբերմունքն առաջին հերթին այն պատճառով, որ եթե ես դա չանեմ, ապա սկսելու են գուշակություններով զբաղվել: Եվ հետո այն պատճառով, որ այդ հարցի նախաձեռնման հետ ես առնչություն չունեմ:

 

Հատկապես այն «խելամիտներին», այսինքն` նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձեւավորել կուսակցության քաղաքական օրակարգը»:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 6-ին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասված էր.

 

«Մենք գտնում ենք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյո՞ք կա հնարավորություն համախմբվելու ահա այս գաղափարի շուրջ»:

 

Նոյեմբերի 7-ին մեկնաբանելով այդ հայտարարությունը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր.

 

«Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Նա կարծիք էր հայտնել, որ «հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին