Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով շարունակվում է»։
«Մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, այդ երեւույթի հետ չենք առնչվել երբեք։ Անգամ անկախությանը նախընթաց շրջանում մեր հարաբերությունների հիմքը եղել է կոնֆլիկտը։ Մենք անկախություն ենք ստացել կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ։ Ավելի քան երեսուն տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար այն ժամանակ առ ժամանակ արտահայտվում է Հայաստանում ու Ադրբեջանում՝ մամուլի, փորձագետների, անգամ երկրների ղեկավարների մակարդակով, դրա հետ պետք է ճիշտ հարաբերվենք»,- ասել է նա «Օրբելի Ֆորում 2025․ Կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն» համաժողովի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե« այսօրվա գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը»։
«Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետեւ դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին»,- ասել է նա։
Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստանի տարածք չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ հայկական պետությունը»։



 



 







 
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: