Սաակաշվիլի. «Փաշինյանն արեց այն, ինչ ես չկարողացա» - Mediamax.am

2400 դիտում

Սաակաշվիլի. «Փաշինյանն արեց այն, ինչ ես չկարողացա»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ գործարար Սամվել Կարապետյանին ձերբակալելով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչ ինքը չկարողացավ անել իր իշխանության օրոք։

«Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չկարողացա անել 2011-2012 թվականներին՝ ձերբակալեց հայ Իվանիշվիլիին, միլիարդատեր Կարապետյանին», - գրել է Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում։

 

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն, Վրաստանի նախկին նախագահի կարծիքով, Հարավային Կովկասում ներկայիս գործընթացները «Ուկրաինայում Ռուսաստանի թուլացման ուղղակի արդյունքն են»։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են մերձենալ, ինչը ծանրագույն հարված է Ռուսաստանին»։

 

Այս իրավիճակում, ըստ Սաակաշվիլիի, Վրաստանը, որտեղ «Իվանիշվիլին եւ նրա ավազակախումբը բոլորին զզվեցրել են», «լիակատար անոմալիա է»։ Նա նշել է «առաջնորդների դեֆիցիտը» եւ կոչ է արել «Վրացական երազանքի» քննադատներին ինքնակազմակերպվել։

 

«Հասարակության ակտիվ մասը պետք է նախաձեռնություն ցուցաբերի եւ դադարի փակ շրջանով շարժվելուց։ Աշխարհաքաղաքական գործընթացները մեզ շատ են օգնում, բայց մենք չենք կարող ժամանակ վատնել», - ասել է Սաակաշվիլին։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2023 թվականի հոկտեմբերին Միխեիլ Սաակաշվիլին բանտից դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով «վա-բանկ» գնալ եւ սրել հարաբերությունները Մոսկվայի հետ։

 

2024 թվականի փետրվարին Սաակաշվիլին շնորհավորական նամակ էր հղել Իլհամ Ալիեւին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, վերջինիս անվանելով «Հաղթական Իլհամ»։

 

«Մենք Ադրբեջանի ոսկե դարի ականատեսն ենք՝ Իլհամ Ալիեւի համաշխարհային որակի առաջնորդության շնորհիվ», - գրել էր Վրաստանի նախկին նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին