Երեւան: Մեդիամաքս: Կալանքի տակ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորական գրություն է հղել Իլհամ Ալիեւին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, որում վերջինիս անվանել է «Հաղթական Իլհամ»:
«Մենք Ադրբեջանի ոսկե դարի ականատեսն ենք՝ Իլհամ Ալիեւի համաշխարհային որակի առաջնորդության շնորհիվ, ով իր երկրի համար արել է ավելին, քան որեւէ մեկը պատմության ընթացքում: Վստահ եմ, որ նա պատմության մեջ հավերժ կմնա որպես Հաղթական Իլհամ, հզոր երկրի հզոր նախագահ», - գրել է Վրաստանի նախկին նախագահը:
2023 թվականի հոկտեմբերին Միխեիլ Սաակաշվիլին հանդես էր եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչով, որում, մասնավորապես, ասվում էր.
«Առաջին անգամ եմ դիմում Ձեզ եւ դա անում եմ հրապարակայնորեն, քանի որ շատ մտահոգված եմ մեր տարածաշրջանի եւ Հայաստանի ճակատագրով։ Ելնելով Ռուսաստանի եւ Պուտինի հետ շփվելու իմ փորձից, ով վերջերս ԱՊՀ գագաթնաժողովում գրեթե մեղադրեց ինձ այս կազմակերպության կազմաքանդման համար, թույլ կտամ մի քանի խորհուրդ տալ։ Դուք իշխանության եք եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, այսինքն, Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխության արդյունքում, եւ հավատացեք, որքան էլ նրան սիրաշահեք, հավատարմության երդում տաք, նա Ձեզ երբեք չի ներել եւ չի ների։ Ավելին, Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից եւ հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր ոխերիմ թշնամին է եւ Ձեզ հեռացնելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում։ Խեղդելու է ձեզ տնտեսապես եւ կօգտագործի հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը»։
«Որքան էլ Ձեզ համար դժվար լինի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները նոր հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանին։ Որոշ ժամանակ անց մենք կկարողանանք ապրել Բալթյան երեք երկրների պես՝ բաց սահմաններով, ստեղծելով լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ։ Սակայն դրա համար պետք է շտապել եւ վա-բանկ գնալ: Պահանջել անհապաղ դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից եւ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։
Եվ վերջապես, դուք պետք է անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ եւ դրանով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար»,- ասել էր Սաակաշվիլին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: