Երեւան: Մեդիամաքս: Բուդապեշտում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւը, խախտելով դիվանագիտական պրակտիկայի չգրված օրենքը, այսօր հայտարարություն է արել Հունգարիայի ԱԳ նախարարության անունից:
Ինչպես հաղորդում է Տրենդը, Վիլայաթ Գուլիեւն ասել է, որ «Հունգարիայի ԱԳՆ-ն անհեթեթություն է որակել հաղորդագրությունն այն մասին, որ Բուդապեշտը քննարկում է Բաքվի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը:
Գուլիեւն ասել է, որ այսօր հանդիպել է Հունգարիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Էրնե Կեշնենիի հետ, ով իբր այդ լուրը «անհեթեթություն» է անվանել:
Իրականում Վիլայաթ Գուլիեւի հապճեպ արված հայտարարությունը կարող է վկայել այն մասին, որ Մեդիամաքս-ի աղբյուրի տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Բացի այդ, եթե Գուլիեւի եւ Կեշնենիի հանդիպումը իրոք կայացել է այսօր, ապա դա տեղի է ունեցել վաղ առավոտյան, ինչը եւս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի դեսպանը շտապ քննարկման ենթակա հարցեր է ունեցել:
Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը: Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է ԵԱՀԿ Վիեննայի Քարտուղարության աղբյուրը: Նրա խոսքով, այդ հարցը նախօրեին քննարկվել է ԵԱՀԿ-ում հունգարական առաքելության աշխատակցի եւ ամերիկյան դիվանագետի ոչ պաշտոնական ճաշի ժամանակ:
Հունգարացի դիվանագետն ասել է ամերիկացի գործընկերոջը, որ վերջնական որոշում կայացված չէ, նշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կասեցումը դիտարկվում է որպես միջոց` դուրս գալու այն բարդ արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակից, որում Հունգարիան հայտնվեց ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջան փոխանցելուց հետո, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց: Բացի դրանից, նման որոշումը խորհրդանշական քայլ կլինի Երեւանի հետ հարաբերությունները վերականգնելու համար, հավելել է դիվանագետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: