ՆԳՆ-ն սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը - Mediamax.am

893 դիտում

ՆԳՆ-ն սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ներքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։

Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր տնտեսվարող տարբեր սուբյեկտների օժանդակությամբ Հայաստանում ապահովել ավելի անվտանգ միջավայր։

 

ՆԳՆ-ից հայտնում են, որ նախագծերի մշակման նպատակը բացառապես հանրային անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու գործում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների հնարավորությունների լիարժեք օգտագործումն է եւ հանրային անվտանգության միջավայրի էական բարելավումը։

 

«Նախագծերի մշակման ընթացքում ՆԳՆ-ի կողմից իրականացվել է ոլորտի միջազգային առաջավոր փորձի համակողմանի ուսումնասիրություն եւ վերլուծություն։ Արձանագրվել է, որ հանրային վայրերում տեսահսկման իրականացումը եւ համապատասխան հանրամատչելի տվյալների ձեռքբերումը չի հանդիսանում մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը անհամաչափ միջամտություն, եթե դա նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ եւ անհրաժեշտ ու համաչափ է այդ նպատակին հասնելու համար։

 

Նախագծերի քննարկումները ցույց են տալիս, որ թեեւ իրավական հարթությունում երաշխիքներն ամրագրված են, հետապնդվող նպատակն իրավաչափ է, սակայն հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռեւս փարատված չեն։

 

Հաշվի առնելով այդ հանգամանքը, կարեւորելով հանրային անվտանգության ապահովման գործում միասնական ընկալում եւ գործողությունների միասնական օրակարգ ձեւավորելու անհրաժեշտությունը՝ ՆԳՆ-ն նպատակահարմար է համարում, առանց հանրային լայն կոնսենսուսի, ձեռնպահ մնալ նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։ Եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՆԳՆ-ն նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը»,- ասվում է ՆԳՆ հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին