ՀԱԿ-ը Փաշինյանին անվանել է «բթամիտ» եւ «պաթոլոգիկ ստախոս» - Mediamax.am

1687 դիտում

ՀԱԿ-ը Փաշինյանին անվանել է «բթամիտ» եւ «պաթոլոգիկ ստախոս»


Լուսանկարը` Հայ Ազգային Կոնգրես


Երեւան: Մեդիամաքս: Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել է, որ հունիսի 13-ին ելույթ ունենալով Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանը «հերթական անգամ փորձել է կոծկել Արցախի կորստի համար իր պատասխանատվությունն ու վարած քաղաքականության աղետալի հետեւանքները, հանդես է եկել արցախյան խնդրի պատմության ապշեցուցիչ մի նոր՝իր իսկ կողմից «կղերաֆեոդալական» կոչված վարկածով»։

Ներկայացնում ենք ՀԱԿ-ի հայտարարությունն ամբողջությամբ.

 

«Համաձայն Փաշինյանի այդ նոր վարկածի, 1996 թվականին Լիսաբոնի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներից մեկը եղել է իր իսկ բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունը», որի համաձայն Լեռնային Ղարաբաղը պետք է մնար Ադրբեջանի կազմում։

 

Ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման եւ ինքորոշման հասկացություններին վերաբերող այդ որոշումը «սխալ է հասկացվել հայկական իրականության մեջ», որովհետեւ «96-ին ինտերնետ չի եղել, … էլ. Փոստ չի եղել,  սոցցանցեր չեն եղել» եւ «հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել այդ փաստաթղթին»։ Այնուհետեւ Փաշինյանը «բացատրել» է, որ դեռ 1996-ից ի վեր Հայաստանի «կղերաֆեոդալական էլիտան», որի մեջ նա ակնհայտորեն տեղավորել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, «...Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով եւ նենգափոխելով»,  «...Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու եւ պահելու համար...»։

 

Զարգացնելով այս «հայեցակարգը» Փաշինյանը նաեւ պնդել է, որ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը «...ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս», ըստ էության մեղադրելով Տեր-Պետրոսյանին Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու նպատակով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ:

 

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին եւ Հայ Ազգային Կոնգրեսին մեղադրել է նաեւ 2020 թվականից ի վեր  «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու, ըստ էության՝ սեփական սկզբունքներին դավաճանելու մեջ։

 

Այս ամենի կապակցությամբ հայտարարում ենք․

 

1.    Լիսաբոնի մասին Նիկոլ Փաշինյանի ստերին բազմիցս ենք անդրադարձել, սակայն, հաշվի նստելով ընդդիմախոսի հատկապես համառ բթամտության փաստի հետ, ստիպված ենք կրկնել հետեւյալը։ 1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որեւէ որոշում չի ընդունել, որովհետեւ Հայաստանն, օգտվելով իր կանոնադրական իրավունքից, առաջարկված նախագծի վերաբերյալ կիրառել է վետո։ Ընդհանրապես, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից, եւ ոչ է՛լ Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ից մանդատ ստացած ԵԱՀԿ-ն որեւէ որոշում երբեք չեն ընդունել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։ Ավելին, չգիտես ինչու, Փաշինյանը միշտ լռության է մատնում այն փաստը, որ ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովը 1994 թվականին որոշում է ընդունել, որով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իրավահավասար կարգավիճակ է շնորհել Լեռնային Ղարաբաղին՝ նրա ապագա վերջնական կարգավիճակը որոշելու հարցում, ըստ էության ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ;

 

2.    Հայաստանի կողմից կիրառված վետոյի գլխավոր արդյունքը եղել է այն, որ 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ներկայացրել է Փուլային լուծումը, որում որեւէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու մասին։ Սրա մասին Փաշինյանը նույնպես համառորեն լռում է։ Կարեւոր է հատկապես նշել, որ Փուլային լուծման առաջարկը ԵԱՀԿ ներկայացրած լուծումների տարբերակներից միակն է եղել, որը որպես բանակցությունների հիմք են ընդունել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ Այն մերժվել ԼՂՀ իշխանությունների կողմից;

 

3.    Փաշինյանը ստում է այն մասին, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահողի հայտարարությունը իբր թե հասանելի չի եղել հայկական հանրության համար։ Իրականում հայտարարությունը, ինչպես նաեւ Տեր-Պետրոսյանի պատասխանը, որը նույնպես դարձել է ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթերի մաս, 1996-ին հրապարակվել եւ լայնորեն քննարկվել է Հայաստանի լրատվական միջավայրում։ Այն, որ վեց տարի շարունակ պաշտոնապես պատասխանատվություն կրելով Հայոց պետականության համար ճակատագրական նշանակություն ունեցող Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում,  նիկոլական շրջապատում եւ ՔՊ-ական պատգամավորների միջավայրում դրան ծանոթ չեն եղել, ինչպես դա ցուցադրեց Փաշինյանը, ընդամենը վկայում է Փաշինյանի եւ նրա կուսակիցների տգիտության եւ անպատասխանատվության մասին;

 

4.    Նույնքան ստահոդ են նաեւ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու մասին պնդումները։ Ինչքան էլ Փաշինյանը փորձի պնդել, թե այդ հոդվածում Տեր-Պետրոսյանն իբր պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը անհնար է, նման բան այդ հոդվածում ասված չէ։ Ավելին, 2016 թվականին հրապարակված «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրել է, որ Մինսկի խմբի վարած բանակցությունների մեջ պատշաճորեն ընդգրկվելու դեպքում, «կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը»։ Նիկոլ Փաշինյանն է այն մարդը, որը «Արցախը Հայաստա՛ն է եւ վերջ» կարգախոսի ներքո տապալեց Մինսկի խմբի բանակցությունները՝ Արցախի եւ Հայաստանի համար բոլոր աղետալի հետեւանքներով։ Նույնքան ծիծաղելի են Փաշինյանի պնդումներն այն մասին, թե իբր «Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ն ասում են, թե իրենք չեն ասել ու նկատի չեն ունեցել, թե տարածքները պետք է վերադարձնել»։ Իրականությունն այն է, որ Հայ Ազգային Կոնգրեսը միակն է, որ կողմ է եղել Մինսկի խմբի կողմից ներկայացված փոխզիջումային առաջարկների իրականացմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող եւ Հայաստանի հետ կապ չհանդիսացող տարածքների վերադարձին։ Հակառակն ապացուցող որեւէ փաստ չի ներկայացվել եւ չի էլ կարող ներկայացվել։

 

5.    «Պատերազմ,թե խաղաղություն» հոդվածի դրույթներին դավաճանելու եւ Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու գործում Քոչարյանի եւ Սարգսյանի հետ համագործակցելու մասին խոսում է այն Փաշինյանը, որը 2007 թվականին հայտարարել էր, որ թիմակից է Տեր-Պետրոսյանին իր հոդվածի դրույթները ընդունելու պատճառով, իսկ 2015 թվականին հրապարակայնորեն մեղադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին հայ ժողովրդի դեմ գաղտնի դավադրություն կազմակերպելու եւ «Լավրովյան պլանով» Ղարաբաղից դուրս հինգ շրջանների վերադարձի հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու «հանցավոր» մտադրության մեջ։

 

Այս արձանագրումները շատ կարեւոր հարցեր են առաջացնում։ Դրանցից ամենակարեւորն այն է, թե արդյո՞ք մեր նորանկախ պատմության եւ միջազգային բանակցությունների մասին ճշմարտությունը նենգափոխող եւ աղավաղող, պաթոլոգիկ ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել Հայաստանում։ Ինչո՞ւ է Փաշինյանը դիմել հեշտությամբ հերքվող այս ստերին եւ մանիպուլյացիաներին։ Փաշինյանի ավելի քան վեց տարվա կառավարումը Հայաստանի եւ Արցախի անվտանգությանն ավերից եւ աղետներից բացի այլ բան չի բերել։ Երկիրը գնալով խորանում է արտաքին եւ ներքին հակամարտությունների մեջ։ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, այլ բան չի մնում, քան փորձել կոծկել այս իրողությունները, աղավաղելով եւ ջնջելով մեր բոլոր պատմական նվաճումների մասին հիշողությունը, ինչպես ռազմական, այնպես էլ՝ դիվանագիտության դաշտում։ Նրա գործողությունները, սակայն, միայն ավելի են խորացնում հակամարտությունը մեր հասարակության ներսում։ Սրա մասին վկայում են նաեւ հունիսի 12-ին նրա կողմից հրահանգված դատապարտելի, անհամաչափ ոստիկանական գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկայում հանդես կգա հատուկ հայտարարությամբ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին