Փորձագետի կարծիքով, Փաշինյանը կարող է չդիմանալ առանց ԵՄ-ի աջակցության - Mediamax.am

1884 դիտում

Փորձագետի կարծիքով, Փաշինյանը կարող է չդիմանալ առանց ԵՄ-ի աջակցության


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի տնօրեն Մարի Դումոլինը կարծում է, որ «Եվրամիությունը պետք է աջակցության հստակ ազդանշաններ ուղարկի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ վերջինիս դիրքերն ամրապնդելու համար»։

«Փաշինյանը ստիպված էր գնալ փոխզիջումների, որոնք պոպուլյար չէին հայ հասարակության շրջանում։ Քանի դեռ Բաքվի հետ բանակցություններում Երեւանի դիրքերը չեն ամրապնդվել, ապակայունացնող բողոքի ակցիաները կարող են սրվել եւ, հնարավոր է, բռնությունների վերաճել: Դա կխաթարի Փաշինյանի՝ իր ներքին բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու կարողությունը»,- ասել է Մարի Դումոլինը։

 

«Հայկական բիզնեսի եւ արդյունաբերության համար 270 միլիոն եվրո ծավալով ծրագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ, սակայն Հունգարիան խափանել է ԵՄ ջանքերը՝ օգտագործելու Խաղաղության եվրոպական հիմնադրամը՝ Հայաստանին ոչ մահաբեր զենք մատակարարելու համար:

 

Եվրոպայի քաղաքական գործիչները պետք է փորձեն հաղթահարել Ադրբեջանի հետ հարաբերություններին վերաբերող տարաձայնությունները: Ադրբեջանը ԵՄ անդամ մի քանի երկրների կարեւոր առեւտրային եւ էներգետիկ գործընկերն է եւ կարեւոր դերակատար «Միջին միջանցքի» նախաձեռնություններում: Միեւնույն ժամանակ, ԵՄ-ն չպետք է խուսափի Ադրբեջանի վրա լծակներ օգտագործելուց, այդ թվում՝ Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովին նախապատրաստվելիս՝ փորձելով բանակցություններում հասնել ավելի հավասարակշռված իրավիճակի, որը թույլ կտա Հայաստանին միայնակ չմնալ շատ ավելի հզոր հարեւանի հետ»,- գրում է փորձագետը։

 

Մինչ Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ տեղափոխվելը Մարի Դումոլինն աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում: Նա, մասնավորապես, ղեկավարել է Ֆրանսիայի ԱԳՆ Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի վարչությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին