Փաշինյան. «Ի՞նչ է նշանակում պատմական արդարությունը վերականգնել» - Mediamax.am

5789 դիտում

Փաշինյան. «Ի՞նչ է նշանակում պատմական արդարությունը վերականգնել»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը:

Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից (ենթավերնագրերը մերն են-Մեդիամաքս):

 

Մարտունակ բանակն ու լեգիտիմ նպատակները

 

Յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ եւ մարտունակ բանակ:

 

Բայց այս հարցը հետագա քննարկման անհրաժեշտություն եւ կարիք ունի, որովհետեւ եթե դու ուժեղ եւ մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչո՞ւ ես դու քո բանակն ուժեղացնում: Եթե դու խնդիր ես դնում, նպատակ, որի լեգիտիմությունն արտաքին միջավայրի եւ միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ:

 

Ո՞րն է մեր երկրի տարածքային ամբողջականությունը

 

Մեր երկրի տարածքային ամբողջականությունը Հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է: Եվ հիմա, երբ մենք ասում ենք, որ մեր բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունն ապահովելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ եք դա անում:

 

Իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձեւակերպում ենք հետեւյալ կերպ, որ ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ՝ վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ուրիշները պետք է թողնեն, թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծվի:

 

Անկախության հռչակագրի մասին

 

Հռչակագրի դրույթները որո՞նք են: Երեք անկյունաքարային դրույթ կա: Մեկը՝ պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը եւ երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի եւ Հայաստանի Գերագույն խորհրդի վերամիավորման որոշումները:

 

Մենք միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ մենք ինչի՞ չենք նայում՝ մեր ուրիշ հարեւանները ո՞նց են ընկալում: Ո՞նց են ընկալում այս բանը, որ մենք ասում ենք՝ պետություն ենք ստեղծում, որ պատմական արդարությունը վերականգնենք: Ի՞նչ է նշանակում պատմական արդարությունը վերականգնել:

 

Մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը ոնց է ընկալում, Թուրքիան ոնց է ընկալում, իսկ ինչի՞ հարց չենք տալիս՝ Վրաստանը ո՞նց է ընկալում: Ինչի՞ մենք մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ ոչ թե Հայաստանի հետ: Կապ կարո՞ղ է սա ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում:

 

Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Արդյո՞ք մեր պետական քաղաքականությունը պետք է ելնի Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման որոշման վրա:

 

Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ, որովհետեւ տնտեսությունը լավ աճում է, եւ ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ մենք բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում: Այսինքն՝ մենք հռչակում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք եւ գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարեւանները դաշինք են ձեւավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետեւ մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին