Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «այս պահի դրությամբ պարզ չէ, թե Ադրբեջանն, ի վերջո, համաձա՞յն է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա, թե՞ ոչ»:
Նա եւս մեկ անգամ հիշեցրել է այդ սկզբունքները, այն է՝ «Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմաթայի հռչակագիրն է եւ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվում են երկրների իրավազորության, սուվերենության հարգման սկզբունքի հիման վրա»:
«Հիմա չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաեւ չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունն այդ սկզբունքներին: Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը եւ նրբությունները պարզաբանել:
Առաջիկայում՝ նոյեմբերի 30-ին, նման քննարկում կլինի սահմանների եւ քարտեզների մասով, այդ քննարկումներից հետեւություններ կանենք, թե արդյոք Ադրբեջանը հրաժարվում է, թե պատրաստ է պայմանագիրը կնքել: Փաստն այն է, որ մինչեւ այսօր վստահություն չունենք»,- պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: