Դավիթ Տոնոյան. Պատերազմի օրերին զենք ներկրելու համար արվել է «անհնարինը» - Mediamax.am

5079 դիտում

Դավիթ Տոնոյան. Պատերազմի օրերին զենք ներկրելու համար արվել է «անհնարինը»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում արվել է «անհնարինը» Հայաստան սպառազինություններ ներկրելու համար:

Այդ մասին Դավիթ Տոնոյանն ասել է 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում՝ արձագանքելով պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն դիտարկմանը, որ պատերազմի ընթացքում «չնչին» քանակությամբ սպառազինություն է բերվել Հայաստան:

 

Դավիթ Տոնոյանն ասել է, որ մատակարարումների հստակ ծավալների մասին կխոսի նիստի փակ մասում, քանի որ տեղեկությունները գաղտնի են:

 

Սակայն, նկատել է նա, իրական ծավալների մասին կարող է վկայել այն փաստը, որ

«պատերազմի ընթացքում հակառակորդ երկրի ղեկավարը առնվազն երկու անգամ

հրապարակային բողոքներ է հնչեցրել»:

 

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ սպառազինությունը բերվել է մատակարարման  ուղիների «զմռսված» լինելու պայմաններում: Ընդ որում, ասել է նա, այդպիսի իրավիճակ եղել է ոչ միայն պատերազմի ընթացքում, այլեւ դրանից առաջ:

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչ վիճակում են գտնվել ՀՀ Զինված ուժերը 2018թ. մայիսին, երբ ինքը ստանձնել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, Դավիթ Տոնոյանն ասել է, որ բանակը պատրաստ է եղել դիմակայել իրեն 2-3 անգամ գերազանցող հակառակորդին՝ «Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգությունը եւ վերջինիս ինքնորոշման իրավունքը ապահովելու համար»:

 

Պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ հայկական կողմը որեւէ կերպ չէր հաշվարկել, որ «Թուրքիան կարող է անմիջական ներգրավվածություն ունենալ ռազմական գործողություններում ոչ թե Հայաստանի հետ սահմանի հատվածում, այլ անմիջապես Արցախի ճակատում»:

 

Արձագանքելով պատգամավորներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք նման հաշվարկ չի կատարվել, հաշվի առնելով Հայաստանի դաշնակցային հարաբերությունները, Դավիթ Տոնոյանն ասել է, որ ռիսկերի գնահատման փաստաթղթերում հայկական կողմը հաշվի է առել թե՛ իր դաշնակցային հարաբերությունները, թե՛ անդամակցությունը ռազմաքաղաքական դաշինքին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին