Երեւան, Մեդիամաքս: Հայ ազգային կոնգրեսի /ՀԱԿ/ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր հայտարարել է, որ «եթե իշխանությունները նույնիսկ ինչ-որ քայլեր են անում մարտի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրած պահանջները կատարելու ուղղությամբ, ապա դա ակնհայտորեն բավարար չէ»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, նա ասել է, որ բազմիցս հայտարարել է այն պահանջների մասին, որոնց իրականացման դեպքում ընդդիմությունը պատրաստ է սկսել երկխոսությունն իշխանության հետ: Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ապրիլի 8-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը սպառիչ պատասխան կտա ՀԱԿ-ի հետագա քայլերի մասին հարցին:
Նշելով, որ ապրիլի 8-ի հանրահավաքը համընկնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 3-ամյակի հետ` Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ այդ ժամանակահատվածի արդյունքներով բոլոր կարեւորագույն ոլորտներում նկատվում է «ողբալի իրավիճակ»: