«Սահմաններ չլինելու մասին պնդումները շատ վտանգավոր են» - Mediamax.am

1493 դիտում

«Սահմաններ չլինելու մասին պնդումները շատ վտանգավոր են»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան ոչ թե սահմանային միջադեպ էր կամ բախում, այլ լայնածավալ ներխուժում էր Հայաստանի ինքնիշխան տարածք:

Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը:

 

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլեւ մնում է բավականին բարձր:

 

«Ներկայում Հայաստանը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կարգավորման գործընթացում կարեւոր է սահմանազատման եւ սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը։

 

Մենք կարեւորում ենք սահմանազատման եւ սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել։ Պնդումը, թե սահմաններ գոյություն չունեն, շատ վտանգավոր է եւ անպատասխանատու: Այն լղոզում է այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ճանապարհ է բացում ագրեսիվ գործողությունների համար։

 

ԱՊՀ-ի եւ ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետեւաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, եւ այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից»,- ասել է ԱԽ քարտուղարը:

 

Խոսելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ նա նշել է, որ Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ:  

 

«Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ: Խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է, այսինքն՝ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլեւ՝ Հայաստանի համար:

 

Այսինքն՝ դա ոչ թե միակողմանի ճանապարհ է, այլ համապարփակ գործընթաց, որից պետք է օգուտ քաղեն բոլոր կողմերը: Մասնավորապես, Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների եւ կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին