Փելոսի. Դատապարտում ենք ՀՀ տարածքի նկատմամբ Բաքվի մահացու հարվածները - Mediamax.am

2346 դիտում

Փելոսի. Դատապարտում ենք ՀՀ տարածքի նկատմամբ Բաքվի մահացու հարվածները


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր ասել է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ համար եւ Կոնգրեսի անունից խստորեն դատապարտել «ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները»։

 Այս մասին նա ասել է Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

 

«Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, հստակ եւ վաղուց ի վեր նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Մենք շարունակում ենք հետեւել իրադարձություններին եւ ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ եւ տեւական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- ասել է նա։

 

 Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը՝ Նենսի Փելոսին ասել է, որ ԱՄՆ անմիջապես արձագանքել է՝ կոչ անելով դադարեցնել բռնությունները եւ հրադադար հաստատել։

 

«Մեր պատվիրակությունը բաց է խոսել, որ Ադրբեջանի կողմից է եղել հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա։ Այս այցի ընթացքում մենք իմանում ենք որոշ մարտահրավերների մասին, որոնք ծագում են 2020-ի հակամարտության հետ կապված խաղաղության համաձայնագրից»,- ասել է Նենսի Փելոսին։

 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերն էլ նշել է, որ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։

 

 «Հուսով եմ, որ այդ բանաձեւով առաջ կշարժվենք։ Ինչ վերաբերում է մեր հանձնառությանը՝ շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության»,- ասել է Ջեքի Սփիերը։

 

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշել է, որ «երախտապարտ ենք ԱՄՆ-ին կատարած աշխատանքի համար, որի միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադար»։

 

«ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեզ համար, հստակ պատժամիջոցները կարող են դառնալ եւս մեկ լծակ ադրբեջանական ծավալապաշտական նկրտումների դեմ»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին