Փաշինյան. «Սահմանային դեպքերն ունեն բազմաթիվ շերտեր եւ ենթատեքստեր» - Mediamax.am

2619 դիտում

Փաշինյան. «Սահմանային դեպքերն ունեն բազմաթիվ շերտեր եւ ենթատեքստեր»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, դրանք ունեն բազմաթիվ շերտեր եւ ենթատեքստեր:

Նրա խոսքով՝ «շատ կարեւոր է, որ մենք այդ ենթատեքստերը ճիշտ ընկալենք եւ ճիշտ թարգմանենք»:

 

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրմանը եւ վերջինիս կողմից իրանական բեռնատարների զննմանը:

 

Նա հիշեցրել է, 2020-ի դեկտեմբերին իրականացրել են ՀՀ զինված ուժերի դիրքերը Խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց՝ ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար:

 

«Ուզում եմ հիշեցնել նաեւ 2010-ին ԱԺ-ում ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ հստակ արձանագրվում է, որ Շուռնուխ եւ Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Պիտի արձանագրեմ, որ Խորհրդային միության ժամանակ այս հատվածում Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանը հետագայում վերածվել է պետական սահմանի եւ այս իրողությունն է ընդունվել որպես հիմք: Հիմա այդ հատվածներում երկու տեղ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից»,- ասել է վարչապետը:

 

Նրա խոսքով՝ 2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը պետք է անարգել օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների եւ բեռների տարանցման համար:

 

«Բայց, քանի որ, այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների հանգամանքը, ենթադրում եմ, որ Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի թե հունվարի 1-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ: Հայաստանը՝ ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս՝ այդ թվում Ադրբեջանի արեւմտյան շրջաններից դեպի Նախիջեւանի ինքնավար հանրապետություն, պետք է հատեն մաքսային, անձնագրային եւ այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավապայմանագրային բազայում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին