Տեր-Պետրոսյանը “խորտակվելու սովորություն” ունի, ասել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը - Mediamax.am

exclusive
8527 դիտում

Տեր-Պետրոսյանը “խորտակվելու սովորություն” ունի, ասել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը

Լուսանկարը` Վիկտոր Սողոմոնյանի անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր ասել է, որ "պետք է բացարձակապես զուրկ լինել առողջ բանականությունից` Ռոբերտ Քոչարյանին "խորտակված” անվանելու համար:

Վիկտոր Սողոմոնյանն այդ մասին ասել է այսօր՝ Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ, որի ժամանակ նա Ռոբերտ Քոչարյանին “խորտակված նավ” էր անվանել:

 

«Երկար բացատրություններ չեմ տա, քանի որ բոլորն էլ ամեն ինչ գիտեն Քոչարյանի գործունեության մասին՝ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակից մինչեւ ՀՀ տնտեսական սրընթաց զարգացումը: Ռոբերտ Քոչարյանը երբեք ընտրություններում պարտություն չի կրել՝ ոչ ԼՂՀ-ում, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունում, եւ դեռեւս մեր հանրապետության միակ ղեկավարն է, ով երկու նախագահական ժամկետ է աշխատել, ընդ որում ակներեւ (ժամանակի հետ` ավելի ու ավելի ակներեւ) հաջողությամբ: Ինչ “խորտակման” մասին կարող է այստեղ խոսք գնալ՝ պարզ չէ:

 

Սակայն այդ միանգամայն անհաջող տեր-պետրոսյանական փոխաբերությունը ուղղակի պահանջում է նոր գործածում՝ հաշվի առնելով դրա հեղինակի անձը: Եթե դիտարկենք Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությունն այդ փոխաբերության էության տեսանկյունից, ապա կարելի է պնդել, որ նա պարզապես “խորտակվելու” սովորություն ունի: Նա “խորտակվել է” 96-ին, երբ խայտառակ կերպով պարտվեց ընտրություններում: 98-ին, երբ ստիպված էր քաղաքական “հատակ” իջնել ազգային շահերի դավաճանի խարանով: Նա “խորտակված” վիճակում էր գտնվում ուղիղ 10 տարի, ինչից հետո երկու անգամ “խորտակվեց” 2008-ին. սկզբում նախագահական ընտրություններում, իսկ ապա քաղաքապետի ընտրություններում, երբ հերթական քաղաքական մարտը տանուլ տվեց Գագիկ Բեգլարյանին: Թվում է, որ արդեն “խորտակվելու” տեղ էլ չկա, նա արդեն վաղուց “հատակին է”:  

 

Մի խոսքով, ՀԱԿ համամասնական ցուցակի միանձնյա հեղինակն ավելի լավ է հարձակման համար մեկ այլ համեմատություն մտածեր: Այս մեկը բումերանգի շատ ցավալի հարված է հասցնում իր իսկ ճակատին», - ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին