Փաշինյան. «Չլուծված հարցերը պետք է լուծել սառը հանդարտ աշխատանքով» - Mediamax.am

7836 դիտում

Փաշինյան. «Չլուծված հարցերը պետք է լուծել սառը հանդարտ աշխատանքով»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, որոնք ուղղված են նաեւ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը:

«Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, եւ Խծաբերդ ու Հին Թաղեր հատվածի ճակատագիրը ՌԴ խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է»,- ասել է վարչապետը:

 

Խոսելով Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծին գծերի ճշգրտումից՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանների մասին հիշատակում չի եղել, քանի որ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 եւ ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթների ընթացքում պետք է իրականացվի: Հայտարարության իրագործման որեւէ փուլում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են եւ կմնան անձեռնմխելի: Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը հանդարտ աշխատանքով»,- ասել է վարչապետը:

 

Նա նաեւ հավելել է, որ «այս օրերին ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շրջանառության մեջ, որոնց բավական մեծ մասը կառավարվում է արտերկրից, եւ չենք կարող բացառել դրանց առնչությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի եւ Արցախի շուրջ կա որոշակի լարվածություն, բայց դա պետք է կառավարել սառնասիրտ կերպով՝ «մեր ռազմավարական գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով»:

 

«Շատ հաճախ թշնամական եւ հայաստանյան որոշ ուժերի կողմից տարվող քարոզչության դրույթները նույնական են, սա նկատելի է արդեն երկար ամիսներ»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին