Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի Բունդեսթագում Ձախերի կուսակցությունից պատգամավոր Գրեգոր Գիզին Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու կոչ է արել:
Այդ մասին նա ասել է Բունդեսթագում Արցախի թեմայով կայացած քննարկումների ժամանակ:
Գրեգոր Գիզին նաեւ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասին կոչ է արել վերջ տալ չեզոքությանը:
«Ներկա իրավիճակում հնարավոր չէ այլեւս չեզոք մնալ: Հակամարտությունը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու մինչ այս եղած համաձայնությունը Թուրքիան եւ Ադրբեջանը խախտել են: Դուք չեք կարող չեզոք մնալ ո՛չ Հյուսիսային Կիպրոսի, ո՛չ էլ Ղարաբաղի հարցում: Պետք է հստակ դատապարտել եւ նաեւ դադարեցնել գերմանական զենքի մատակարարումը Թուրքիային: Թուրքիան պետք է Մինսկի խմբից հեռացվի, նա այնտեղ այլեւս անելիք չունի»:
«Մի երկիր, որտեղ հայերի նկատմամբ ցեղասպանություն է կատարվել, գոնե միայն էթիկայից ելնելով՝ պիտի Հայաստանի հետ ցանկացած կոնֆլիկտում նվազագույնը չեզոքություն պահպաներ եւ կրկին հայերի սպանությամբ չզբաղվեր», - շեշտել է Գիզին:
Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան առանց կազմակերպությանը տեղեկացնելու պատերազմի մասնակից է դարձել ու ոչ միայն զենք, այլեւ Սիրիայից վարձկաններ է ուղարկում:
«Եթե ՆԱՏՕ-ն սրա դեմ վճռական չգործի՝ իրեն անիմաստ մի կառույց կդարձնի», - նկատել է քաղաքական գործիչը:
Անդրադառնալով Ադրբեջանին՝ նա ասել է, որ հրադադարի բոլոր փորձերը ընդամենը րոպեներ տեւեցին, քանի որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է այս պատերազմը «մինչեւ վերջ» վարելու մասին:
«Նա ուզում է ամբողջ տարածքը ուժով հետ վերադարձնել ի հեճուկս բանակցային սկզբունքների: Սա պետք է խստագույնս դատապարտվի Գերմանիայի կառավարության կողմից: Ադրբեջանը հիմա ձգտում է Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը գրավել: Եթե դա իրականանա՝ Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար դա վերջնական հումանիտար աղետ կլինի», - ասել է Գրեգոր Գիզին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: