Երեւան: Մեդիամաքս: Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանն այսօր ասել է, որ "Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը հակասահմանադրական է եւ կամրագրի իշխանության ռազմական հեղաշրջում կատարելու ձգտումները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Զոյա Թադեւոսյանն ասել է, որ, ընդունելով այս օրինագիծը, “մենք այլեւս գնալու ենք բռնատիրական ճանապարհով”:
ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը, իր հերթին, հորդորել է ոչ մի արտառոց բան չփնտրել այս օրինագծի քննարկման մեջ: Նա նշել է, որ եթե նմանատիպ օրենք լիներ 2008-ին, ապա այսօր շատ հարցեր անպատասխան չէին մնա:
Երեկ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել է “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ օրինագծով ակնկալվում է հստակ նախատեսել արտակարգ դրության հասկացությունը` սահմանելով, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում ՀՀ սահմանադրական կարգին, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ փորձ է արվում բռնությամբ փոփոխել կամ տապալել սահմանադրական կարգը, գրավել կամ յուրացնել իշխանությունը:
Արտակարգ դրություն նախատեսվում է հայտարարել նաեւ զինված խռովությունների, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական ակտերի, հատուկ նշանակության օբյեկտների գրավման կամ շրջափակման, անօրինական զինված կազմավորումների կազմակերպման եւ գործունեության, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունների, մարդկանց կյանքին կամ առողջությանն ուղղակի սպառնացող վտանգի դեպքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: