Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ:
Ներկայացնում ենք հանդիպմանը ՀՀ նախագահի հնչեցրած մտքերից մի քանիսը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական համակարգ
«Այսօր քննարկել՝ նախագահական, թե խորհրդարանական ... Սա ճանապարհից շեղման քննարկում է։ Քննարկումը պետք է լինի ըստ էության, եւ եթե մենք այսօր խորհրդարանական կառավարման համակարգ ունենք, ապա շատ էական է քննարկել, թե ինչպես անենք, որ այդ համակարգը մեր Սահմանադրությամբ եւ նրանից բխող օրենքներով լինի լավագույններից մեկը եւ լինի մերը։ Երբ ասում ենք, որ պետք է գտնենք մեր ազգայինը, մերն ինչ-որ վերացական բան չէ, մեզ առանձնահատուկ ազգ կամ պետություն դարձնելու նպատակ չունի, այլ՝ պարզապես մենք պետք է վերցնենք աշխարհի լավագույն փորձը եւ այն կիրառենք՝ անպայման հաշվի առնելով մեր մշակույթը, պատմությունը, մեր այսօրվա իրականությունը»։
Նախապես դնել քննարկման
«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, նույնիսկ մինչեւ այդ փաստաթուղթը իրավաբանական լեզվով ձեւակերպված լինի: Սահմանադրական փոփոխությունների հանրային ուղեցույցը պետք է լինի հանրային։ Կան տարբեր ճանապարհներ՝ դուք ունեք հանձնաժողով, եւ նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին լսելով, ուղեցույցը ձեւակերպելուց հետո դրեք այն հանրային քննարկման: Գտեք այն ձեւը, որով հանրությունը քննարկի ուղեցույցը։ Չպետք է լինի այնպես, որ Հիմնական օրենքը գրվի, գա հասնի Ազգային ժողով, հետո նոր մտածենք հանրային քննարկման մասին։ Ուղեցույցը նախապես պետք է դրվի քննարկման, որպեսզի շատ հարցերի պատասխանները լինեն, որ մարդիկ իմանան, թե դուք ինչ եք ուզում փոխել»։

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Նախագահի ընտրության հարցը
«Ես փորձում եմ լինել այն նախագահը, որը չեզոք է։ Բոլորդ էլ ուզում եք, որ Հանրապետության նախագահը չլինի կուսակցական, աջ կամ ձախ, վերեւ կամ ներքեւ, այլ՝ լինի մեկը, որը կկարողանա իր լիազորությունները ճիշտ իրականացնել։ Ճգնաժամային իրավիճակներում կամ անհրաժեշտության դեպքում միջնորդ լինելու համար պետք է ուղիղ մեջտեղում լինես։ Սա իրականում շատ դժվար է, եւ ուղիղ ընտրությունը կարող է օգնել այդ գործընթացին։ Միջնորդ լինելու համար շատ հստակ պետք է, որ գոնե հանրության մեծ մասը քեզ չնայի որպես աջի կամ ձախի կողմնակցի, այլ քեզ ընկալի այնպիսին, ինչպիսին դու պետք է լինես կամ այսօր կաս, այսինքն՝ վեր բոլոր քաղաքական գործընթացներից եւ ուղիղ մեջտեղում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: