Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր Մարմինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն անվանելով «հակասահմանադրական, հակաիրավական եւ հակաժողովրդավարական»:
«Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ “Ազգային ժողովի կանոնակարգ” սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որեւէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու եւ ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:
Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջեւ ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլեւ պետականությունը քանդելու հերթական քայլն է:
Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարեւոր խնդիրներից շեղելու եւ իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է:
Մենք, արձանագրելով վերոգրյալը եւ չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին որեւէ ձեւով չմասնակցելու վերաբերյալ:
Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետեւանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման եւ տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաեւ թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում», - ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: