Փաշինյանը Արցախի խնդրի մասին՝ 7 կետ - Mediamax.am

2820 դիտում

Փաշինյանը Արցախի խնդրի մասին՝ 7 կետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում հանգամանորեն խոսել է Արցախի խնդրի մասին:

Ներկայացնում ենք հատվածներ վարչապետի ելույթից:

 

Անվտանգության մարտահրավեր

 

Մեզ համար անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությունն է: Այն շարունակում է մնալ չկարգավորված՝ դառնալով մշտական լարվածության աղբյուր եւ սպառնալով հանգեցնել տարածաշրջանում ռազմական գործողությունների հերթական բռնկմանը:

 

Հակամարտության նախապատմությունը

 

Այս հակամարտությունը տարածքային վեճ չէ, ինչպես ոմանք փորձում են այն ներկայացնել պարզեցված ձեւով: Խոսքն ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների եւ այնտեղ ապրող մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին է:

 

Հակամարտության արմատները սկիզբ են առնում Խորհրդային միության վաղ ժամանակներից, երբ Կոմունիստական կուսակցության կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնվեց հայկական այդ շրջանը, որի բնակչության 95 տոկոսը հայեր էին: Դա տեղի է ունեցավ 1920-ականների սկզբին բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։

 

Բանակցային գործընթացը 

 

Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը սկսվել է դեռեւս 1992 թվականին՝ զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից առաջ: Միջազգային հանրության կողմից հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանեց, որ հակամարտությունն ունի երեք կողմ՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը: Այս փաստը վերահաստատվեց 90-ականների սկզբի բազմաթիվ միջազգային փաստաթղթերով:

 

Իսկապես, երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին՝ որպես բանակցային գործընթացի կողմ: 1990-ականների սկզբին նույնիսկ մի շարք հանդիպումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի առաջնորդների, ինչպես նաեւ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջեւ։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Ցավոք, չնայած տասնամյակներ շարունակ միջազգային միջնորդների գործադրած ջանքերին, ղարաբաղյան հակամարտությունը դեռեւս մնում է չլուծված:

 

Տարօրինակ դիրքորոշում 

 

Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Նրանք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է համարվի Ադրբեջանի անբաժանելի մասը: Բայց դա իսկապես շատ տարօրինակ դիրքորոշում է: Մի կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղը լինի իրենց տարածքային ամբողջականության մաս: Մյուս կողմից, նրանք չեն ցանկանում երկխոսություն վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Սա մի փոքր տարօրինակ չէ՞:

 

Տարածքներ առանց ժողովրդի 

 

Ի՞նչ է նշանակում նրանց այս կեցվածքը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն չեն ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ պարզապես այն պատճառով, որ նրանք սոսկ տարածք են ուզում, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ առանց ժողովրդի: Դա նշանակում է, որ նրանք հույս ունեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, այն է՝ գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքը, անցկացնել էթնիկ զտումներ եւ ազատվել ինչպես հայերից, այնպես էլ ինքնին այդ խնդրից:

 

Շատ պատճառներ կան հավատալու, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի: Սա է պատճառը, որ նրանք հակահայկական տրամադրություններ են բորբոքում իրենց ժողովրդի մեջ: Ահա թե ինչու նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա: 

 

Կոնկրետ քայլեր

 

Չնայած Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, Հայաստանը ձեռնարկում է կոնկրետ քայլեր հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Այդ նպատակով մոտ մեկ տարի առաջ ես հրապարակավ հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար:

 

Ես առաջին հայ առաջնորդն էի, ով բարձրաձայնեց նման դիրքորոշում: Իմ երկրում ինձ խիստ քննադատեցին այդ բանաձեւի համար, որը երեք կողմերին հավասար հիմունքներով է դիտարկում: Այդուամենայնիվ, ես համոզված եմ, որ դա հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորման միակ ճանապարհն է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի եւ հավասարակշռման հնարավորություն։

 

Որպեսզի առաջ շարժվենք, ես նման հայտարարություն եմ ակնկալում նաեւ Ադրբեջանից: Եթե մենք լսենք այդպիսի հայտարարություն նախագահ Ալիեւից, դա իսկական առաջընթաց կլինի բանակցային գործընթացում:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնում են իրենց նախկին դիրքերում՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Դա ինձ լրացուցիչ հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը փայփայում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր եւ չի ցանկանում լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ:

 

Խաղաղ լուծմանն այլընտրանք չկա 

 

Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններին եւ խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա:

 

Նախ եւ առաջ, բացարձակապես անօգուտ է սպառնալիքի լեզվով խոսել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ: Դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Ադրբեջանը ժամանակին փորձել է ուժի լեզվով խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ եւ լուրջ հետեւանքների է բախվել՝ չնայած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հսկայական գերակայությանը ինչպես ազգաբնակչության, այնպես էլ սպառազինության առումով: Իրենց իսկ ռազմական ձախողումների համար վրեժխնդիր լինելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

 

Մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիան աղետալի հետեւանքներ կունենա նույնիսկ գլոբալ տեսանկյունից: Ներգրավվելով ռազմական արկածախնդրությունների մեջ՝ Ադրբեջանը կարող է պարարտ միջավայր ստեղծել այն ահաբեկիչների համար, ովքեր կորցրել են իրենց ազդեցությունը Սիրիայում եւ Իրաքում, եւ այժմ փնտրում են նոր տարածքներ՝ իրենց գործողությունների համար:

 

Աշխարհագրական առումով, Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ՝ տարածաշրջան բոլոր չորս ուղղություններով նրանց ներթափանցման համար՝ հարավից, հյուսիսից, արեւելքից եւ արեւմուտքից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին