Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախատեսվում է ինձ ներգրավել մեղադրյալի կարգավիճակով: Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բաշխվող բնակարանների հատկացման կարգը ենթադրաբար խախտելուն:
Համարում եմ, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը կոպտորեն խախտում է առնվազն բարոյականության եւ բարեվարքության բոլոր կանոնները:
Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Դա չափից ավելի կանխատեսելի էր եւ ակնկալելի: Ակնհայտ է, որ այս գործընթացի հիմնական նպատակն է հերթական հարվածը հասցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ բանակի ղեկավարության վարկանիշին:
Իմ գտնվելու վայրի մասին հանրայնորեն բազմիցս իրազեկել եմ, գործում են իմ էլեկտրոնային փոստը, պաշտոնական էջը եւ բջջային հեռախոսահամարը, որոնք, կարծում եմ, հայտնի են նաեւ «նոր» Հայաստանի իրավապահ մարմիններին:
Քանի որ ինքս այս օրերին ուսումնառության նպատակով գտնվում եմ ԱՄՆ-ում եւ ծրագրի ընդհատումն այս փուլում կհանգեցնի այն ավարտին հասցնելու հնարավորությունը կորցնելուն, լիազորել եմ փաստաբանիս կապվել Հատուկ քննչական ծառայության պատասխանատուների հետ` հետագա գործընթացներում ինձ ներկայացնելու նպատակով:
Շնորհակալ եմ ընկերներիս եւ հարազատներիս անհանգստության համար: Գործընթացի եւ' ձեւը, եւ' բովանդակությունը բազմաթիվ հարցեր են առաջացնում: Ես վրդովված եմ, բայց նաեւ հանգիստ, քանի որ բնակարանների բաշխման պատմությանն ու այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում` բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով եւ չափանիշներով: Ամբողջ ընթացքը եւ վերահսկողությունը իրականացրել է համապատասխան հանձնաժողովը` իր որոշումների առանցքում ունենալով մարտական ուղի անցած զինծառայողների առաջնահերթության սկզբունքը:
Հ. Գ. Զինծառայողների, ինչպես նաեւ զինհաշմանդամների եւ զոհվածների ընտանիքների բնակարանավորման խնդիրները մշտապես եղել են իմ գլխավորած գերատեսչության ուշադրության կենտրոնում, եւ մենք այդ ուղղությամբ իրականացրել ենք հանրությանը հայտնի քայլեր: Մի քանի ամսվա ընթացքում լուծվել է տարիներով հերթագրված 1-ին խմբի զինհաշմանդամների եւ զոհված զինծառայողների անօթեւան ընտանիքների բնակարանավորման խնդիրը, ինչպես նաեւ ներդրվել է զինծառայողների գերմատչելի վարկավորման ծրագիր:
Պատիվ ունեմ»:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկել հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երեւան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար:
Մասնավորապես՝ քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարի 19.03.2013թ. թիվ 287 հրամանով ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքների, բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված ցանկում ներառված տարածքների, որոնք ենթակա չեն սեփականության իրավունքով տրամադրման, անհատույց օգտագործման իրավունքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին տրամադրման հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, որը պետք է ղեկավարվեր ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ, սակայն Երեւան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թվով 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, եւ այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս եւ պետության օրինական շահերին:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների դեպքերով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: