Զոհրաբ Մնացականյան. «Հայաստանը կայունության կղզի է» - Mediamax.am

5381 դիտում

Զոհրաբ Մնացականյան. «Հայաստանը կայունության կղզի է»


Լուսանկարը` http://www.gmfus.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը:

ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի կայքում հրապարակվել է հիմնադրամի ավագ գիտաշխատող Ջոնաթան Կացի հարցազրույցը Զոհրաբ Մնացականյանի հետ, որը կայացել էլ հուլիսի 19-ին Վաշինգտոնում:

 

Ներկայացնում ենք հատվածներ նախարարի պատասխաններից:

 

Հեղափոխության եւ արտաքին քաղաքականության մասին

 

Մեր կարեւորագույն մարտահրավերն էր շատ հստակ պարզաբանել, որ Թավշյա հեղափոխությունը վերաբերում էր միայն Հայաստանին եւ բացառապես մեր ներքին խնդիրն էր: Այն չափազանց կարեւոր զարգացում էր Հայաստանի եւ հայերի համար, որի նպատակն էր ամրապնդել պետական եւ ժողովրդավարական ինստիտուտները՝ հասարակությանը եւ տնտեսությանը, մեր ազգային անվտանգության օրակարգին ավելի լավ ծառայելու համար:

 

Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ զգուշորեն է կառուցված եւ նպատակ ունի ամրապնդել ազգային անվտանգության ճարտարապետությունը մեր խոշորագույն գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ համագործակցելու միջոցով:

 

Մեծ տերությունների եւ Հայաստանի դերի մասին

 

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում շատ լավ համագործակցության օրինակ է: Այս երկրները կարող են անհամաձայնություններ ունենալ տարբեր միջազգային հարցերում, սակայն այս դեպքում մենք գործ ունենք շատ լավ համակարգված համագործակցության հետ:

 

Եթե խոսենք Հայաստանի դերակատարության մասին, ապա մենք հետաքրքրված ենք կայունության եւ լարվածության նվազեցման մեջ: Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը: Երբ կա կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա ձեռնտու է բոլորին: Մենք կարող ենք նպաստել կայունությանը՝ կլանելով այն ոլորտները, որոնցում շահերը կարող են միատեղվել՝ ի նպաստ կայունության:

 

Եվրամիության հետ կապերի մասին

 

Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) փաստացի արդեն գործում է: ԵՄ 28 անդամներից 18-ն արդեն վավերացրել են այն, մնացածը 10 պատրաստվում են դա անել եւ քաղաքական խոչընդոտներ չկան: Իրականում, համաձայնագրի դրույթների 80 տոկոսն արդեն իրագործման փուլում է:

 

2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո մենք Եվրամիության հետ շատ ակտիվ երկխոսություն ենք վարում: Որպես այս գործընթացի մաս մենք ցանկանում ենք տեսնել նաեւ վիզաների ազատականացման երկխոսությունը, որը կբերի համապատասխան համաձայնագրի կնքմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին