Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում ասել է, որ «այս տարին մեր երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվության առումով աննախադեպ է»:
Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:
«Վերջին երկու տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրել. կայացել են շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի այցելություններ՝ ներառելով մեր համագործակցության բոլոր ոլորտները», - ասել է ՀՀ նախագահը` հանդես գալով իր վրացի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Խոսելով հեռանկարային տնտեսական ծրագրերի մասին, Սերժ Սարգսյանն ասել է, որ «գալիք ամիսներին մենք մեկնարկում ենք Հյուսիսհարավ լավագույն չափանիշներով ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, որը, միանալով Վրաստանի տարածքում ՆինոծմինդաԲաթումի վերանորոգվող ավտոճանապարհի հետ, հնարավոր կդարձնի Պարսից ծոցից դեպի Վրաստանի նավահանգիստներ բեռների արագ եւ հարմարավետ տեղափոխումը»:
«Ամեն անգամ գալով Վրաստան՝ համոզվում եմ, որ մենք շատ քիչ ենք շփվում: Իմ ցանկությունն է, որպեսզի գոնե տարին մի քանի անգամ բոլոր մակարդակի ղեկավարները հանդիպեն, որովհետեւ դա անհրաժեշտ է ոչ միայն որոշակի խնդիրներ լուծելու համար, այլեւ երիտասարդ սերնդին ի ցույց դնելու մեր հարաբերությունների բարձր մակարդակը: Մեզ համար երկու-երեք շատ սկզբունքային հարցերում այս տարի մենք առաջընթաց արձանագրեցինք, ինչի համար շատ շնորհակալ եմ թե՛ նախագահին, թե՛ Վրաստանի կառավարությանը», - ասել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության միջեւ սահմանային ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասին:
«Այն կնպաստի մերձսահմանային գյուղերի բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը: Գաղտնիք չէ, որ շատ տեղերում, ինչպես ասում են՝ «իրար մեջ ենք ապրում», եւ խնդիրներ չառաջանալու նպատակով է հենց այսպիսի փաստաթուղթ ստորագրվում», - նկատել է ՀՀ նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: