Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար, ասել է Վիգեն Սարգսյանը - Mediamax.am

6776 դիտում

Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար, ասել է Վիգեն Սարգսյանը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանն ասել է, որ «Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար ու առաջնորդ ու դադարի լինել միայն ճառ ասող ընդդիմադիր գործիչ»։

«Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար ու առաջնորդ ու դադարի լինել միայն ճառ ասող ընդդիմադիր գործիչ։ Նախորդ իշխանությունը տարիներ շարունակ քննադատելուց բացի որեւէ գործնական պարտականություն չկատարած համախոհների բանակից պետք է ձեւավորի երկրի համար պատասխանատվություն կրող գործուն թիմ: Ընդ որում, որպես թիմի ղեկավար նա անմիջականորեն եւ անձամբ պատասխանատու է լինելու այդ թիմի յուրաքանչյուր դերակատարի սխալների, բացթողումների, զանցանքների եւ հանցանքների, անզգույշ արտահայտությունների, ինքնագլուխ հանդիպումների, մարդկային որակների, իրենց ազգականների հաղթած տենդերների եւ բազմաթիվ այլ արածների եւ չարածների համար: Ընդ որում, այդ հարցում նա պարտադրված է լինելու գտնելու նուրբ հավասարակշռություն իր թիմակցին սատար կանգնելու, իսկ մյուս կողմից` ինքն իրեն այդ միջամտության գերի չդարձնելու հարցում», - գրել է Վիգեն Սարգսյանը:

 

«Եկել է լրջանալու եւ պատասխանատվություն ստանձնելու պահը: Որքան էլ հեշտ թվա նախորդներին մեղադրելով եւ դրա շուրջ ցուցադրական միջոցներ ձեռնարկելով միավոր վաստակելը, այն չի լուծելու երկրի զարգացման խնդիրը, ոչ էլ ձեւավորելու է իշխանության նկատմամբ վստահություն հանրության ու միջազգային գործընկերների մոտ: Ավելին` պետությունը վերածելու է անկանխատեսելի անցյալ ու ապագա ունեցող երկրի, որտեղ չեն շտապում ոչ լուրջ ներդրողը, ոչ պոտենցիալ հայրենադարձը։ Հասկանալի է, որ քաղաքական գործիչ Փաշինյանը ժողովրդին սովորեցրել է իր ամենօրյա ուղիղ եթերների գրաֆիկին, բայց դրա ժամանակն անցավ։ Հիմա աշխատելու ու արդյունք գրանցելու ժամանակն է։ Պետք է քայլել առաջ, ստանձնել պատասխանատվություն, լուծել խնդիրներ, ձեւավորել կապեր, պայքարել երկրի տնտեսության համար առանցքային ռազմավարական ապրանքների շահավետ գնագոյացման համար, ամրապնդել երկրի պաշտպանունակությունը», - նշել է պաշտպանության նախկին նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին